«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2004-12-16 | #227, 2004-12-17 | #228, 2004-12-18


ԽԱՇԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԻՋԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՋԵՐՄԱՑՄԱՆԸ

Երեկ Խորենացու փողոցի վրա գտնվող «Անահիտ» ռեստորանում խաշակերության յուրօրինակ շնորհանդես էր Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսի համարՙ Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակից Անատոլի Դրյուկովի հրավերով նա առաջին անգամ էր ճաշակում հայկական ձմեռային այս ճաշատեսակը: Խաշակերությանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը, որն, ինչպես իր ռուս պաշտոնակիցը, վարպետի խորհուրդներ էր տալիս պրն Էվանսինՙ խաշ ուտելու նրբությունների մասին: Դատելով զվարթ խոսակցությունից, դեսպանները, իրոք, հաճույք էին ստանում եւ վայելում հայկական ավանդական կերակուրը: Ըստ երեւույթին կանխավ շնորհավորելով միմյանց գալիք Ամանորը:

Մեզ հայտնի դարձավ, ինչպես կարելի էր ենթադրել, որ հանդիպումը պաշտոնական չէր, եւ խոսակցության հիմնական թեման վերաբերում էր դեսպանների եւ իրենց ընտանիքների ամանորյա արձակուրդների ծրագրերին: Այսուհանդերձ, խոսակցության ընթացքում արծարծվել է նաեւ դեսպանների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմանՙ բարգավաճ Հայաստանի ու խաղաղ եւ կայուն տարածաշրջանի կայացումը:

Նկատի ունենալով այս խաշկերույթի դրական օրինակը, թերեւս կարելի է միջազգային դիվանագիտական շրջանակներին առաջարկել բարդ իրավիճակներում դիմելու մեր հզոր խաշի բարերար ներգործությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4