Ստամբուլում ամեն տարի անցկացվող «Աշխարհի լավագույն մոդել» միջազգային մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցեց երեւանցի 19-ամյա ուսանողուհի Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա նոյեմբերին արժանացել էր Չինաստանում կայացած «Միսս տուրիզմ» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին: Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մրցույթում Անուշին շնորհվեց «Լավագույն ֆոտոմոդել» 4-րդ մրցանակը. «Նախապես գիտեի, որ այս մրցույթը բավականին հեղինակավոր է, եւ առնվազն հիմարություն կլիներ այդպիսի առաջարկից հրաժարվելը: Իհարկե, երկմտանքի պահեր ունեցա, սակայն լավ է, որ մեկնեցի, որովհետեւ թուրքերը, հավանաբար զգալով կաշկանդվածությունս, իմ հանդեպ առանձնակի ջերմ վերաբերմունք ցույց տվեցին: Նրանք, իհարկե, բոլոր մասնակիցների նկատմամբ էին ուշադիր, բայց հայաստանցուս հանդեպ մի տեսակ ընդգծված յուրահատուկ վերաբերմունք կար», երեկ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ասաց Անուշ Գրիգորյանը:
Նա արդեն բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն դրանց մասին չշտապեց խոսել, քանի դեռ կոնկրետ պայմանագրեր չի կնքել: Թուրքիայում աշխատելու ցանկություն Անուշը չունի, սակայն ուսումն ավարտելուց հետո ամենայն հավանականությամբ կմտածի այլ երկրներից ստացած առաջարկների մասին:
«Պայմանագիր կնքելը երկարատեւ աշխատանք է, քանի որ գումարային հարցերի հետ է կապված: Որ Անուշ Գրիգորյանը որպես մոդել Հայաստանում չի աշխատում, պատահական չէ, դրա համար կան լուրջ պատճառներ: Մոդելի բիզնեսը մեզանում հետ է մնում, թեպետ դրա զարգացման կարեւորության մասին շատ է խոսվում հատկապես առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Մինչդեռ Անուշ Գրիգորյանի պես մոդել ունենալը Հայաստանի համար պատվաբեր է, քանի որ աշխարհում այսօր շատ է կարեւորվում մոդելների ինտելեկտը», ասաց «Ատեքս» նորաձեւության տան փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն:
Նա հավելեց, որ Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ մոդելային բիզնեսը բավականին զարգացած է, Թուրքիա մեկնելուց առաջ անցկացվել են մրցույթի կիսաեզրափակիչ փուլեր, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին, ուր հիշյալ բիզնեսը զարգացման միտումներ ցույց չի տալիս:
Անուշը սովորում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի միջազգային լրագրության բաժնի 4-րդ կուրսում: «Ես հպարտ եմ, որ լրագրող եմ: Արդեն լույս ենք ընծայել մեր համալսարանի առաջին անգլերեն թերթը: Սիրում եմ լուսաբանել կանանց հիմնախնդիրները, աշխարհին ներկայացնել 21-րդ դարի հայ կնոջ կերպարը», ավելացրեց նա:
Սա Անուշի մասնակցած երրորդ միջազգային մրցույթն էր, առաջինը «Միսս Եվրոպան» էր 2003 թվականին: Ստամբուլի մրցույթը եւս անցկացվում էր պետական հովանավորությամբ, հարյուրից ավելի մասնակիցների բոլոր ծախսերը հոգացել է Թուրքիայի կառավարությունը, այս տարի մասնակցել են 180-ը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ