«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ՄԻԱՅՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՆՔ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ»

Ղարաբաղյան կարգավորման Ռուսաստանի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» երեկվա համարում մի հոդված է հեղինակել, որում գրում է, որ այսօր հակամարտության կողմերի դիրքորոշումներում տարակարծությունները շատ ավելի են, քան Հեյդար Ալիեւի ժամանակ: «Նա (հայր Ալիեւը) պահանջում էր միայն ազատել Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները, որոնք գրավել էին հայերը, մինչդեռ Իլհամ Ալիեւը այդ անկլավը (Ղարաբաղը) արդեն թվարկում է զավթած տարածքների շարքում», գրում է նա:

Կազիմիրովը հիշեցնում է, որ 2004 թ. տեղի է ունեցել հայ-ադրբեջանական 9 հանդիպում, երեքըՙ նախագահների մակարդակով (այստեղ պաշտոնաթող դիվանագետը սխալ է թույլ տվել. Քոչարյան-Ալիեւ երեք հանդիպումներից առաջինը տեղի է ունեցել 2003 թ. դեկտեմբերին, Ժնեւում- խմբ.), վեցըՙ արտգործնախարարների, սակայն գործնականում առաջընթաց չկա, իսկ բանակցությունների միջեւ ընկած ժամանակահատվածում «սառը պատերազմ» է ընթանում կողմերի միջեւ:

Ռուս դիվանագետն իր հոդվածում ակնարկում է, որ Բաքվիՙ ղարաբաղյան խնդրի լուծումը այլ ատյաններ տեղափոխելն ու փորձերը առաջընթաց չեն արձանագրի: «Միամտություն կլինի սպասել, որ կողմերը, չկատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները, հանկարծ հաշվի կառնեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կամ ԵԽ ԽՎ-ի հանձնարարականները», գրում է Կազիմիրովը եւ հիշեցնում, որ ԵԽ ԽՎ զեկույցը, որը պատրաստել են Թերի Դեւիսն ու Դեւիդ Աթկինսոնը, լի է անճշտություններով, փաստերի աղավաղումներով:

Կազիմիրովը հոդվածի վերջում նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է հակամարտության բոլոր կողմերից ավելի կոշտ պահանջեն ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների կատարումը եւ «լուրջ բանակցությունների վերսկսումը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4