«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո հարցման միջոցով որոշվում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Այս անգամ հարցումն անցկացվեց ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի մամուլի քարտուղարության կողմից: Բացի լրագրողներից, հարցմանը մասնակցել են նաեւ բարձրագույն խմբի 8 ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, մարզչական շտաբները, ինչպես նաեւ բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներն ու տեսուչները: Ընդ որում, ակումբների ներկայացուցիչները իրավունք չունեին լավագույն ֆուտբոլիստների եռյակում նշելու իրենց թիմի խաղացողի թեկնածությունը: Հարցման արդյունքներով հարցաթերթիկում առաջին տեղում նշված ֆուտբոլիստին տրվել է 5 միավոր, երկրորդ տեղինՙ 3, երրորդինՙ 1:

Հարցման արդյունքներով 2004 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երեւանի «Փյունիկի» եւ ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Հարցաթերթիկներում նրա ազգանունը 48 անգամ նշվել է 1-ինը, 13 անգամՙ 2-րդը, 1 անգամՙ 3-րդը: Արդյունքում Էդգար Մանուչարյանը վաստակել է 280 միավոր: Երկրորդը ճանաչվել է «Միկայի» եւ ազգային հավաքականի հարձակվող Արմեն Շահգելդյանը: Նրան ընդհանուր առմամբ ձայն են տվել հարցման 38 մասնակիցներ: 11 անգամ Շահգելդյանի ազգանունը նշվել է 1-ինը, 18 անգամՙ 2-րդը, 9 անգամՙ 3-րդը: «Միկայի» հարձակվողն ընդհանուր առմամբ վաստակել է 118 միավոր: Իր թիմակցից 23 միավորով է հետ մնացել լավագույն եռյակը եզրափակած, «Միկայի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը: Հարցաթերթիկներում նրա ազգանունը 5 անգամ նշվել է 1-ինը, 19 անգամՙ 2-րդ, 13 անգամՙ 3-րդը:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերը 40-ական միավորով բաժանել են «Փյունիկի» հարձակվող եւ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըՙ Գալուստ Պետրոսյանը, եւ դարպասապահ Ապուլա Բետեն: Նրանց հաջորդում են «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանըՙ 19 միավոր, Նշան Էրզրումյանը («Կիլիկիա»)ՙ 9, Կառլ Լոմբեն («Փյունիկ»)ՙ 7, Աղվան Մկրտչյանը («Փյունիկ»), Սամվել Մելքոնյանը («Բանանց»), Հովհաննես Թահմազյանը, Կարեն Նավոյանը («Արարատ»)ՙ 5-ական, Արարատ Առաքելյանը («Բանանց»)ՙ 4, Արարատ Հարությունյանը («Բանանց», «Շիրակ»), Մամադու Դիավարան, Կարեն Ալեքսանյանը (երկուսն էլՙ «Փյունիկ»)ՙ 3-ական, Վարդան Հովհաննիսյանը («Միկա»), Ռաֆայել Նազարյանը («Փյունիկ»), Արտյոմ Եվլանովը («Բանանց»)ՙ 2-ական, Կարեն Սիմոնյանը, Հովհաննես Դեմիրճյանը (երկուսն էլՙ «Բանանց»), Գոռ Միրզախանյանը («Կոտայք»), Վահե Թադեւոսյանը, Նենադ Ռադաջան (երկուսն էլՙ «Արարատ»), Լեւոն Փաչաջյանը («Փյունիկ»)ՙ 1-ական:

17-ամյա Էդգար Մանուչարյանը իրեն հիանալի դրսեւորեց ընթացիկ մրցաշրջանումՙ արդյունավետ խաղով աչքի ընկնելով թե՛ պատանեկան հավաքականներում, թե՛ «Փյունիկում»: Նա 21 գնդակով Գալուստ Պետրոսյանի հետ ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Այս տարի Էդգարը իր նորամուտը նշեց նաեւ ազգային հավաքականում:

Մրցաշրջանն, անշուշտ, հաջող էր փորձառու Արմեն Շահգելդյանի համար: 31-ամյա ֆուտբոլիստը 1-ամյա ընդմիջումից հետո կրկին հանդես գալով Հայաստանի առաջնությունում, իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ կրկին հրավիրվեց ազգային հավաքականՙ բացելով հավաքականի գոլերի թիվն ընտրական մրցաշարում: «Միկայում» էլ Արմենը աչքի ընկավ արդյունավետ եւ գրագետ խաղովՙ դառնալով 12 գոլի հեղինակ:

«Միկայի» երիտասարդ կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանի համար անկասկած ընթացիկ մրցաշրջանը նրա ֆուտբոլային կենսագրությունում լավագույնն է: Դավիթն էլ իր փորձառու թիմակցի նման «Միկայում» աչքի ընկավ արդյունավետ խաղովՙ իր օգտին գրանցելով 11 գնդակ: Բնական է, որ նրա խաղը գրավեց հավաքականի մարզիչների ուշադրությունը եւ Գրիգորյանը բավական հաջող ելույթներ ունեցավ նաեւ ազգային հավաքականում:

«Ազգի» մարզական բաժնի կողմից շնորհավորում ենք մրցաշրջան-2004-ի դափնեկիրներին, որոնց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը: Հետաքրքրական է, որ լրատվամիջոցներից լավագույն եռյակը ճշտությամբ գուշակել են «Ազգի» եւ «Ֆուտբոլ ռեւյուի» թղթակիցները: Գլխավոր մարզիչներից ճիշտ է գուշակել «Արարատի» մարզիչ Սեւադա Արզումանյանը, իսկ մրցավարներիցՙ Սուրեն Կարապետյանը:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները

1992 թ.Սարգիս ՀովսեփյանՀՄԸՄ
1993 թ.Արմեն Շահգելդյան«Արարատ»
1994 թ.Արսեն ԱվետիսյանՀՄԸՄ
1995 թ.Սարգիս Հովսեփյան«Փյունիկ»
1996 թ.Արթուր Պետրոսյան«Շիրակ»
1997 թ.Հարություն Վարդանյան«Շիրակ»
1998 թ.Արթուր Ոսկանյան«Ցեմենտ»
1999 թ.Հարություն Աբրահամյան«Արարատ»
2000 թ.Արթուր Պետրոսյան«Շիրակ»
2001 թ.Վարդան Մինասյան«Փյունիկ»
2002 թ.Արման Քարամյան«Փյունիկ»
2003 թ.Արա Հակոբյան«Բանանց»
2004 թ.Էդգար Մանուչարյան«Փյունիկ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4