Մինչ Ադրբեջանում դեկտեմբերի 12-ին նշում էին երկրի երեք տասնամյակների ղեկավար Հեյդար Ալիեւի մահվան առաջին տարելիցը, նրա որդինՙ Իլհամ Ալիեւը, որն ԱՊՀ տարածքում առաջին ավտորիտար նախագահն է եւ, փաստորեն, գահը ժառանգեց հորից, այցելում է Մեծ Բրիտանիա: Բաքվի ANS հեռուստաընկերության թղթակիցը Լոնդոնից հաղորդում է, որ երեկ Ալիեւը հանդիպել է պաշտպանության քարտուղար Ջեֆրի Հունին: Ըստ թղթակցի, Մեծ Բրիտանիան պատրաստվում է օժանդակել Ադրբեջանին, որպեսզի վերջինս արդիականացնի իր զինուժը: Լոնդոնը խոստացել է Ադրբեջանին տրամադրել տեխնիկական օգնություն, ինչպես նաեւ կազմակերպել մարզումներ:
Նախօրեին Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել էր, որ Լոնդոնում Իլհամ Ալիեւի հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Ղարաբաղի խնդիրը եւ Ադրբեջան-Մեծ Բրիտանիա տնտեսական, քաղաքական հարաբերությունները: Մասնավորապես Ալիեւը, ինչպես նշել է Մամեդովը, իր մտահոգությունն է հայտնելու ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով քննարկումներում Լոնդոնի չեզոք դիրքորոշման, նաեւՙ Քերոլայն Քոքսի Լեռնային Ղարաբաղ հաճախակի այցելությունների առիթով: