«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԳՆԱՑ, ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ

Նորից դեկտեմբեր է եւ կրկին հայ բեմի մեծերից մեկը գնում է (Մհեր Մկրտչյանն էլ գնաց դեկտեմբերին): Այս դեկտեմբերին գնաց Խորեն Աբրահամյանը: Համոզված կարելի է ասելՙ գնաց դեպի անմահություն: Գնաց, երբ կրկին ստեղծագործական պոռթկում էր ապրել (այս էլ որերո՞րդ անգամ): Ինքը փառքի ու սիրո շուտ արժանացավ: Եվ, հասկանալի է, չարակամներ ու նախանձողներ շուտ վաստակեց: Մեր երկրի մշակույթի խելոք ու կիրթ նախարարները նրա կարծիքը հաշվի էին առնում, նրան հարգում էին: Ճարահատյալՙ նրա հետ զգուշավոր հարգանքով էին վերաբերվում նաեւ նրանք, ովքեր մշակույթի ղեկավարի աթոռին էին նստում եւ իրենց «պրոֆեսիոնալ» նախարար անվանում:

Գնաց Խորեն Աբրահամյանը: Բայց ինչպե՞ս գնաց:

Հայերիս մոտ (տո, ինչու միայնՙ հայերիս) մահացած մարդուն իր տնից են հանում: Բայց Խորեն Աբրահամյանին իր տնիցՙ Սունդուկյանի անվան թատրոնից չհանեցին: Անիմաստ է ասելը, որ օպերային թատրոնի շենքը շատ ավելի է հարմար հենց հուղարկավորության համար: Գուցե այդպես է, բայց ոչ այս առումով: Խորեն Աբրահամյանին իր տնիցՙ Սունդուկյանի անվան թատրոնից պետք է տանեին: Ճիշտ է, 10 տարի, ուղիղ 10 տարի նա իր տունը չէր մտնում: Բայց գոնե վերջին օրը այդպիսի բան չլիներ: Մի՞թե խիղճն ու հոգին իսպառ մեռել է, մի՞թե ամենամոլի անաստվածներին տվիք, անցաք ու Ահեղ դատաստանից չեք վախենում: Մարդը 50 տարուց ավելի (հապա մի պատկերացրեքՙ կես դա՜ր) այս թատրոնի ճորտն ու տերն է եղել, այս թատրոնի անվան տերն է, այստեղ է ապրել իր ամենամեծ ուրախությունները, նաեւ այստեղ է դառնացել (ինչու չէ, երբեմն նաեւ դառնացրել մեզ): Բայց իր տունն է եղել չէ՞: Մեզ մոտ արդեն ավանդույթ է դառնո՞ւմ: Հիշում եք, անշուշտ հիշում եք, Երեւանի պետական համալսարանին համալսարանի իրավունք տվողներից մեկն էլՙ Լեւոն Ներսիսյանը, իր տնիցՙ համալսարանից չգնաց:

Մենք իրե՞նց չենք սիրում, թե՞ ինքներս մեզ: Մենք իրե՞նց չենք հարգում, թե՞ ինքներս մեզ: Իհարկեՙ հարցերի երկրորդ մասը:

Մենք Խորեն Աբրահամյանին հարգել-չհարգելու իրավունքը չունենք, իրեն մեծ համարելու ծիծաղելի ճիգեր չպիտի անենք: Ինքն իր մեծությունը հաստատել էր: Մեզ մնում էր միայն հասկանալ այդ մեծությունը եւ անգետ չմնալ: Ընդամեննՙ այսքանը:

Չեմ ուզում պնդել, որ Խորեն Աբրահամյանի մահը պիտի համազգային սգի վերածվեր, բոլոր շոուները, զվարճալիքները արգելվեին, գիշերային բոլոր բարերը փակվեին, ամբողջ երկրով մեկ սեւ դրոշներ կախվեին: Չէ: Ծայրահեղության չհասնենք:

Բայց կարելի՞ էր, չէ՞, Հայաստանի հեռուստաալիքներով պտտվող բոլոր պոռնոֆիլմերի ցուցադրությունը գոնե մեկ, երկու օրով հետաձգել: Չէ, էդպես չեղավ: Այս օրերին էլ դրանք շարունակվեցին: Ավելին, կիրակի օրը ուրախ մի համերգ էր եթեր գնում Հայաստանի հեռուստատեսության առաջին ծրագրով: Նազելի մի հաղորդավար ծեքծեքուն սեթեւեթանքներ էր անում եւ բնավ չհիշեց, որ Խորեն Աբրահամյանի նման մեծ արտիստ է մահացել... Իսկ համերգն անցկացվում էր, ոչ ավել ոչ պակաս, Սունդուկյանի անվան թատրոնում, թատրոն, որտեղ իր կյանքի 50 տարին էր անցկացրել Խորեն Աբրահամյանը: Մի՞թե հնարավոր չէր այդ համերգը երկու-երեք օրով հետաձգել: Հնարավոր էր, եթե դա ցանկանար թատրոնի գեղարվեստական ղեկավարըՙ Վահե Շահվերդյանը: Պարզապես չցանկացավ:

Հեռուստաղեկավարներ, հոգի ունեք, չէ՞, Աստծուն տալու: Թե՞ դա էլ եք արդեն տվելՙ որպես պարտք գույքի դիմաց: Գոնե սեփականաշնորհեիք:

Գնաց Խորեն Աբրահամյանը:

...Անցած տարի էրՙ 2003-ին, կրկին իր հյուրն էի, այս անգամ Նորքի իր տանը: Հարցազրույց ասեմՙ հարցազրույց չէր: Պարզապես զրույց էր: Ամեն ինչի մասին եւ ամեն մեկի մասին խոսեցինք: Այս մեծ մարդու բնույթում ինձ համար անչափ գնահատելի մի գիծ կար. չարությամբ չէր խոսում ոչ մեկի մասին, չէր բամբասում: Դժգոհում էր, նեղվում-նեղսրտվում էր, բայց չարությամբ չէր խոսում ու չէր բամբասում:

«Ցավ է, չէ՞, որ այսօր Դուք ձերՙ Սունդուկյանի անվան թատրոնում չեք», հարցրեցի: Ծխեց, ծխեց, տիկին Գոհարին ասաց. «Այ Գոհար, մի հատ սուրճ բեր» (թեեւ մեր երկուսի սուրճի բաժակներն էլ դեռ կիսով չափ էինք դատարկել), նորից ծխեց ու ասաց. «Սերգո, դու քո տան վեճի, քո տան անհարթության մասին նստում-վեր կենում ու պատմո՞ւմ ես: Եղածը իմն է, իմ տանն է վերաբերում: Խոսենք այն մասին, որ ես պատրաստում եմ «Առաջին սիրո երգը» նորից նկարել»... Ու հետո զրույցը տարավ Օթելլոյի, Կորիոլանի, Գեւորգ Սարոյանի, Համլետի, Օստապ Բենդերի մասին... Ինքը մեծ մարդ էր, որովհետեւ չարություն չկար իր մեջ, իր մեջ եղած չարությունը փոքրացրել, դարձրել էր մի հեչ բան, մի ոչնչություն: Այդպես էր իր երկրային կյանքի վերջին տարիներին: Գոնե ինձ այդպես երեւաց...

«...74 տարեկանում կյանքից հեռացել է Խորեն Աբրահամյանը: Մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է...»: Է, նրան էս օրին հասցնողները սրտամկան հեչ չունե՞ն, թե՞ իրենք իրենց օրորում են այն սին հույսով, որ Խորեն Աբրահամյանից ավելի երկար կհիշվեն:

Խորեն Աբրահամյանը գնաց, բայց մենք մնացինք: Մնացինքՙ այսպես:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4