Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններ սկսելու հարցի առթիվ ԵՄ պետությունները պետք է վերջնական վճիռ կայացնեն դեկտեմբերի 17-ին Բրյուսելի գագաթաժողովում: Դրա նախօրեին ԵՄ գլխավոր երկրներում տիրող տրամադրությունները պարզելու նպատակով Ֆրանսիայի հանրային կարծիքի հետազոտման ինստիտուտը «Ֆիգարո» թերթի պատվերով հարցումներ է անցկացրել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում:
Հարցումների տվյալները վկայում են, որ ֆրանսիացիների 67 տոկոսը եւ գերմանացիների 55 տոկոսը դեմ են Թուրքիայի անդամակցությանը: Մինչդեռ բրիտանացիները (41 տոկոս), իտալացիները (49 տոկոս), իսպանացիները (65 տոկոս) դրականորեն են վերաբերվում անդամակցությանը:
Պարզվում է, որ հանրային կարծիքը չի համընկնում եվրոպացի ղեկավարների դիրքորոշմանը, որոնց մեծ մասը բացահայտորեն կողմ է արտահայտվել Անկարայի հետ քննարկումների ծավալմանը: Բրյուսելում ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիայի առջեւ կանաչ լույս կվառվի, չնայած Կիպրոսը սպառնացել է վետո դնել, եթե Անկարան շարունակի Նիկոսիայի կառավարությունը չճանաչելու գիծը:
«Ֆիգարոյի» տվյալներով, Բրյուսելում ընդունվելիք փաստաթղթում շեշտվելու է ԵՄ-Թուրքիա սերտ կապերի գոյությունըՙ անկախ բանակցությունների արդյունքից: Սակայն դրանց ձախողման դեպքում չի հիշատակվելու «գործընկերության» մասին: Եվրոպացի արտգործնախարարները երեկվանից Բրյուսելում հանդիպումներ են սկսել դեկտեմբերի 17-ի հարցերի վերջնական «կարգավորումներ» գտնելու նպատակով: