Ադրբեջանի կառավարությունում ծնունդով նախիջեւանցի եւ հայաստանցի նախարարները փաստորեն միմյանց դեմ պատերազմ են հայտարարել, ընդ որում այդ պատերազմն առաջվա նման քողարկված չէ լայն հասարակությունից, երեկվա համարում «Նեզավիսիմայա գազետայում» գրում է Բաքվի «Զերկալո» թերթի թղթակիցըՙ «Իլհամ Ալիեւը նախարարների վտանգավոր պատերազմ սադրեց» հոդվածում:
Հոդվածում նախ հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանական վերնախավը գտնվում է երկու կլաններիՙ «նախիջեւանցիների» եւ «հայաստանցիների» ձեռքում: Մասնավորապես օրերս, 2005 թ. բյուջեի քննարկումների ժամանակ, միմյանց հետ հաշիվներ են մաքրել նախիջեւանցի Ալի Նագիեւը (աշխատանքի եւ սոցապ նախարար) եւ Միսիր Մարդանովը (կրթության նախարար): Ավելի վաղ, հիշեցնում է «Նեզավիսիմայան», բախվել էին «հայաստանցի» Ֆարհադ Ալիեւը (տնտեսական զարգացման նախարար) եւ նախիջեւանցի Քամալեդդին Հեյդարովը (մաքսային կոմիտեի նախագահ):
Հայաստանցիների եւ նախիջեւանցիների միջեւ հակասություններն ու հաշիվ մաքրելու դեպքեր եղել են նաեւ Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, սակայն «հայր Ալիեւը, որը արմատներով Հայաստանից էր, ծնվել էր Նախիջեւանում», կարողանում էր միջկլանային պայքարում անհրաժեշտության դեպքում հանդես գալ որպես երրորդ կողմՙ դատավոր: Թերթը նկատում է, որ երկու կլաններն էլ Հեյդար Ալիեւին համարում էին իրենցը: «Ալիեւ կրտսերը հոր ճկունությունը չունի», գրում է թերթը:
Թղթակիցը նկատում է, որ «հայաստանցիների» դիրքերը այնքան էլ ամուր չեն թվում: Որպես այս կլանի առաջնորդներ նշվում են առողջապահության նախարար Ալի Ինսանովը եւ խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը: Նախիջեւանցիների կլանի որպես ամենավառ դեմք նշվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհտիեւը: Իլհամ Ալիեւը, որ, ըստ թերթի, չի կարողանում համակարգել միջկլանային պայքարը, այն նախարարներին, ովքեր որոշել են զբաղվել հրապարակային քաղաքականությամբ, խորհուրդ է տվել հեռանալ պետական ծառայությունից: