Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում Կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 3,75, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 16, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս:
***
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է նոյեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ձեւավորված մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների մասին.
Մակրոտնտեսական իրավիճակը Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, նոյեմբերի 10-20-ը գրանցվել է 0.9% գնաճ:
Նոյեմբերի 12-25-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են մոտ 1 մլրդ 19 մլն դրամ:
Դրամավարկային քաղաքականություն Այդ ժամանակահատվածում փողի բազան նվազել է 4 մլրդ 403 մլն դրամովՙ կազմելով 112 մլրդ 975 մլն դրամ: Փողի բազայի նվազումն ուղեկցվել է ԶԱԱ-ի 1 մլրդ 135 մլն դրամ աճով եւ ԶՆԱ-ի 5 մլրդ 538 մլն դրամ նվազումով:
ԶԱԱ-ի աճը պայմանավորված է եղել ՀՀ ԿԲ կողմից արտարժույթի շուկայից 1 մլրդ 508 մլն դրամին համարժեք արտարժույթի ձեռքբերմամբ: Վերջինիս զուգահեռ նվազել են այլ ակտիվներըՙ 357 մլն դրամով, ինչպես նաեւ վճարվել է անդամակցության գումարՙ 16 մլն դրամ գումարի չափով:
ԶՆԱ-ի նվազումը պայմանավորված է եղել կառավարության պարտավորությունների նվազմամբ, որը կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 3 մլրդ 585 մլն դրամ կուտակման, 1 մլրդ 691 մլն դրամ կառավարության դեպոզիտների եւ ՀՀ ԿԲ արժեթղթերի պորտֆելի 689 մլն դրամ գումարի չափով աճի արդյունք է: Այս ընթացքում բանկերի պարտավորությունները նվազել են 1 մլրդ 772 մլն դրամովՙ ի հաշիվ ռեպո գործառնության եւ արժութային սվոփի մարման, իսկ զուտ այլ ակտիվներն աճել են 824 մլն դրամովՙ դարձյալ հիմնականում ի հաշիվ արժութային սվոփի մարման:
Նոյեմբերի 19-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) նվազել է 2 մլրդ 52 մլն դրամով եւ կազմել 259 մլրդ 262 մլն դրամ: Շրջանառության մեջ եղած կանխիկը նվազել է 3 մլրդ 739 մլն դրամով, իսկ ավանդներն աճել են 1 մլրդ 688 մլն դրամով: Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 47 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 328 մլն դրամով: Ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 245 մլն դրամով եւ կազմել 62 մլրդ 529 մլն դրամ: Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 2 մլրդ 806 մլն դրամով եւ նոյեմբերի 19-ին կազմել 127 մլրդ 173 մլն դրամ:
Ֆինանսական շուկայի միտումները Հաշվետու ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 22,002 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 16,615 մլն դրամ:
Նշված ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները:
Ներքին արժութային շուկա ԿԲ կողմից գնվել է մոտ 3 մլն 203 հազ. ԱՄՆ դոլարՙ 502.39 դրամ փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 94 մլն ԱՄՆ դոլար, որից 48 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 46 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 501.27 եւ 503.13 դրամ միջին կշռված փոխարժեքներով:
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 0.47%-ովՙ 503.47 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 501.11 դրամի:
ՊՊ առաջնային շուկա Տեղի է ունեցել ՊՊ-երի 2 թողարկում, տեղաբաշխվել են 60-ամսյա եւ 5-շաբաթյա պարտատոմսերՙ 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին շաբաթվա ընթացքում թողարկվել է 60-ամսյա պարտատոմսՙ 2 մլրդ դրամ ծավալով, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 4 մլրդ 607 մլն դրամ (230.33%)ՙ արդյունքում ձեւավորելով 7.13% միջին կշռված եկամտաբերություն: Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5-շաբաթյա պարտատոմսՙ 1 մլրդ դրամ ծավալով, որի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 727 մլն դրամ (172.74%) եւ ձեւավորվել է 3.98% եկամտաբերություն:
ՊՊ երկրորդային շուկա Իրականացվել է 1 մլրդ 655 մլն դրամի գործարքՙ 6.10% միջին կշռված եկամտաբերությամբ: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 93 մլն դրամի գործարքՙ 6.42%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 562 մլն դրամի գործարքՙ 5.48%-ով:
Միջբանկային ռեպո գործառնություններ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 5 մլրդ 176 մլն դրամՙ 4.03% միջին կշռված տոկոսադրույքով: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 3 մլրդ 616 մլն դրամ ծավալով գործարքՙ 4.04%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 560 մլն դրամ ծավալով գործարքՙ 4.02%-ով:
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի առավելագույն ցուցանիշը կկազմի 117 մլրդ 573 մլն դրամ:
Ըստ ծրագրավորման, երկշաբաթում կիրականացվի արտաքին պարտքի տոկոսագումարի եւ անդամակցության գումարի վճարումՙ համապատասխանաբար 239 մլն եւ 319 մլն դրամ գումարների չափով, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից արտարժույթի շուկայից նվազագույնը 3 մլրդ դրամին համարժեք արտարժույթի ձեռքբերում: Այլ ակտիվները կաճեն 468 մլն դրամով: Վերոհիշյալ հոսքերը կհանգեցնեն ԶԱԱ-ի ցուցանիշի 2 մլրդ 910 մլն դրամի աճին:
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը, ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային հարցերի հանձնաժողովի տվյալների, կաճի 1 մլրդ 156 մլն դրամովՙ պայմանավորված կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 1 մլրդ 655 մլն դրամ գումարի ծախսմամբ, ինչպես նաեւ կառավարության դեպոզիտների 499 մլն դրամ գումարի չափով ավելացմամբ: Նախատեսվում է նվազագույնը 1 մլրդ դրամի դրամային գործառնությունների իրականացում, որի արդյունքում բանկերի պարտավորությունները կաճեն 1 մլրդ դրամով եւ կկազմեն 12 մլրդ 700 մլն դրամ: 468 մլն դրամով կնվազեն զուտ այլ ակտիվները: Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 1 մլրդ 688 մլն դրամի աճին:
Այսպիսով, նկատի ունենալով ավտոնոմ հոսքերի գնահատականները, երկշաբաթյա ժամանակահատվածում ԿԲ-ն կիրականացնի մոտ 4 մլրդ դրամի իրացվելիության ներարկում` փողի բազայի ցուցանիշըՙ 117,573 մլն դրամն ապահովելու նպատակով: Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ բանկերից ներգրավված ավանդների համար 1%, ռեպո համաձայնագրերի համարՙ 3.75%, լոմբարդային վարկերի համարՙ 16%:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն