«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ԵՌՕՐՅԱ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴՈԼԱՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է

Ամբողջ աշխարհում վառելիքի գներն իջնում են, Հայաստանումՙ ոչ

Երեք օր շարունակվող արժեւորումից հետո երեկ ամերիկյան դոլարը կրկին արժեզրկվեց եվրոյի, ճապոնական իենի նկատմամբ: Եթե ուրբաթ օրը 1 եվրոյի դիմաց վճարում էին 1.3195 դոլար, ապա երեկ, ըստ Ռոյթերի, դոլարը արժեզրկվեց 0,3 տոկոսով, կազմելով 1,3258:

Հայաստանի ֆինանսական շուկան անմիջապես արձագանքեց դրան: Եթե հանգստյան օրերին 1 դոլարի դիմաց վճարում էին մինչեւ 485 դրամ, ապա երեկ երեկոյան, լավագույն դեպքումՙ 482 դրամ, վաճառումՙ 488-ով: Ի տարբերություն դրամ-դոլար առք ու վաճառքի «լայն» մարժայի, դրամ-եվրո եւ դրամ-ռուբլի առք ու վաճառքի տարբերությունը Երեւանի փոխանակման կետերում տրամաբանության սահմաններում է: Երեկ երեկոյան 1 եվրոն գնվում էր 637, վաճառվում 640 դրամով, ռուսական 1 ռուբլին համապատասխանաբարՙ 16,9 եւ 17,0:

Երեկ իջել են նաեւ նավթի գները համաշխարհային շուկայում: Այսպես, բրենթ տեսակի վառելիքի մեկ տակառն արժեր մոտ 37 դոլար: Վերջին մի քանի ամիսներին նավթի գներն անշեղորեն աճում էինՙ հասնելով 55 դոլարի: Չնայած վերջին շաբաթների կտրուկ անկմանը, Հայաստանի շուկայում գների նվազում բացարձակապես չի եղել: Սովորաբար, վառելիք ներկրող ընկերությունները արդարանում են, որ մեծ քանակությամբ «սեւ ոսկի» են ներկրել ամենաթանկ գներով եւ իրացնելուց հետո է միայն հնարավոր գների իջեցում: Նման բացատրությունն անընդունելի է ազատ շուկայի համար: Հայտնի է, որ Հայաստանի վառելիքի շուկան բոլորովին էլ ազատ չէ եւ միայն «ընտրյալները» կարող են ներգրավվել գերշահույթ ապահովող այդ ոլորտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4