«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2004-12-16 | #227, 2004-12-17 | #228, 2004-12-18


ԵՄ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Մոռանալով այն պարտավորությունները, որոնց կատարումը բանակցությունների սկզբնավորման պայմանն էր

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Աշխարհի առաջնակարգ հեռուստաընկերությունները, լրատվական գործակալություններն ու կենտրոնական թերթերն իրենց ուշադրությունը բեւեռել են Բրյուսելում հրավիրված Եվրոմիության գագաթաժողովին, որտեղ վճռվում էր Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորման հարցը:

Գագաթաժողովի ընթացքին հնարավորությունների սահմաններում փորձել է հետեւել նաեւ «Ազգը»: Մինչ ԵՄ-ի գագաթաժողովի որոշմանն անդրադառնալը նշենք, որ դա 2-օրյա էր, որոշման մոտավոր պատկերը դեռեւս ուրվագծվել էր դեկտեմբերի 16-ին, աշխատանքային ճաշկերույթի ընթացքում: Դրան, ինչ խոսք, մասնակցում էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանըՙ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ուղեկցությամբ:

Ճաշկերույթի սեղանի շուրջ կազմակերպված հանդիպումից առաջ Թուրքիայի վարչապետը մի շարք առանձնազրույցներ էր ունեցել պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի վարչապետների հետ: Հանդիպմանը Թոնի Բլերն Էրդողանին հորդորել էր ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, դրան էր հետեւել Կիպրոսի նախագահ Թասոս Պապադոպուլոսի եւ Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի ճանաչման պահանջը:

Վարչապետ Էրդողանը կտրականապես մերժել էր հունական կողմինՙ թերեւս դրանով էլ լարված բնույթ հաղորդել հանդիպմանը: Կիպրոսի Հանրապետությունը ճանաչելու հարցում հունական կողմին Ավստրիայի վարչապետ Շյուսելի հետ պաշտպանել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ավելինՙ նա Դանիայի, Սլովակիայի եւ Ավստրիայի ղեկավարների աջակցությամբ ԵՄ-ում Թուրքիայի համար առաջարկել էր «առանձնահատուկ գործընկերության» կարգավիճակ, որն իր մակարդակով զիջում է լիարժեք անդամի կարգավիճակին:

Ըստ երեւույթին Էրդողանը համառորեն մերժել է նաեւ այս կարգավիճակը, որ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կողմերի միջեւ հաշտեցման եզրեր գտնելու նախաձեռնություն է հանդես բերել: Նա, ընդգծելով Ֆրանսիայի ու Ավստրիայի կոշտ եւ բացասական դիրքորոշումը, հույս է հայտնել, որ Անկարան պաշտոնապես կճանաչի Կիպրոսի Հանրապետությունը: Այդ ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ԵՄ-ին առաջարկել է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսել 2005 թ. հոկտեմբերի 3-ին:

Առաջարկն ընդունել են գագաթաժողովի մասնակիցները: Այդ մասին հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է ԵՄ-ի նախագահող երկիր Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն:

Նա ասել է, որ ԵՄ-ի գագաթաժողովը որոշում է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսել: Սակայն բանակցությունների արդյունքը չի երաշխավորվում, իսկ անդամ երկրների պահանջով դրանք ընդհատվում են եւ թուրքական աշխատուժի ազատ տեղաշարժը կանխվում է մշտական սահմանափակումներով:

Բանակցությունների արդյունքի, դրանց ընդհատման եւ սահմանափակումների մասին գագաթաժողովի հետեւությունները նմանապես անընդունելի էին Թուրքիայի համար, սակայն բուռն հակազդեցություն առաջ է բերել Կիպրոսի Հանրապետության ճանաչման հետեւությունը: Սա նշանակում է, որ ԵՄ-ը Թուրքիայի պարտավորություններից առաջնահերթ նշանակություն է տալիս Կիպրոսի ճանաչմանը, քանի որ 2005 թ. հոկտեմբերի 3-ը դառնում է դրա վերջնաժամկետը, ուստի այդ պարտավորությունը վերածվում է բանակցությունների սկզբնավորման նախապայմանի: Ինչ վերաբերում է մյուս պարտավորություններին, ապա դրանց կատարումը ենթադրվում է բանակցային գործընթացում:

Թերեւս նախապայմանի հանգամանքն էր, որ ստիպել էր Էրդողանին հանդիպման խնդրանքով դիմել Կարամանլիսին, բայցՙ ապարդյուն: Գագաթաժողովի երկրորդ օրը նա նույն հարցով հանդիպել է նաեւ Բալկենենդեինՙ սպառնալով նրան, թե վերադառնում է Անկարա: Այնուհետեւ գումարվել է ԵՄ-ի գագաթաժողովի առավոտյան նիստը, որի ավարտին մասնակիցներին է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը, իսկ ցերեկվա նիստում մասնակիցները բուռն քննարկումներից հետո վերջնական որոշում են ընդունել:

Ըստ որոշման, ԵՄ-ը Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ է սկսում 2005 թ. հոկտեմբերի 3-ին, վերջնակետն անդամակցությունն է, դրանք կարող են ընդհատվել, թուրքական աշխատուժի տեղաշարժն անհրաժեշտության դեպքում ենթարկվում է սահմանափակումների, եւ վերջապես Թուրքիան Կիպրոսի Հանրապետության առնչությամբ բանավոր երաշխիք է տալիս, ինչի մասին արձանագրվում է որոշման տեքստում:

Այլ կերպ, ԵՄ-ի գագաթաժողովի վերջնական որոշումն այնուամենայնիվ տարբերվում է որոշման նախագծից, որի մասին նախորդ օրվա մամուլի ասուլիսում տեղեկացրել էր Հոլանդիայի վարչապետը: Որքան էլ Էրդողանը շարունակի հակաճառել, որոշման վերջնական տեքստում կատարված փոփոխություններն ի նպաստ Թուրքիայի են, մանավանդ որ գագաթաժողովը նրան տալիս է անդամակցելու հնարավորություն մի կառույցի, որի անդամին նաՙ ի դեմս Կիպրոսի Հանրապետության, հրաժարվում է ճանաչել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4