Կառավարությունն առայժմ չի որոշել, թե ով պետք է զբաղվի գազի ներտնային ցանցի անվտանգությամբ
«Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության թիվ 1 խնդիրը համարեց գազամատակարարման անվտանգությունը: Վերջին 10 օրում երկու դժբախտ դեպքեր եղան, որոնք խիստ մտահոգիչ են: Միաժամանակ նա նշեց, որ մինչեւ գազահաշվիչները համակարգն ավելի անվտանգ է, քան եղել է Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս գազատար խողովակներն անցնում են ոչ թե նկուղներով, այլՙ վերգետնյա, որն ավելի անվտանգ է, չնայած անընդունելի է գեղագիտական տեսանկյունից: «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենը հայտնեց, որ 1999 թ.-ից տեղի են ունեցել 37 դժբախտ դեպքեր, որոնցից 32-ը գազի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Մասնավորապես բազմաթիվ են վառարանների օգտագործման կանոնները չպահպանելու եւ ինքնաշեն վառարանների օգտագործման դեպքերը: Կարեն Կարապետյանը դարձյալ կոչ արեց հնարավորինս զգույշ վարվել գազի հետ եւ ավելացրեց, որ ներտնային ցանցի անվտանգության հարցն ընկերությունը բարձրացրել է կառավարության առջեւ: Նա սխալ համարեց այն սկզբունքը, ըստ որի ընկերությունը միաժամանակ պետք է մատակարարի գազը եւ վերահսկի անվտանգությունը տներում: «Ազգի» հարցին, թե կոնկրետ ո՞ր օղակի առջեւ է բարձրացվել այդ հարցը, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ անվտանգության խնդիրը բարձրացվել է կառավարությունում, որտեղ որոշվել է այդ հարցը վերապահել լեռպետհսկողությանը: Սակայն վերջերս պարզվել է, որ այս կառույցը նույնպես չի զբաղվելու այդ տվյալ հարցով: Հետեւաբար, կարող ենք փաստել, որ անմիջականորեն մարդկանց կյանքի անվտանգության հետ կապված այս հարցը շարունակում է մնալ առկախ:
Կարեն Կարապետյանն առավել հանգամանորեն անդրադարձավ ընկերության գործունեության ցուցանիշներին եւ գազաֆիկացման ծրագրերին: Նա նշեց, որ այս տարի Հայաստան ներկրվող գազի ծավալները կհասնեն 1 մլրդ 330 մլն խմ-ի: Նախորդ տարվա համեմատ գազի սպառման ծավալներն ավելացել են 17,4 տոկոսով: Վարձավճարների հավաքման ցուցանիշը գերազանցում է 100 տոկոսը: Անցնող տարվա ընթացքում ներդրվել է 8 մլրդ դրամ, որից 6,8 մլրդ դրամըՙ գազամատակարարման վերականգնման նպատակով: Ինչ վերաբերում է գազաֆիկացման ծավալներին, ապա «Հայռուսգազարդի» ղեկավարը հետեւյալ պատկերը ներկայացրեցՙ 2001 թ. գազաֆիկացվել է 11,5 հազար բաժանորդ, 2002 թ.ՙ 20 հազար, 2003 թ.ՙ 54 հազար, 2004 թ.ՙ մոտ 80 հազար: Միայն այս տարվա նոյեմբեր ամսին գազ են ստացել ավելի շատ բաժանորդներ, քան 2001թ. ամբողջ տարվա ընթացքում, իսկ դեկտեմբերին գազ կունենան ավելի շատ բաժանորդներ, քան եղել են ամբողջ 2002 թ.-ի ընթացքում: Ընդհանուր առմամբ, գազամատակարարում ստանալու հնարավորություն ունեցող բաժանորդների թիվը 367 հազար է, որից փաստացի բաժանորդ են 268 հազարը: Խորհրդային Միության տարիներին Հայաստանում գազամատակարարում են ունեցել 485 հազար բաժանորդներ: Խնդիր է դրված մինչեւ 2008 թ. ավարտել գազաֆիկացումը, բայց Կարեն Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ դա կարվի ավելի շուտ: Նա տեղեկացրեց, որ գազաֆիկացումը «Հայռուսգազարդը» իրականացնում է սեփական միջոցներով, իսկ 2005 թ.-ին, այդ, ինչպես նաեւ Աբովյանի գազապահեստարանների ընդլայնման համար վարկեր են վերցնելու: Գազապահեստարանների ընդլայնման ծրագիրը Կարեն Կարապետյանը երկրի էներգետիկ անվտանգության առումով համարժեք համարեց Իրան-Հայաստան գազամուղին:
Հարցերի հաջորդ խումբը վերաբերում էր գազի սակագնի հնարավոր փոփոխմանը: Ասելով, որ առայժմ սակագնի բարձրացում չի նախատեսվում, գլխավոր տնօրենը միաժամանակ նշեց, որ «Հայռուսգազարդը» գազի սակագնի ինքնանպատակ բարձրացման խնդիր չի դնում: Պարզապես ընկերությունը պետք է ունենա տրամաբանական բիզնես: Նախկին սակագնով շահութաբեր գործունեություն ապահովելու համար գազի ներկրման ծավալները պետք է հասնեին 1,6 մլրդ խմ-ի: Այդ դեպքում շահութաբերությունը կկազմեր ընդամենը 1,2 տոկոս: Շահութաբերության բարձրացման երկու ճանապարհ նշվեցՙ գազաֆիկացման ծավալների ընդլայնում եւ սակագնի բարձրացում: «Հայռուսգազարդը» ներկայումս նախընտրում է առաջին ճանապարհը, ընդ որում, աշխարհում աննախադեպ ծավալներով:
Այդուհանդերձ, ներկայումս աշխարհում կա գազի սակագների բարձրացման միտում, ինչը Կարեն Կարապետյանը բացատրեց դրա էժան եւ վերջացող ռեսուրս լինելու հանգամանքներով: Հայաստանի դեպքում այս հանգամանքներին գումարվում է 7 երկրների տարածքներով անցնելու գործոնը, որի տարանցման վճարների էժանացման միտում նույնպես չկա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ