Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մեթին Միրզան, ըստ Ինտերֆաքսի, երեկ բացառել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունը: «Հայկական կողմի ցուցումըՙ ում հետ մենք պետք է բանակցություններ վարենք, համարում ենք անտեղի», ասել է Միրզանՙ մեկնաբանելով իր հայ գործընկեր Համլետ Գասպարյանի ավելի վաղ արված այն հայտարարությունը, ըստ որի «եթե ադրբեջանական կողմը շփոթված է եւ չգիտի ում հետ վարել բանակցությունները, ապա ստիպված ենք դարձյալ մատնացույց անել Ստեփանակերտը»:
Իր վերջին մամուլի ասուլիսում արտգործնախարար Վարդան Օսկանյանը ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին հնարավոր համարեց այն ժամանակ, երբ «անխուսափելի լինի Ղարաբաղի մասնակցությունը: Այս պահի դրությամբ ինչպիսի ձեւաչափ եղել է վերջին մի քանի տարիների ընթացքումՙ կպահպանվի»: