«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2004-12-23 | #232, 2004-12-24 | #233, 2004-12-25


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ... ՖՈՐՊՈՍՏԸ

Կիրակի օրը «նարնջագույն» հեղափոխությանը հավանաբար կտրվի իրավական ձեւակերպում

Ավելի քան 12 հազար օտարերկրյա դիտորդների ներկայությամբ վաղը Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխությունը կստանա իրավական ձեւակերպում: Նախկին վարչապետ, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ջորջ Սորոսի եւ հեղափոխություններ իրականացնելու մեջ մասնագիտացած մի շարք ամերիկյան կազմակերպությունների («Ֆրիդոմ հաուս», ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտ եւ այլն) ակտիվ աջակցությամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւմուտքում եւ մայրաքաղաք Կիեւում լայն ժողովրդականություն վայելող Վիկտոր Յուշչենկոն ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների երրորդ փուլում կհաղթի գործող վարչապետ Վիկտոր Յանուկովիչին:

Արեւմուտքի կողմից Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ որոշ երկրներում ներդրված եւ ֆինանսավորված թավշյա հեղափոխությունները մեկը մյուսի հետեւից տապալում են ավտորիտար վարչակարգերը: Որքան էլ Կիրգիզիան, Ադրբեջանը, Բելառուսը կամ Հայաստանը տարբերություններ ունենան Հարավսլավիայի, Վրաստանի կամ Ուկրաինայի համեմատ, ակնհայտ է, որ առաջինը նշված երկրների ավտորիտար կամ կիսաավտորիտար վարչակարգերը մտահոգվելու բան ունեն:

Հայաստանի արտգործնախարարն իր վերջին մամուլի ասուլիսում խիզախորեն նկատեց, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական է հենց գործող իշխանությունը եւ ինքն այդ իշխանության ներկայացուցիչներից է: «Մենքՙ հայերս, իսկապես ստեղծագործ ժողովուրդ ենք: Բայց ինձ համար ցավալի է, երբ ինչ-որ մարդիկ մեկ-երկու դեպքից խանդավառվում են, ուզում են կրկնել ուրիշների փորձը», ասաց Վարդան Օսկանյանը:

Ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ընդդիմությունն է խանդավառվել Ուկրաինայի դեպքերով, ինչպես ժամանակինՙ Վրաստանով: Օրինակ, Բելառուսում չհաջողվեց ներմուծել որեւէ գույնի հեղափոխություն, քանի որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիտի ընդդիմությանը ջարդելու ձեւերը: Ռոբերտ Քոչարյանը, թվում է, արդեն հաղթահարել է վտանգը. ապրիլի 12-13-ին Հայաստանի նախագահի հրամանով ուժայինները կարողացան մահակների օգնությամբ վախեցնել ընդդիմության առաջնորդներին, որոնք ժողովրդի կողքին մինչեւ վերջ կանգնելու խոստումի փոխարեն նախընտրեցին արագավազքը:

Ուկրաինայում Արեւմուտքը կարողացավ իրականացնել այսպես կոչված «փողոցային անարխիայի», կամ, ինչպես սիրում են ասել արեւմտյան մեկնաբանները «ժողովրդի իշխանության» տեխնոլոգիան. երբ իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն Արեւմուտքի ֆինանսական եւ քարոզչական աջակցությամբ շրջափակում է վարչական շենքերըՙ նախագահականը, խորհրդարանը եւ ստիպում իշխանություններին գնալ զիջումների: Այս ճանապարհով իրականացան թավշյա հեղափոխությունները Հարավսլավիայում եւ հարեւան Վրաստանում:

Յուշչենկոյի հաղթանակը որեւէ մեկի կասկածը չի հարուցում, սակայն մտահոգություններ կան, որ վաղըՙ ընտրությունների օրը կարող են լինել սադրանքներ, զանգվածային անկարգություններ: Յանուկովիչը, որը ընտրությունների երկու փուլերում ստանում էր Ռուսաստանի, ինչպես նաեւ գործող նախագահ Լեոնիդ Կուչմայի անվերապահ աջակցությունը, մի քանի օր առաջ հայտարարեց, որ «կրքերը բորբոքվում են, եւ ես մտահոգ եմ հնարավոր սադրանքներով, անգամ արյունահեղությամբ»:

Դեռեւս սեպտեմբերի 5-ին ենթադրաբար ռուսական հատուկ ծառայությունների անուղղակի մասնակցությամբ թունավորված Յուշչենկոն երկու օր առաջ հայտարարեց, որ «Ռուսաստանը ոչ միայն հզոր տերություն է, ոչ միայն մեր հզոր հարեւանն է, այլեւ հավերժ ռազմավարական գործընկերը»: Թունավորվելու պատճառով իր նախկին տեսքը կորցրած Յուշչենկոն ընդգծեց, որ Ուկրաինայի տեղն ապագայում Եվրոպան է:

48 միլիոն բնակչությամբ Ուկրաինան տարածքով Եվրոպայի ամենախոշոր երկիրն է եւ իր այսօրվա տեսքը քաղաքական քարտեզի վրա ստացել է 1954 թ., երբ Խրուշչովը Ղրիմի թերակղզին նվիրեց ուկրաինացիներին: Մինչ այդ Լեհաստանից, Հունգարիայից եւ Չեխոսլովակիայից որոշ տարածքներ Մոսկվան պոկել եւ կցել էր Ուկրաինային:

Յուշչենկոն խոստանում է նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո անել ամեն ինչ, որպեսզի վերանա երկրի արեւմուտքի եւ արեւելքի միջեւ ընտրությունների ընթացքում խորացած անջրպետը: Արեւմուտքն ուկրաինախոս է, կաթոլիկ, չափավոր ազգայնական, արեւելքը եւ հարավըՙ ռուս կամ ռուսախոս, ուղղափառ, ընդգծված ռուսամետներ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4