Տարեմուտի խոհերՙ ուրախ եւ ոչ այնքան ուրախ
Այս տարին նույնպես հասցնում ենք իր ավարտին: Տարվա վրա տարի ենք գումարում: Ու այս օրերին, երբ տարվա մեր լի ու սին օրերն ենք ուզում հիշել, երբ մեր արածն ու չարածն ենք կշռում, ինքներս մեզ համոզում ենք, որ այս մի տարին էլ ապրեցինք հետաքրքիր, հատկապես մշակույթի ոլորտի մարդիկ: Որքան էլ ասեն, թե արվեստիՙ թատրոնի, կինոյի, երաժշտության, գրականության ժամանակներում չենք ապրում (պետությունն իր սուղ բյուջեի 1 տոկոսից էլ պակաս ծախսեր կատարելու հնարավորություն ունի), միեւնույն է, որոնվում-գտնվում են միջոցներ հոգեւոր ինքնասպանությունից փրկվելու համար: Բայց, քանի որ տարեմուտը երդվյալ հոռետեսի համար չէ, ուստի փորձենք մեր ամանորյա հոգեւոր սեղանին դնել այն սկուտեղը, որում ընտիր մրգեր են, խոսենք այն մարդկանց հետ, ովքեր ողջ տարին մեր աչքի առաջ էին ու գործ էին անում, իրենց գործը: Փառք Աստծո, քաղաքական սրացումների ժամանակները 2004-ին մի փոքր թեթեւ տարան մշակույթի գործիչները: Քաղաքական հայտարարությունների տակ ստորագրություններ դնելու կարիք չզգացվեց, քաղաքական ապաշնորհ ներկայացումներ ու հանդեսներ անելու հասարակական պահանջ չզգացվեց, թեեւ մոլեռանդ հեղափոխականները չցանկացան թափը կորցնել: Փառք Աստծո, օդը մաքրվում է, թեեւՙ դանդաղ-կամաց, բայց մաքրվում է, եւ արտիստն իր բեմն է ելնում, գրողը դանդաղորեն մարում է իր մեջ հրապարակախոսի լարված ջիղը եւ գիրք գրելու է նստում, թատրոնները արտասահմանյան հյուրախաղերի են մեկնում, մեր ճանաչված արվեստագետները դրսից մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր են բերում...
Այս օրերին մենք պարբերաբար հանդիպում ենք մշակութային կազմակերպությունների եւ օջախների ղեկավարների հետ, նրանց խնդրում կշռել տարվա ընթացքում արածը, իհարկե, զերծ մնալով մեկնաբանություններից եւ եզրակացություններից:
Հայաստանի ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ թեեւ թատրոնի շենքի մեծածավալ նորոգումը որոշ ծրագրերի իրականացումը հետաձգեց, այնուամենայնիվ, ապրիլին կայացան «Գայանե» բալետի, իսկ մայիսին «Անուշ» օպերայի նոր բեմադրությունների պրեմիերաները: «Մեր թատրոնը դանդաղորեն, բայց մտնում է սովորական հունի մեջ, ասաց Կամո Հովհաննիսյանը: Եվ 2005 թվականի համար մենք մեծ ծրագրեր իրականացնելու տրամադրություն ունենք»: Սանկտ Պետերբուրգից հրավիրված մասնագետները Երեւանում կիրականացնեն Սերգեյ Ռախմանինովի «Ալեկոյի» եւ Պյոտր Չայկովսկու «Իոլանտայի» բեմադրությունները: Պատրաստվում է Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի նոր բեմադրությունը: Վերականգնվելու են «Տրուբադուր», «Դոն Կիխոտ», «Կարմեն», «Պողիկտոս» բեմադրությունները: Տարիներ շարունակ օպերային թատրոնի բեմում հաջողությամբ ներկայացվել է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: Բեմադրության հեղինակ, մեր հրաշալի բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյանը 2005-ի ապրիլին, Հայոց մեծ եղեռնի 90-ամյակի օրերին կրկին բեմ է բարձրացնելու այս ստեղծագործությունըՙ նոր մշակումով:
Հայաստանի նկարիչների միությունը 2004 թվականին եւս իր գործն արեց, նախ եւ առաջՙ իր գործը, այսինքնՙ ցուցահանդեսներ կազմակերպեց եւ մեզ մոտՙ Հայաստանում, եւ արտասահմանում: Իսկ Երեւանում կազմակերպված ցուցահանդեսները հետեւում էին մեկը մյուսին: «Անչափ հագեցած ու ծանրաբեռնված տարի եղավ մեր նկարիչների համար 2004-ը, մեզ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Ցուցադրվելու, հասարակությանը հաշվետու լինելու համար մեր նկարիչները շատ բան ունեին եւ մեծ էլ ցանկություն: Մեր միությունը ստիպված եղավ մերժելու 18 դիմումՙ անհատական կամ խմբակային ցուցահանդես կազմակերպելու: Ժամանակի մեջ չէինք կարողանում տեղավորվել»: Գարնանը Հայաստանի արվեստասերներին ներկայացան Արցախի նկարիչները, իսկ մեկ-երկու ամիս անցՙ նաեւ Ջավախքի մեր հայրենակից արվեստագետները: Մայիս ամսին Երեւանում անհատական ցուցադրությամբ հանդես եկավ ռուս հայտնի նկարիչներից մեկըՙ Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Վալենտին Սիդորովը: Մեծ շուքով նշվեց մեր ավագ սերնդի նկարիչներից Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 90-ամյակը: Առաջին անգամ Հայաստանում ներկայացվեց ֆրանսահայ նկարչուհի Ասիլվան: Այս ցուցահանդեսները, որոնց կազմակերպումը կարեւորում է Հայաստանի նկարիչների միության նախագահը, լայնորեն լուսաբանվեցին նաեւ «Ազգի» էջերում:
2005 թվականի համար եւս միությունը բազմաթիվ ծրագրեր ունի: Իհարկե, անչափ կարեւոր են լինելու մարտ-ապրիլ-մայիս ամիսները, երբ նշվելու է Հայոց մեծ եղեռնի 90-ամյակը:
Այո, նկարիչների միությունն ապրում է ստեղծագործական լիարյուն կյանքով: Սակայն, թեկուզ տարեմուտի այս տոնական օրերին չենք կարող չնշել այն փաստը, որ մայրաքաղաքի գլխավոր ցուցասրահներից երկուսըՙ Երեւանի նկարչի տան երկու սրահները ձմռան ամիսներին պարզապես անօգտագործելի են դառնում տարրական պայմաններից մեկի բացակայության պատճառով: Ջեռուցում չկա... Չգիտենք, ի՞նչ են մտածել մշակութային ծրագրերի իրականացման համար Լինսի հիմնադրամի միջոցները բաշխողները, բայց հույս ունենանք, որ նկարչի տան ջեռուցման հարցն ի վերջո, ինչ-որ մեկի բարեհաճությամբ կլուծվի: Ասում են, հույսը վերջինն է մեռնում:
Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մշակութային կյանքում զգալի դերակատարում ունի միջին սերնդի մեր հետաքրքրական արվեստագետներից մեկըՙ Հակոբ Ղազանչյանը: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը ոչ միայն միջազգային փառատոների է տանում իր եւ ուրիշ թատրոնների արտիստական խմբերին եւ հետ վերադառնում մրցանակներով, այլեւ թատերագետի ու թատրոնի մեկնաբանի դժվար առաքելությունն է տանում:
Հեռուստատեսային նրա հաղորդումները, հանդիպումները անվանի արվեստագետների, արտիստների, թատերական գործիչների հետ միշտ էլ հետաքրքրություն են առաջացնում: Վերջին վկայությունը Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերի հիանալի մեկնաբանություններն էին Հ-2 հեռուստաալիքով: Բայց, իհարկե, Հակոբ Ղազանչյանի հիմնական գործն իր ղեկավարած թատրոնում է:
2004 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնը 5 նոր բեմադրություն ներկայացրեց. Ալեքսանդր Վամպիլովի «Ավագ որդին», Ժաֆի Շարդի «Կնոջս անունը Մորիս է», Մանուել Ադամյանի «Մահապարտը», Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Մկան թակարդ կամ փորձում ենք Համլետ» եւ ամանորյա «Ուղիղ հարյուր համբույրը» (պրեմիերան կայացավ հենց այս օրերին):
2005-ին թատրոնն առավել հետաքրքրական ծրագրեր ունի: Կարեն Ջանիբեկյանի հետ Հակոբ Ղազանչյանը բեմադրելու է Ռոբերտո Կոստիի «Տատը», իսկ Արմեն Սանթրոսյանը բեմ է հանելու իր պիեսըՙ «Կախարդական սրինգը»: Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց արդեն դադարել է սոսկ պատանիների ու աղջիկների համար թատրոն լինելուց, այսինքնՙ շատ ավելի բարդ գործեր են ներկայացվում: Դրանցից մեկը լինելու է Էդուարդ Ռադձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» բարդ հոգեբանական գործը: Իսկ առավել պատասխանատու ու դժվար գործ է Ռիչարդ Կալինոսկու հանրահայտ գործըՙ «Գազանը լուսնի վրա», որն արդեն բեմադրել են աշխարհի շատ ու շատ հեղինակավոր, այդ թվում նաեւ Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական թատրոնը: Այս բեմադրությունը հանդիսատեսի դատին կհանձնվի 2005-ի ապրիլին...
Տարեվերջյան մեր կարճատեւ հանդիպումները սոսկ այսքանով չեն ավարտվել: Հույս ունենանք, որ կկարողանանք մեր ընթերցողին ներկայացնել մեր մյուս հանդիպումները եւս:
Տարիներ առաջ մեծն Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ այս մեծ մարդն ասաց. «Եթե չես ուզում մեռնել, քեզ սպանել հնարավոր չէ»: Խոսքը հայ մշակույթի մասին էր: Այս դեպքում իսկապես խոսքը գալիս, իր տեղն է ընկնում:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ