Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը չի բացառում Արմեն Սարգսյանի վաղաժամկետ ազատումը
Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը երկրապահներին հորդորեց կանգնել պետության կողքին, «տեր լինել մեր ժողովրդին, երկրին, պետականությանը»: «Պատերազմը դեռ ավարտված չէ», ասաց փոխնախարարը շաբաթ օրը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 6-րդ համագումարի իր ելույթում:
Վերջին շաբաթներին հայկական մամուլը հեղեղված էր ԵԿՄ-ի հավանական պառակտման մասին հոդվածներով: Անգամ խոսակցություն էր գնում, որ կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանն է փոխարինվելու: Սակայն պաշտպանության փոխնախարարը ոչ միայն մնաց նախագահի պաշտոնում, այլեւ առաջադրված միակ թեկնածուն էր եւ վարչության նախագահ ընտրվեց 44 կողմ, 0 դեմ ձայներով: Փոխնախագահներ ընտրվեցին Արա Կետիկյանը, Խաչիկ Մկրտչյանը եւ Մյասնիկ Մալխասյանը:
Միանշանակ դժվար է ասել, թե «Երկրապահի» ներսում ինչ է կատարվում: Այդ պատճառովՙ մեջբերումներ անենք համագումարի ելույթներից եւ մամուլի ասուլիսից: Նախապես նշենք, որ համագումարին չէին եկել «Երկրապահի» հայտնի դեմքերից Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը (նրանք Հայաստանից բացակայում էին), Մուրադ Կիրակոսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Ալբերտ Բազեյանը: Ընդդիմությունից ներկա էին Արամ Զ. Սարգսյանը եւ Սմբատ Այվազյանը:
«Հոկտեմբերի 27-ը ցավ էր հայության համար, բոլոր նրանց, ով իրեն հայ է համարում: Դա թշնամանք էր ոչ թե որեւէ մեկի, այլ մեր երկրի, ժողովրդի նկատմամբ: Թեկուզ 100 տարի էլ հետոՙ դրանց պատվիրատուներն այս ժողովրդի առաջ դատաստան են կրելու», իր ելույթում ասաց գեներալ-լեյտենանտ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ «Երկրապահը» ստեղծվել է 1993 թ. ամռանը ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանումՙ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
ԵԿՄ 6-րդ համագումարի հայտարարության մեջ հոկտեմբերի 27-ը համարվեց «Հայաստանի դեմ ուղղված մեծագույն ոճրագործություն, եւ, անկախ գործին տրված լուծումներից, համոզված ենք, որ ոճրագործների թիկունքում կանգնած ուժերն արժանանալու են ժողովրդի արդար դատաստանին»: Մամուլի ասուլիսում փոխնախարար Գրիգորյանը կրկնեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւում ներսից կամ դրսից մարդիկ կային:
«100 տոկոսով մարդ կար (թիկունքում կանգնած), թե չէ ով է հովանավորում նրա հուշերի տպագրությունը», ասաց Մանվել Գրիգորյանըՙ նկատի ունենալով Նաիրի Հունանյանի «Իմը» ժողովածուի հրատարակումը: «Դա տեռոր էր հայ ազգի հանդեպ, հնարավոր չէ, որ նրանց թիկունքում մարդիկ չլինեին»:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին անհանգստացնում է մեկ բան. «Չեղած տեղը աղմուկ են բարձրացնում, բաժակի մեջ փոթորիկ են անումՙ ասելով «Երկրապահը» չկա, «Երկրապահին» վտանգ է սպառնում, տրոհումներ կան: Դա այդպես չէ: Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ենք խառնվել իրար»: Վարչապետը, որ նաեւ ԵԿՄ անդամ է, իր ելույթում նկատեց. «Մինչեւ անգամ ընկերների, եղբայրների, տան մեջ էլ վեճեր են լինում. ո՞վ ասաց, որ էդ վեճը պետք է դուրս գա, թերթերի բերանն ընկնի, բաքվեցիները, եվրոպացիները եւ ամերիկացիներն ուրախանան մեր տան խնդիրներով»:
Մինչ այդ ելույթ էր ունեցել Վազգեն Սարգսյանի մայրը: Գրետա Սարգսյանի մուտքը դահլիճ անմիջապես բոլոր երկրապահներին ոտքի կանգնեցրեց: «Կրկին ապացուցեցիք, որ մեծամասնությունդ իսկական քաջարի երկրապահներ եք, որովհետեւ վերջին ժամանակներում ձեր մեջ ես նկատել էի նաեւ վախկոտների, ովքեր վախենում են մեր տուն, Սպարապետի թանգարան գալուց, վախենում են ինչ-որ բանից զրկվելուց», ասաց նա:
Գրետա Սարգսյանին վշտացնում է վերջին ժամանակներում շրջանառվող միտքը, թե «երկրապահներն անհաշտ են, «Երկրապահը» պառակտվում է», ինչպես նաեւ հանգամանքը, որ «մեր ոչ լեգիտիմ ղեկավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով եկանք, ո՞ւր հասանքՙ կորցրինք մեր դեմքը, դիրքը, մեր համաշխարհային հարգանքն ու պատիվը, հաղթողի մեր կեցվածքը», հետեւաբարՙ «այս արհավիրքի պահին Երկրապահը պիտի համախմբվի»:
«Ձեր մայրերի անունից բոլորից պարզապես պահանջում եմ, ինչպես նաեւ հրամայում եմՙ իրավունք չունեք պառակտվելու եւ պառակտելու այս հզոր կառույցը: Ո՞վ է ձեզ իրավունք տվել պառակտվելու: Վազգենը կյանք է դրել, ջիղ է դրել, անքուն գիշերներ անցկացրել, որ հիմա դուք մի հարվածով... Կարծում եմ, որ դա չի լինի: Հակառակըՙ ձեզ հրամայում եմ միավորվել, միասնական ուժերով որոշել ինչ անենք, որ օգնենք ժողովրդին», հորդորեց տիկին Գրետան երկրապահներին:
Վազգեն Սարգսյանի եղբայրն այն կարծիքին չէ, որ խնդիրները, որոնք առաջացել են «Երկրապահի» ներսում, չպիտի հստակեցվեն: Արամ Սարգսյանը կարծում է, որ «Երկրապահը» պարտք չունի իշխանություններին: «Սիրելի երկրապահներ, դուք բացարձակ պարտք չունեք իշխանություններին, ավելինՙ իրենք են ձեզ պարտք, որ այսօր իշխանություն են: Դուք բացարձակ պարտք չունեք ընդդիմությանը», ասաց նա: «Դուք բոլորդ Նոր տարուն միասին պիտի գաք մեր տուն, միասին: Մենակ-մենակ չգաք ու իրարից բողոքեք: Կամ միասին եկեք, կամ մի եկեք»:
Համագումարի վերջում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԵԿՄ նախագահը չբացառեց Վազգեն Սարգսյանի եղբորՙ Արմեն Սարգսյանի վաղաժամկետ ազատումը բանտարկությունից, մանավանդ որ ազատության մեջ է նաեւ Սամվել Բաբայանը: Ի դեպ, հայկական մամուլում եւս նման զուգահեռ անցկացնելով են արդարացված համարում Արմեն Սարգսյանին ազատություն տալը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ