ՌԱԿ մամլո կենտրոնական դիվանից հայտնում են, որ ՌԱԿ Տորոնտոյի «Եսայի Եաղուպեան» ակումբի ու ԹՄՄ տեղական մասնաճյուղի կազմակերպությամբ Վահան Թեքեյանի ծննդյան 126-րդ տարեդարձն արժանավայել նշվեց Ս. Երրորդության Հայց. եկեղեցու «Մակարոս Արթինեան» սրահումՙ ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի շրջանային վարչության փոխատենապետ Հրաչ Բոյաջյանի հանդիսավարությամբ: Նա ներկայացրեց Վ. Թեքեյանի կուսակցական եւ հասարակական գործունեությունը սփյուռքահայ զանազան գաղութներում: Թեքեյանի գրական վաստակիՙ ՌԱԿ կենտրոնական վարչության համաատենապետ Երվանդ Ազատյանի գնահատանքի մեջ անդրադարձ արվեց սկսած բանաստեղծիՙ 1901-ի «Հոգեր» ժողովածուից մինչեւ վերջինըՙ «Տաղարանը» (1945): «Ժամանակը Թէքէեանի գրականութեան աւեր պիտի չկարենայ գործել», եզրափակեց խոսքը Երվանդ Ազատյանը:
Ներկա էին տորոնտահայ զանազան կազմակերպությունների, Հայաստանյաց եկեղեցու ծխական խորհրդի, Հայ կաթողիկե եկեղեցու, ազգային վարժարանների խնամակալների եւ հոգաբարձուների ներկայացուցիչներ:
Թեքեյանի ստեղծագործությունները ներկայացրին Ս. Խաչ ամենօրյա եւ Ս. Սահակ ու Ս. Մեսրոպ շաբաթօրյա վարժարանների աշակերտները:
Մ. Բ.