«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2004-12-23 | #232, 2004-12-24 | #233, 2004-12-25


ՀԱՅԿԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՔՈՒՄ ՈՐՈՇՎԱԾ Է

Ըստ Սերժ Սարգսյանիՙ դրական կողմերը գերակշռող են

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հանրապետության ղեկավարությունը տեր եղավ Իրաք հումանիտար մասնագետների ջոկատ ուղարկելու իր խոստմանը: Երեկ խորհրդարանականները 91 կողմ, 23 դեմ (ՀՅԴ, «Արդարություն») եւ մեկ ձեռնպահ ձայների բաշխմամբ վճռեցին հարցի լուծումը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջոկատի մեկնման ժամկետը դեռ որոշված չէ, սակայն հունվարի 5-ից հայկական կողմը պատրաստ կլինի ջոկատն ուղարկելուն: Իրաք կմեկնեն 46 հայ մասնագետներ. մեկ ընդհանուր հրամանատար, կապի մեկ սպա լեհական դիվիզիայի շտաբում, դասակի մեկ հրամանատար, երեք բժիշկ (սրտաբան, թերապեւտ, հոգեբույժ), տասը սակրավոր, երեսուն վարորդ: Հայկական ջոկատի բժշկական, կոմունալ-կենցաղային, տեղակայման ծախսերը հոգալու է Մ. Նահանգների հրամանատարությունը, իսկ ՀՀ բյուջեից, որը նախատեսված է պաշտպանության նախարարության մասնաբաժնում, վճարվելու է աշխատավարձըՙ 600 հազար դոլարի սահմաններում: Հայկական ջոկատի մասնագետներն անհրաժեշտ տեխնիկան ստանալու են տեղում: Նրանք Իրաքում գործող ադրբեջանական 151 մարդուց բաղկացած զորախմբի հետ չեն մասնակցելու որեւէ գործողության, հավաստեց պաշտպանության նախարարը:

Ազգային ժողովը հայկական ջոկատի Իրաքում ծավալվող գործողություններին մասնակցելու մեկ տարի ժամկետը հաստատել է, սակայն պաշտպանության նախարարը չի բացառում, որ վեց ամիս անց, ինչպես Կոսովոյում, զորախումբը ռոտացիայի ենթարկվի:

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, այս քայլը Հայաստանին կբերի անվտանգության ամրապնդում, սահմանների ապաշրջափակում եւ աշխարհում խաղաղություն ու կայունություն հաստատելուն կողմնակից միջազգային կազմակերպությունների հավասարաչափ դրական վերաբերմունք Հարավային Կովկասի երկրներին: Պաշտպանության նախարարը գտնում է, որ Իրաքում ծավալված գործողություններին Հայաստանի նմանօրինակ մասնակցությունից սփյուռքի հայության հիմնական մասը ոչնչով չի տուժի: Կարող է վտանգվել միայն իրաքահայության ապահովությունը, սակայն հակառակ դեպքում վտանգն ավելի մեծ կլինի:

Թեեւ քննարկումների ընթացքում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, եղել են զգացմունքային եւ սփյուռքի ու Հայաստանի անվտանգության համար մտահոգություն ներառող բազմաթիվ ելույթներ, սակայն հարցին տրված լուծումն ստանալը դժվարություն չի ներկայացրել, պարզապես որոշ պատգամավորներ փորձել են ձգձգել քննարկումը, որոշակի ժամանակ շահելով: Քննարկման նման ընթացքը նախարարի համար միայն մեկ դժվարություն է առաջացրելՙ նա չի կարողացել մասնակցել Լեւոն Մալխասյանի ծննդյան 60-ամյակի արարողությանը, ինչի համար մեծ ափսոսանք հայտնեց:

Իսկ հարցը խորհրդարանում փակ նիստով քննարկելը պաշտպանության նախարարը բացատրեց նրանով, որ ամեն դեպքում չէին կարող չհնչել այնպիսի մտքեր ու տեղեկություններ, որոնք հասարակության լայն շրջանակներին ներկայացնելու դեպքում հնարավոր լիներ գաղտնի պահել երկրի չարկամներից եւ չներշնչել զինվորներին, թե իրենք սխալ գործի են գնում: Մինչդեռ հայկական ջոկատի կենսունակությունն ու կորուստներ չտալու երաշխիքը մարտունակությունն է:

Աշխատանքային ողջ օրը խորհրդարանը երեկ հատկացրեց Իրաք հայ մասնագետների ջոկատ ուղարկելու հարցի քննարկմանը, որն ավարտվեց ուշ երեկոյան: Աշխատանքները շարունակվեցին մինչեւ գիշերՙ խորհրդարանը քննարկում էր պետբյուջեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4