«Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գիրքը թերթում-կարդում եմ անշտապ, շուռումուռ եմ տալիս, կարդում եմ կրկին ու կրկին շուռումուռ եմ տալիս... Զգում եմ, որ միտքս առհասարակ գիրք հասկացության, գիրք կուլտուրայի շուրջն է ոլորվում: Տեր Աստված, որքան հմայք ու հրապույր ունի գիրքը մեզ համար, որպես հաց հոգեւոր:
Գրքի գոյությունն ինքնին անառարկելի է դարձնում հեղինակի ասպետական վարքագիծը, ինքը զինվորն է իր ժողովրդի եւ իր կռիվը, թեեւ անաղմուկ, մղում է ազնիվ եւ անձնվիրաբար:
Միջանկյալ ասեմ, որ Լեւոն Լաճիկյանը համալսարանական իմ ընկերն ու բարեկամն է նաեւ, մտերմիկ ընծայագրով գիրքը նվիրել է ինձ, եւ ես իմ խոսքում անկողմնակալ մնալու խնդիր պետք է լուծեմ ամենից առաջ:
Եվ այսպես, մարմանդ իր ոճի մեջ գիրքը կարող է շփոթվել պարզ (թերեւսՙ գեղարվեստական) տարեգրության հետ, որպես իրականության փաստական արձանագրումՙ նուրբ, շտրիխային մեկնաբանություններով հանդերձ: Շարադրանքում նոր պետականության «ճարտարապետների» հասցեին կիսաբացակա կամ կիսաներկա է թվում կարծես հեղինակի վերաբերմունքը: Եվ, այդուհանդերձ, պիտի խոստովանենք, որ երեւութական, խաբուսիկ է նման մոտեցումը: Չէ որ Թեոդիկի հայտնի «Ամենուն տարեցոյցը, տարեգիրքը», որի հետ Լաճիկյանի գրքի նկատելի աղերսն անուրանալի է, ոչ ոք այսօր չի հանգեցնում պարզ տարեգրության: Գրքի խորքային կամ թաքնված արժանիքը, ահա, նաեւ այստեղ է, այս «հանդարտաբարո» շարադրանքում, որ իր ոճն է, եւ ուր հեղինակը ակնհայտորեն մեկ նպատակ չէ, որ պարփակել է:
Ամենից առաջ մշակույթն իր ճշգրիտ էության մեջ տեսնելով եւ, հանուն նրա հաստատման ու հարատեւման պայքար մղելով, Լաճիկյանն ընթերցողին անուղղակիորեն կանգնեցնում է մի սքողված ճշմարտության դեմ-հանդիման. ինչո՞ւ այսչափ մշակութաստեղծ ազգ լինելով, հայերս մշակույթի բարձրագույն ձեւումՙ քաղաքական մշակույթում զրոյական վիճակում ենք, ինչո՞ւ քաղաքական ինքնակազմակերպման մեր հնարավորությունը հանգեցվում է հուսալքման ու արտագաղթիՙ ներազգային կյանքը մղում ընդամենը քաոսի պետականատիպ ձեւավորման:
Գրքի անթաքույց արժանիքներից է արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ հեղինակի գրեթե հավասար հետաքրքրությունն ու իմացականությունը, այլ կերպ ասածՙ Լեւոն Լաճիկյան արվեստաբան-լրագրողի անձնային խորագիտությունը, որը հայտնապես իմաստավորված է արվեստի հանդեպ ճշմարիտ սիրով եւ երեւույթներն ազգային շահի եւ բարոյականության տեսանկյունից քննելու բարձր գիտակցմամբ:
Եվս մեկ արժանիք հատկապես կուզեի հիշատակել, որը հավասարապես վերաբերում է գրքի երկու հատվածների («Մշակութային անդրադարձներ» եւ «Դիմանկարային էսքիզներ») բոլոր նյութերին: Պատումի անհավակնոտությունը: Սա եզակիներին հատուկ որակ է միայն: Նման հատկանիշը, եթե Աստծուց տրված չէ, ուրեմնՙ անկարելի է ուսուցմամբ կամ այլ ճանապարհով ձեռք բերել:
Գրքում որոշ քանակի անդրադարձներ թերեւս տեղեկատվական բնույթ ունեն, թեպետ մեր ապրած ժամանակների տրամաբանությունն անգամ իրազեկման անպաճույճ այդ տողերում կյանքի բաբախուն թրթիռներ է ծրարում: Առանձին հոդվածներՙ «Մշակույթը մերՙ ապրող եւ ապրեցնող», «Հայաստանի ոչ հայկական համալսարանը», «Օպերանՙ զգացմունքի բարձրակետ», «Թատրոնը սարսափեցնողի դերում» եւ այլն գրված են ասելիքի պարփակությամբ, ընդհանրացման հզոր ուժով:
Կյանքին, արվեստին ուղղված արվեստաբան Լեւոն Լաճիկյանի հայացքն իր ներքին տարերքում ազատ ու անբռնադատ է, ինչպիսին կյանքն ու արվեստն են: Նեղ, անձնավորված, ամբիցիոզ վեճերին անդրադարձ չկա գրքում (անուններ չհիշատակենք մենք էլ): Լեւոնը հրաշալի գիտե, որ ճանաչված արվեստագետների հակամարտությունը, թշնամանքը պառակտում է հասարակությունը, հուսալքում եւ խարխլում է ազգային միասնությունը: Ավելինՙ գրքում հանդուրժողականության եւ հաշտեցման մթնոլորտ է, ինչը հեղինակի մարդկային անկեղծ ցանկությունն է, անշուշտ: Հիշեցի աշխարհահռչակ երկու հայ գիտնականների միջեւ ծագած եւ արդեն վաղուց լռած բանավեճ, որը, ծավալուն մի հոդվածով, այնպե՜ս պայծառորեն վերջակետեց նրանցից այսօր էլ ապրող եւ ստեղծագործող Գրիգոր Գուրզադյանը: Անձամբ ես մեր մամուլում չեմ հիշում, թե երբեւէ նմանաբնույթ մեկ այլ հոդված կարդացած լինեի: Այդպես մեծերն են կարողանում գրել մեծերի մասին, իսկ նման անհատներ կարող են ծնել մեծ ժողովուրդները միայն:
Բազում մտորումներ, խորհրդածություններ է ծնում գիրքը, որոնց թերթային հրապարակմամբ անդրադարձ պարզապես հնարավոր չէ, սակայն երկու իրողություն, թեկուզեւ հպանցիկ հիշատակումով, կկամենայի մոռացության չմատնել:
Առաջինն իր ծննդավայր Կումայրի-Գյումրու նկատմամբ Լեւոնի ջերմ անպարագիծ սերն է, որպես իր վառ հայրենասիրության զգայելի, շոշափելի արտահայտություն, ավելի շուտ ծնողական, քան որդիական տագնապներով առլեցուն:
Երկրորդը եղբորՙ նկարիչ Սամվել Լաճիկյանին նվիրված նյութն է, ուր Լեւոնը բնությունից շռայլորեն օժտված իր եղբոր համար հպարտանքի եւ գոհության զգացումներից առավել հուզախռով հոգեվիճակների է մատնված: Լեւոնը գիտի, որ մեծ արվեստագետի կայացումը միայն բնությունից օժտված լինելով չի ավարտվում: Այդ է վկայուն նաեւ նյութի ավելի քան զուսպ վերնագրումըՙ «Որոնումներ եւ ձեռքբերումներ», որն ավելի շատ զգաստացում եւ ուղղորդում է պարունակում:
Կարող էի նաեւ չանդրադառնալ Արծվի Բախչինյանի «Ծագումով հայ են» կենսագրական նոր բառարանի Լաճիկյանի արծարծմանը, մանավանդ այլեւայլ դարերում եւ հանգամանքներում ապրած հայերի իրավամբ հայությանն առնչելու տարբեր սկզբունքներ ու մոտեցումներ են առկա, սակայն պետականության ամրապնդմանը զուգահեռ հայապահպանության ու հայահավաքման խնդիրները հետզհետե թերեւս կենսական ու հրատապ նշանակություն ստանան եւ, միանշանակորեն, այդ հարցում ընդունելի սկզբունք գտնելն այնքան էլ դյուրին չի լինելու: Պրն Լաճիկյանը ոչ միայն իր գրքում զետեղել է հիշյալ բառարանի կազմի լուսանկարը, այլեւ յուրովի հիմնավորել է վերնագրում պարփակված սկզբունքը:
Հայտնելով հարգանքս եւ հիացմունքս պրն Բախչինյանին նախաձեռնած գործի առիթով, Սեյլանի «Սասուն» պատմաազգագրական ակնարկից վկայաբերեմ հարյուրամյակներ առաջ քրդացած խորոմցի շուրջ 250 հազար հայերի դիմումը կառավարությանը. «...1870-1872 թթ. կամեցան հայանալ, թոթափել դիմակը, միանալ ազգին (այս մասին մի գրվածք ունի Խորեն Նար-Պեյը), ի մեծ ցավ մեզ, կառավարությունն արգելեց»*:
Ահա այս մարդիկ, գոնե նշված 1870-72 թթ. հայ են եղել ծագումով եւ ինքնազգացողությամբ: Թերեւս այս մարդկանց ասենքՙ ծագումով հայ են:
Տարիներ առաջ ես խմբագրեցի երջանկահիշատակ Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանի» 3-րդ հատորը (միջնադար), ուր օտար անուն, լեզու եւ դավանանք առած, ինքնօտարված տասնյակ ու տասնյակ հայորդիներ կային, եւ որոնց հեղինակը համապատասխան բառահոդվածներում իրավացիորեն այդպես էլ ծանուցել էՙ ծագումով հայ:
Թերեւս Եժի Կովալերովիչին, Անրի Թրուայային, ովքեր իրենց ստեղծագործություններում հայ մշակույթին գրեթե առնչակից չեն, ծագումով հայ բնորոշենք:
Սակայն ինչպես ծագումով հայ կոչենք Արշիլ Գորկուն, Ուիլյամ Սարոյանին (գրքի կազմի վրա այս երկու նկարներն էլ կան), երբ վերջինս անձամբ է պնդումՙ հայկական է այն ոգին, որ ստիպում է ինձ գրել: Եվ ավելացնում. «...խորապես հարգում եմ հայ գրողների ընտանիքին պատկանելու պատիվը»: Ահա այսպես: Հակառակ դեպքում միեւնույն տրամաբանությամբ, ի՞նչ է, պետք է նշենք, որ Թումանյանն ու Վարուժանը նույնպե՞ս ծագումով հայ են:
Քանի որ հիշյալ գրքի կազմին նաեւ Շառլի լուսանկարն է, քննարկվող նյութի թելադրանքով ավելորդ չհամարեցի այստեղ արծարծել ինձ վաղուց հետաքրքրող մի խնդիր. միշտ ցանկություն եմ ունեցել մամուլում բաց նամակով դիմել Շառլ Ազնավուրին, հայկական (հայերեն) երգերի ամբողջական ձայներիզ թողարկելու խնդրանքով: Ավելի շուտ ոչ այնքան մեզ, որքան եկող սերունդների համար: Այդպիսով նա սերունդների հիշողության մեջ կմնա որպես հայ երգիչ եւ ոչ երբեքՙ ծագումով հայ երգիչ:
Կարծում եմ նաեւ, որ նման հարցերը պետք է ավելի լուրջ եւ ավելի խոր զննումների արժանանան, ինչպես ժողովուրդն է ասումՙ տասը չափենք, մեկՙ կտրենք:
Ինչեւէ, հեշտ է քննարկելն ու քննադատելը, երբ արված է գործը: Իսկ գործը Լեւոն Լաճիկյանի «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» գիրքն է, հեղինակի ազնիվ տքնության ոգեղեն արգասիքը, որի իրական արժանիքը ժամանակի հետ ավելանալու, բազմապատկվելու է:
Ապրողներիս գիտակցության մեջ գրքի ընդգրկված ժամանակը պարզապես մեր ապրած ժամանակի մի հատվածն է ընդամենը, մինչդեռ այն հետագայում առանձնահատուկ կարեւորվելու է, որպես անդունդի եզրով ձգվող ոլորապտույտով անցած ժողովրդի պատմություն:
* Սեյլան, Սասուն, Երեւան- 1990, էջ 35:
ՌԱՖԱՅԵԼ ՂԱՐԻԲՅԱՆ