«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2004-12-18 | #229, 2004-12-21 | #230, 2004-12-22


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՅԺՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԲՈՅԿՈՏԸ

Ավանդների վերադարձի հետ կապված խորհրդարանական արտահերթ իրարանցման մեջ գրեթե աննկատ անցավ վաղուց սպասված իրողությունը` ընդդիմությունը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ ողջ կազմով վերադարձավ խորհրդարան: Բայց ինչու հենց ավանդների խնդրի քննարկման, այլ ոչ նույնպես մեծ կարեւորություն ներկայացնող բյուջեի ու ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ:

Վիկտոր Դալլաքյան (խմբակցության քարտուղար)- Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մենք մեր տեսակետներն արդեն հայտարարել ենք, ինչ վերաբերում է պետական բյուջեի քննարկումներին, մեր մասնակցությունը միայն խորհրդանշական նշանակություն կարող էր ունենալ: Բայց եթե նրանք արտահերթ նիստում ներառում են ավանդների մասին մեր ներկայացրած նախագիծը, մենք պարտավոր էինք գալ եւ մեր նախագիծը պաշտպանել:

Հրանտ Խաչատրյան- Ընդդիմությունը մասնակցում է բոլոր հարցերի քննարկումներին, որոշ հարցերի` հեռակա, որոշ հարցերի`փաստացի: Այս անգամ այն դեպքն էր, երբ ստորագրություններով եւ մեր ներկայությամբ ու գրանցումով մասնակցեցինք:

Մյուս դեպքերում մեր տեսակետը հայտնում ենք, բայց պատասխանատվություն չենք ուզում վերցնել այդ հարցերի քննարկման ձեւական ընթացքի պատճառով: Տվյալ դեպքում ընթացքը ձեւական չէր, եւ կոնկրետ յուրաքանչյուր գրանցում մոտեցնում էր կայանալու հնարավորությունը:

Ստեփան Զաքարյան- Նախ սա հերթական եռօրյա չէր, այլ արտահերթ նստաշրջան, որը հրավիրելու ստորագրահավաքին մենք մասնակցել ենք: Բայց այս արտահերթը մեկ անգամ էլ ցույց տվեց, որ բոյկոտը ճիշտ է այն առումով, որ երբ մենք ուզում ենք ընդառաջ գնալ մեր ժողովրդի պահանջներին ու ցանկություններին, միշտ արգելքների ենք հանդիպում: Էնպես որ ապացուցվեց, որ մեր մասնակցությունը հերթական նիստերին, իսկապես անիմաստ է:

Համենայն դեպս, արդեն հայտնի է, որ ընդդիմության խորհրդարանական մյուս թեւըՙ «Ազգային միաբանություն» խմբակցությունը, մտադիր է մասնակցել դեկտեմբերի 24-ի բյուջեի քննարկումներին:

Իսկ ընդդիմությանն ամբողջ կազմով խորհրդարանում տեսնելու երջանկությունը կունենանք մեկ էլ երեւի Իրաք հայկական զորաջոկատ ուղարկելու հարցի քննարկման ժամանակ, ինչպես արդեն հայտարարել են:

Իսկ ընդհանրապես, ասում են խորհրդարան վերադառնալու ցանկությունները ընդդիմության շարքերում որոշակիանում են, եւ կարող է վերադարձ լինել նաեւ մինչ այդ հարցի քննարկումը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4