«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ մեկնարկեց «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական փառատոնը: Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած այս փառատոնի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակությանը, ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, ստեղծագործական, կատարողական ունակությունների բացահայտմանը, ինքնադրսեւորմանը, հասակակիցների հետ մշակութային կապերի եւ համագործակցության ամրապնդմանը, հարազատ երկրի անցյալի եւ նվաճումների վերաբերյալ իմացության բարձրացմանը:

Նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանի կարծիքով այսօր բազմաթիվ փառատոներ, մրցույթներ են կազմակերպվում, որոնք չեն համապատասխանում ազգային արժեքների ձեւավորված ավանդույթներին, իսկ այս փառատոնի միջոցով նրանք փորձում են նոր կյանք մտնող երիտասարդներին ցույց տալ այն ամենը, ինչի շնորհիվ գոյատեւել է մեր պետությունն ու ժողովուրդը:

Մասնակիցները ՀՀ մարզերի, Երեւանի եւ Արցախի 8-10-րդ դասարանցիներ են, բուհերի ուսանողներ, 16-30 տարեկան երիտասարդներ: Երեկ տեղի ունեցավ կերպարվեստի եւ լուսանկարների ցուցահանդեսների բացումը: Ներկայացված էին մոտ 200 աշխատանքներ: Մշակույթի փոխնախարար Լիլիթ Ասատրյանն ասաց, որ փառատոնի շրջանակներում ներկայացված աշխատանքների թիվը կհասնի 1000-ի: «Շատ կարեւոր է, որ օգնենք երիտասարդ արվեստագետներին` ճանապարհ հարթելու իրենց ստեղծագործական ուղում», ասաց նա:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվելու են նաեւ շարադրության, ազգային եւ հեղինակային երգերի, ինտելեկտուալ խաղի եւ «Հայաստանն իմ հայրենիքն է» թեմայով սոցիալական հոլովակի սցենարի մրցույթներ: Փառատոնի աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 21-ին` ամփոփիչ համերգ-մրցանակաբաշխությամբ: Այդ օրը տեղի կունենա նաեւ ընթացիկ տարում երիտասարդության ոլորտի տարբեր բնագավառներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդների համար խրախուսական մրցանակաբաշխությունը:

Նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանն ասաց, որ փառատոնն ամենամյա է լինելու, հետագայում փորձելու են մեծացնել մասնակիցների թիվը, փառատոնին ներգրավել նաեւ Ջավախքի եւ սփյուռքի մեր հայրենակիցներին:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4