Արդեն ամեն տարեվերջին ավանդույթ է դարձել «Առաջինը երեխաներին» («Children՛s first») կազմակերպության այցելությունը նաեւ Նուբարաշենի մտքով թերաճ կամ ծնողներից լքված երեխաների մանկատուն: Նվերներով բեռնավորված Ն. Օսկանյանը (կազմակերպության նախագահ), Լ. Աթաջանյանը (գործադիր տնօրեն) եւ Ի. Մանասերյանը (խորհրդի անդամ) ժամանեցին մանկատունՙ միանալով այնտեղ HSBC բանկի գլխավոր տնօրեն Ն. Դ. Գիլմորին... Դիմավորվելով շուրջ 140 երեխաների կողմից, հյուրերը մասնակցեցին հիանալի միջոցառման, որին մասնակցում էին նաեւ Երեւանի տիկնիկային թատրոնի դերասան-դերասանուհիները մանկատան շնորհալի մանուկների անմիջական մասնակցությամբ, արտասանություններով ու երգ-պարով: Այս անմոռանալի միջոցառման ավարտին ներկա բոլոր մանուկներին թանկարժեք նվերներ բաժանվեցին:
Հիշեցնենք, որ այսպիսի հաստատությունների «բնակիչների» շուրջ 16 տոկոս թերաճ չէ, այլ պարզապես երկրի մութ ու դժվարին օրերին նրանց լքել են ծնողները եւ հոգեբանորեն նրանք էլ քիչ-քիչ... նմանվել են իրենց հոգեբուժական եւ մարդկային մեծ խնամքի կարոտ հասակակիցներին:
Նուբարաշենի մանկատունը նյութական անձուկ վիճակում էՙ անկարող վճարել խմելու ջրի եւ կենցաղային այլ ծառայությունների կուտակված պարտքերը: Հուսանք, որ կգտնվեն նաեւ այլ բարերարներ, որոնք կկարողանան օգնել իրենց ժողովրդի «մոռացված» զավակներին:
Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ