Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Արման Մելիքյանը որոշ ժամանակով կհամատեղի իր նոր պաշտոնը Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պարտականությունների հետ: Մելիքյանը նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով երեկ է նշանակվել արտգործնախարարի պաշտոնումՙ փոխարինելով Աշոտ Ղուլյանին, որն այսուհետեւ գլխավորելու է կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը:
Արցախի հանրապետական հեռուստատեսության հաղորդման համաձայն, Ղուկասյանը ասել է, որ ԼՂՀ արտգործնախարարության աշխատանքի մի մասը պետք է տեղափոխվի Հայաստան, որտեղ գործունեության ավելի լայն դաշտ կա, քանի որ դեսպանատները եւ միջազգային կազմակերպությունները կենտրոնացված են Երեւանում: Փաստորեն, առաջին անգամ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչը համատեղում է լիազորությունները արտգործնախարարի հետ:
«Ազգի» աղբյուրները Ստեփանակերտից հաղորդում են, որ Աշոտ Ղուլյանի փոխարինումը Արման Մելիքյանով անակնկալ չէր: Քանի որ պարզ չէ, թե որքան ժամանակով է Մելիքյանը համատեղելու արտգործնախարարի եւ մշտական ներկայացուցչի պարտավորությունները, ասել է թեՙ որքան ժամանակ նրա նստավայրը կլինի Երեւանում, որոշվել է ԼՂՀ արտգործնախարարությունում կատարել ներքին կառուցվածքային փոփոխություններ: Ավելի պարզՙ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը փաստացի գլխավորելու է ԼՂՀ արտգործնախարարությունը Ստեփանակերտում:
Արտգործնախարարի եւ մշտական ներկայացուցչի պարտականությունների համատեղումը արդարացված է թե ոչ, խոսակցության այլ թեմա է, դա պետք է դիտարկել ղարաբաղյան կարգավորման այսօր ընթացող բանակցություններով: Նախագահ Ղուկասյանը, ըստ Արցախի հեռուստատեսության, արտգործնախարարության աշխատակիցներին ներկայացնելով Մելիքյանին, նկատել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է ԼՂՀ արտաքին քաղաքական ակտիվացման անհրաժեշտությամբՙ միջազգային վերջին զարգացումների լույսի ներքո:
Արման Մելիքյանը 4-րդ արտգործնախարարն է: Այդ պաշտոնը զբաղեցրել են Աշոտ Ղուլյանը, Նաիրա Մելքումյանը եւ Արկադի Ղուկասյանը: Մելիքյանը ծնվել է 1963 թ. Երեւանում, ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պարսկական բաժինը, 1993-99 թթ. եղել է Ղազախստանում եւ Կիրգիզիայում Հայաստանի դեսպանը: Մելիքյանն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան, տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ պարսկերենին:
Թ. Հ.