Արվեստի ելակետը գեղեցիկն է: Արվեստագետներից շատերը գեղեցիկը փնտրում են իրենց ներաշխարհում, ոմանք էլ բնության մեջ: Այ հենց բնության մեջ եւ բնությունից ստացած գեղեցկությունն ու ներշնչանքներն է պատկերում իր կտավներում աշխարհի մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Հայաստան, Լիբանան եւ այլն) բազմաթիվ ցուցահանդեսներում ներկայացրած յուրօրինակ ստեղծագործությունների հեղինակ, լիբանանահայ Ռ. Սիսեռյանը: Դեկտեմբերի 7-ին Բեյրութի ֆրանսիական մշակույթի կենտրոնում բացվեց Ռ. Սիսեռյանի անհատական ցուցահանդեսը, եւ մինչեւ տարեվերջ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու նկարչուհու մի քանի տասնյակ մեծածավալ կտավներին, որոնց ներշնչանքի աղբյուրը բնությունն է:
Բեյրութում մեր հանդիպման ժամանակ տկն Ռոզվարդն ասաց. «Իմ ներշնչանքի հենքը կկազմե բնությունը եւ կը բավե, որ աչքերս փակեմՙ տեսնելու համար գալիք աշխատանքներուս սկզբնական կազմավորումը, ծաղիկներուն խմբվիլը, երկինքի կապույտին երանգները, թռչունները... Ուրախ եմ, որ ամբողջ ժամանակս կնկարեմ...»: Ահա այսպես էր նկարագրում իր ոգեշնչման պահերը Ռոզվարդ Սիսեռյանը իր 80-ամյա հոբելյանի եւ Բեյրութի Ա. Լ. Պ. Ա.-ի գեղարվեստի բարձրագույն հաստատությունում 25 տարվա դասախոսական տարեդարձերի առիթով բացված ցուցահանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, օտարերկրյա դեսպաններ, արվեստագետներ եւ այլք: Բացման խոսքով հանդես է եկել պրն Ֆրեդերիկ Կլավերը (Լիբանանում Ֆրանսիայի մշակութային կցորդ, ֆրանսիական մշակութային կենտրոնի ընդհանուր տնօրեն), Ա. Լ. Պ. Ա.-ի «Universite՛ de Balamand»-ի տնօրինուհի տկն Նիկոկե Հարֆուշը, Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը եւ արվեստի քննադատներ, բարձր գնահատելով Ռոզվարդ Սիսեռյանի արվեստը եւ նրա սաների հաջողությունները, մասնագիտական եւ մարդկային հատկանիշները: Ութ տասնամյակը բոլորած արվեստագետին ցանկացան քաջառողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ:
Ռոզվարդ Սիսեռյան անունը լիբանանյան նկարչության բեմահարթակի վրա ճանաչում ստացավ 1970-ականներին: 1924 թ. Հալեպում արեւաշող մի օր լույս աշխարհ է գալիս Ռոզվարդը: Ինը տարեկանում իր տատի ցանկությամբ աղջնակը ջութակ նվագել է սովորում: Սակայն մի օր Հալեպում ծանոթներից մեկի տուն այցելությունը ճակատագրական է դառնում փոքրիկի համարՙ տան բակը, որը զարդարված է լինում նկարազարդված նարնջենիներով ու ծաղկած ծառերով, հմայում ու գերում են նրան: Այդ օրվանից նա նկարչության դասերի է գնում մի հույն ծերունու մոտ, այդ բակում: Գեղանկարչության գաղտնիքներին տիրապետելուց հետո Ռոզվարդը պատրաստվում է պետական քննությունների: Հենց այդ տարի նրան նկատում եւ սիրահարվում է դոկտոր Սեպուհ Սիսեռյանը, եւ նրանք ամուսնանում են, ունենում հինգ զավակներՙ երեք աղջիկ, երկու տղա: Ընտանիքի հոգսն ու մայրական գուրգուրանքը Ռոզվարդը գերադասեց ու ժամանակավորապես վրձինը խնամքով պահեց: Տարիներ անց Ռոզվարդը հաջողությամբ ընդունվում է Բեյրութի Ա. Լ. Պ. Ա.-ի (Արվեստի լիբանանյան պետական ակադեմիա) նկարչության բաժինը, որն ավարտելուց հետո մինչեւ այսօր դասախոսում է գեղանկարչության բաժնում:
Երբ հյուր էի Սիսեռյանների ընտանիքում, մի օր տկն Ռոզվարդը պատմեց, թե ինչպես իր առաջին դասախոս Մարի-Թերեզ Ամմոնը, երբ իմացել է, որ ամուսնացած է եւ 5 զավակ ունի, թոռնիկի տեր է, կոպտել է. «Գիտե՞ք, որ Ա. Լ. Պ. Ա.-ն ժամանցի տեղ չէ, այլ շատ լուրջ աշխատանքի»: Սակայն շատ կարճ ժամանակ անց այդ նույն դասախոսը սկսել է գովերգել նրան ու միշտ մատնացույց է արել:
Իմ հարցին, թե «ի՞նչ եք զգում հերթական կտավը ավարտելուց հետո», տկն Ռոզվարդը պատասխանեց. «Ես երբեք իմ ավարտած կտավներից չեմ ուզում բաժանվել եւ երբ ամեն անգամ դիտում եմ դրանք, վերապրում եմ ստեղծագործական հաճույքի ժամեր»:
- Ձեր նկարներում բնությունն էՙ միայն վառ ու գեղեցիկ, բայց չէ որ...
- Իմ ամբողջ կյանքում, հաճախ նաեւ երազում, ես չեմ մոռանում իմ հույն ուսուցչի բակի նկարազարդ վառ գույնով նարնջենիները ու հողից, բնությունից, օդից, ջրից վերցնում եմ մեծ էներգիա ու փոխանցում կտավինՙ միայն լավն ու գեղեցիկը, իսկ մութ ու բաց տեղերը ես պատկերել եմ իմ մի նկարաշարում, երբ Լիբանանում պատերազմ էր ու... Չեմ ուզում այլեւս մուգ գույներով նկարել, թող կյանքը ջերմանա իմ վառ գույներից ու ջերմացնի իմ կտավները դիտողների հոգիներն ու սրտերը:
- Դուք նկարում եք ձեր շրջապատում կենդանի ամեն ինչ: Ի՞նչն է ձեր ներշնչանքի աղբյուրը:
- Բնությունըՙ միանշանակ: Մարդու կողմից հաճախ ավերվում է այն, իսկ ես որպես բողոքի ձայն ներկայացնում եմ դրախտային բնությունը ու իմ կտավներով պայքարում բնության թշնամիների դեմ:
- Ի՞նչ է արվեստը, սերը եւ հայը ըստ ձեզ:
- Արվեստը կյանքի համեմունքն է, որեւէ արարք, որուն մեջ արվեստ չկա, ոչինչ է: Սերը մեր երիտասարդության ժամանակաշրջանին իդեալական ըմբռնում մըն էր, սակայն այս օրերուն դարձած է վաճառականական մոտեցում: Միակ իդեալական սերը, որը մնացել է, իմ կարծիքով, մոր սերն է:
Հայ ըլլալուս հպարտ եմ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ