ԲԱՔՈՒ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին մի քայլ էր բաժանում Պրահայում համաձայնագիր ստորագրելուց», հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ընդսմին, ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, ռուսաստանցի դիվանագետն ընդգծել է, որ Աստանայի հանդիպումից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները երկու հանրապետությունների արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի միջեւ ձեռք բերված համաձայնությունները պետք է վերլուծեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ եւ որոշում կայացնեին դրանք ընդունելու կամ չընդունելու մասին: Հատկապես նշելով, որ «ղարաբաղյան հիմնախնդիրը ՄԱԿ-ի քննարկմանը դնելու Ադրբեջանի ցանկությունը խառնեց բոլոր խաղաթղթերը»: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը որպես հաջող քայլ է գնահատել ՄԱԿ-ում այդ հիմնախնդրի քննարկում թույլ չտալը:
Յուրի Մերզլյակովն այն կարծիքին է, որ Ադրբեջանի քայլը մի քանի ամսով արգելակեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Այդուամենայնիվ, Մերզլյակովը հուսով է, որ 2005 թվականին Պրահայում ծրագրված հանդիպումը հաջողությամբ կպսակվի: «Ես հավատում եմ, որ 2005 թվականը բեկումնային կլինի ղարաբաղյան հիմնախնդրի լուծան գործում, եւ մենք հաջողության կհասնենք»: