ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարեւորել է Պրահայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները: «Դրանք մեծ նշանակություն ունեին, որովհետեւ հանգեցրել էին նրան, որ կողմերը կանգնած էին ընտրության առջեւ», ասել է Մերզլյակովը, նկատի ունենալով Աստանայում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները:
Աստանայից հետո նախագահները պետք է տնային վերլուծություններ անցկացնեին եւ որոշեին, թե ընդունելի՞ են արդյոք այն առաջարկները, որոնք պատրաստել էին Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ: Ադրբեջանն, ասել է Մերզլյակովը, սակայն ձեռնարկեց ՄԱԿ-ում ղարաբաղյան հարցի քննարկումը, ինչը ստեղծեց բարդ իրավիճակ, որը հաջողվել է շտկել:
«Թեեւ այս ամենը կողմերին մի քանի ամսով հետ է գցել, բայց մեզ հաջողվել է տարին ավարտել առանց տարակարծությունների եւ նորՙ 2005 թ. մենք սկսում ենք նոր հանդիպումով, որը նույնպես կկայանա Պրահայում», ասել է Մերզլյակովը եւ կարծիք հայտնել, որ «գալիք տարին կարող է որոշակի դրական արդյունքների հանգեցնել վերջնական համաձայնագրի ճանապարհին»: