«Փետրվարին ավանդների հարցով պետական հանձնաժողովի ստեղծումը հարցը ձգձգելու նպատակ ունի», հայտարարեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, եւ մեջբերեց պրոլետարիատի առաջնորդին. «Եթե ուզում ես մի հարց տապալել, հանձնաժողով ստեղծիր»: (Ի դեպ, Լենինից առաջ շատերն են արտահայտել այս միտքը):
Հիշեցնենք, որ ստեղծվելիք հանձնաժողովից զատ նույն խնդրով մեկական հանձնաժողովներ կան նաեւ կառավարությունում ու ԱԺ-ում:
Ակնկալվում է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները:
Ավանդների վերադարձման մասին Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագիծը միակն է, որ 2003 թվականի հուլիսին շրջանառության մեջ դրվեց: Ասենք, որ եւ ՀՅԴ-ն, եւ ՀՀԿ-ն հավանություն են տվել Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծին:
Երեկվա ասուլիսում Վիկտոր Դալլաքյանը մանրամասնեց իր նախագծի էությունն ու հարցի լուծման իր տեսակետները: Նա կարծում է, որ ավանդների հարցը բյուջեի միջոցներով լուծելը խաբեություն է, քանի որ բյուջեի հիմնական մասը գոյանում է նույն քաղաքացիների հարկերից ու տուրքերից: Ըստ Դալլաքյանի, ճշմարիտ լուծումը ավանդների վերադարձման հիմնադրամի ստեղծումն է, որը կսնվի սեփականաշնորհման, շահութահարկի գումարներից, օրինական դաշտ բերված ստվերից, Կենտրոնական բանկի շահույթներից:
Վերադարձման տրամաբանությունը պետք է հենվի ոչ թե ռուբլի-դոլար, այլ ոսկու հետ փոխարժեքային հարաբերությունների վրա, քանի որ փոխարժեքի միակ եւ համեմատաբար կայուն չափանիշը ոսկին է: «Պետք է հաշվարկել, թե ինչ արժեր ոսկին, օրինակ, 1992 թվականին, եւ ինչ արժե այսօր»:
Եվ ամենակարեւոր մեխանիզմը. «Կարելի է կիրառել նաեւ կոնկրետ մարման գումարներով ու ժամկետով պարտամուրհակի սկզբունքը, որ եթե մարդն ինքը չհասցնի ստանալ, գոնե համոզված լինի, որ իր ժառանգները կստանան իր գումարները»:
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա ըստ Վիկտոր Դալլաքյանի, նման իրավիճակներում պառլամենտի ղեկավարը կամ դեմ է քվեարկելու բյուջեին, որտեղ ավանդների հարցը ներառված չէ, կամ դուրս է գալու կոալիցիայից:
Կ. Դ.