«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2004-12-23 | #232, 2004-12-24 | #233, 2004-12-25


«ԾԱՆԻՐ ԶՔԵԶ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Մաս երկրորդ

Մենքՙ հայերս

Եգիպտոսում եմ սկսել կյանքս եւ մինչեւ Հայաստան գալս անդադար երազել եմ զայն ավարտել հայրենիքում:

40 տարեկանիս 1962-ին Եգիպտոսից հեռանալու եւ մինչեւ Լենինականում մեր նոր բնակարանը հասնելու պատմությունը մի քանի օրերու տեւողություն ունի ընդամենը: Բայց ամեն մեկ րոպեն այնքան բացառիկ էր, նոր եւ անսովոր ու տպավորիչ, որ հնարավոր չէ մոռանալ: Ուզում եմ այդ հուզումնալից ապրումներից մի պահը առանձնացնել:

Պատմելիքս կրնա շատ անհետաքրքրական, աննշան թվալ ընթերցողիս, իրականին մեջՙ ժողովուրդիս բարոյական ըսեմ թե մտավորական վիճակի մեկ բացահայտումն էր ինձ համար, անսպասելի, լրիվ խորթ, իմ գիտցած հայ մարդուն անհարիր: Պահին, ավելի ճիշտ, խոսակցության իրական նշանակությունը պիտի գիտակցեի ժամանակի ընթացքին: Երեւի հիվանդագին չափերի հասնող տարիներու մտասեւեռումսՙ ամեն գնով Հայաստանում ապրելու, ինձ հասցրել էր այնպիսի հոգեվիճակի, որ հայրենիքի մասին որեւէ հոռի լուր ընդունում էի իբրեւ վիրավորանք իմ անձի հանդեպ: Հայրենիքիս երեւակայական պատկերին վրա ամենափոքր բիծն անգամ անհանդուրժելի էր: Չեմ կարծում, որ ընթերցողներու համակրանքը կրնամ շահել այս բաները գրելով: Եթե կասկածելի չերեւամՙ էլի գոհ եմ:

Մեզի ընկերակցողները մեզ առաջնորդեցին մեր նոր բնակարանը, որուն շինարարությունը, ըսին, ավարտվել էր ընդամենը մի օր առաջ: Բակն ալ ասֆալտապատված էր, մաքուր սեւ գույնով: Ուրիշ գույն ասֆալտ չկա կարծեմ: Բնական է, երբ բնակարան մտանք, սկսանք զննել մեր նոր կացարանը: Հինգ հարկանի վարդագույն տուֆակերտ շենքը նոփ-նոր պետք էր ըլլար: Բայց տեսնում էինք, որ նորի տեսք չուներ: Երբ պարզապես դիտում էի նոր բնակարանս, չկարողացա ինձ զսպել եւ մեզի ընկերակցող պատասխանատուին հարցրի` այդ պատուհանը հա՞յ արհեստավորի սարքածն է: Անմիջապես կտրուկ պատասխան հակահարված ստացա, որ շենքը մեր հարազատ հայրենի կառավարությունը կառուցել է մեզ համար. եթե պակասություններ նկատում ենք, մենք ալ մեր հերթին ձեռներս ծալած չնստինք, անմիջապես գործի անցնինք եւ բան մըն ալ մենք անենք` թերությունները վերացնենք, ի՞նչ է եղել որ, հայրենի պետությունը համարյա ձրի մեզի տուն էր տալիս: Ճիշտ էր ասում: Բայց ինձ տանջող հարցը իմ հայրենակցիս չէր հետաքրքրում, նույնիսկ երեւի մտքի ծայրից էլ չէր անցնի իմ մտահոգությունը: Իմ գիտցածովս եղեռնից պրծած մեր հայրենակիցները, որոնք ցրվեցին աշխարհով մեկ, որքան որ ալ ախպար ըլլային, գոնե մի բան գիտեին, որ եթե մի գործ, մի փեշակ ունես, օրինակՙ եթե արհեստավոր ես, պարտավոր ես լավ, անթերի սարքել պատուհանը, թե ոչ` ոչ ոք քեզի սարքելու համար պատուհան չի պատվիրի, conscience professionelle ըսված բան մը կար, որ է նոր հայերենով «արհեստավարժի խիղճ»: Ի՞նչ կապ ունեին ձրի տունը եւ վատ ատաղձագործի սարքած «բրակ» պատուհանը, որ ամեն օր մեր տեսողությունն էր վիրավորելու: Սա իմ առաջին օրվա տխուր ապրումս էր: Եթե 1915 թվականեն վերջ նախճիրեն փրկված հայերը ցրվեցան աշխարհով մեկ, եթե կարողացան իրենց չկորցնել եւ հաջողեցան իրենց հյուրընկալ երկիրներու մեջ իրենց կյանքը կազմակերպել եւ արժանանալ հյուրընկալներու հարգանքին, իրենց մասնագիտական վարպետության եւ պարկեշտության շնորհիվ էր միայն: Հետո ես պիտի իմանայի, որ մեր հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած ամենակարեւոր կառույցներեն որեւէ մեկը չի կառուցվել մինչեւ վերջ իր նախագծով եւ իր ուզածի պես, իսկ եթե այսօր Հայաստան ըսված երկիր մը կա, մանավանդ իր անզուգական Երեւան մայրաքաղաքով, եւ մանավանդ իր Կառավարական տունով եւ Օպերայի շենքով, որոնք մեր ազգային հպարտություններն են իրավամբ, դա եղել է Ալեքսանդր Թամանյան անունով մի սուրբի շնորհիվ:

Տարիներու ընթացքին ես հասկցա, ցավ ի սիրտ, որ եթե Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը, այն, ինչ որ Թամանյանն էր նախագծել, իր նախագծած կառույցները, որոնք մեյ մեկ հուշարձաններ են, եթե հայ ժողովուրդին հանճարի խորհրդանիշեր են, ապա այդ նույն կառույցները ամենատխուր վկայություններն են մեր կիսատ-պռատության, մեր անբարեխղճության, անլուրջության, գործ մը մինչեւ ավարտին հասցնելու մեր անկարողության: Եթե մենք չկարողանանք բուժվել «խալտուրշչիկի» հիվանդութենեն, ուրեմն պիտի խաչ քաշենք Հայաստանի վրա: Թամանյանի նախագծած Երեւանի գլխավոր հատակագիծը իր նախագծած շենքերուն կատարյալ իրականացումը պիտի ըլլար, այն հիմքը, որուն վրա պիտի բարձրանար մեր նոր պետականությունը: Եթե մի օր մեր ժողովուրդը եւ պետությունը գիտակցին, որ Թամանյանի նախագծած կառույցները պետք է բերվին այն վիճակին, ինչ որ Թամանյանի փափագն էր, կնշանակի որ մենք ժողովուրդ ենք, հա՛յ ժողովուրդ: Առայժմ քաղաքը, մեղմ ասած, ավարառության է մատնված:

Մի ուրիշ տխուր դեպքի ալ ականատես եղա, որը չեմ մոռանալու: Կյանքիս վերջավորության համոզվեցա, որ կեղծը, սուտն է իրականը: Ճշմարտություն կա, բայց մարդ արարածը ստելով եւ խաբեությամբ է լավ զգում: Առանց սուտի ապրիլը անկարելի է: Ինչ կա որ, բոլորը իրար խաբում են: Բայց կարելի է առանց խաբելու ապրիլ: Անշուշտ, ըսածս վերաբերում է որոշ մարդկանց:

Ահավասիկ իմ ներկայության պատահած դեպք հայրենիքում հաստատվելես տարիներ անց: Մի նշանավոր, կարծեմ ամենանշանավոր պղնձագործ վարպետի արվեստանոցում մի ճապոնացի եկավ Մոսկվայից` ընդունելու համար պղնձյա մի գեղեցիկ սկահակ, զոր տեսել էր Մոսկվայում եւ պայմանավորվածություն կար: Մարդը եկել էր վերցնելու իր ուզածը եւ վճարելու: Վարպետը բերավ իր ստեղծագործությունը եւ հանձնեց ճապոնացի պատվիրատուին: Ճապոնացին վերցուց պղնձյա գեղեցիկ գործը, զննեց, հետո գրպանեն հանեց լուսանկար մը, համեմատեց իրեն առաջարկված նմուշի հետ եւ ըսավ, որ իրեն ներկայացվածը Մոսկվայում ցուցադրվածը չէ, նման է, բայց նույնը չէ, ահավասիկ իր ուզածին լուսանկարը: Եվ պարզվեց, որ մեր հայ մեծ վարպետը խաբեբա է: Ճապոնացին, որ Մոսկվայից վեր էր կացել հազարավոր կիլոմետրեր կտրել-անցել իր ապրանքի համար, ձեռնունայն վերադարձավ Մոսկվա, երեւի մտածելով, որ հայերը խաբեբա են: Ես եմ, որ երեւի այդպես եմ մտածում: Երեւի ճապոնացին այդ ժամանակ գիտեր, որ աշխարհը ավելի շատ բնակված է խարդախներով: Ես նկատեցի, որ մեր մեծանուն վարպետը բոլորովին չկարմրեց: Ինչ էր եղել որ:

Այս երկար նախաբանը գրում եմ կարծես ժամանակ շահելու համար, ուզում եմ գրել մեր ազգին հպարտությունը եղող երկու վարպետներու մասին, ոչ թե պարզապես իրենց նկարչության մասին, այլ իբրեւ մեր ժողովուրդի իսկական ներկայացուցիչներու: Ուզում եմ կարենալ զիրենք ներկայացնել իբրեւ ժողովուրդին հոգին արտահայտող, իբրեւ հայ մարդու տեսակի, հայ ժողովուրդի տեսակի ամենակատարյալ նմուշներ: Բայց ո՞վ է հայը, որ դարեր ի վեր ապրում է իբրեւ մարդկության ընտանիքին մեկ մասը, անդամը: Ուրեմն խոսքը հայոց պատմության մասին է նախ: Այստեղ է, որ վախը ինձ բռնեց: Ի՞նչ է հայրենակիցներուս մասին իմ գիտցածս, որքա՞ն հավաստի է: Գիտեմ, որ շատ բան չեմ գիտեր: Չեմ ուզում շատ հեռանալ մեր այսօրից: Մտածեցի անդրադառնալ հայոց պատմության քրիստոնեության հետ սկսող ժամանակաշրջանին, որովհետեւ քրիստոնեության ընդունումը շատ բան է ասում ազգիս հոգիին եւ նկարագիրին մասին: Անշուշտ շատ քիչ բան գիտեմ, բայց որոշ բաներ կարդացել եմ: Վահագնի ծնունդեն մինչեւ քրիստոնեությունը հայերը ի՞նչ էին, չեմ գիտեր, կամ հիմա այդ մասին չխոսեմ: Բայց քրիստոնեության իբրեւ կրոն ընդունիլը շատ բան է ասում այսօրվա ապրողներուս մասին, որովհետեւ ժամանակով շատ մոտ է մեզի: Միշտ ասվում է, որ հայերը Արեւելքի եւ Արեւմուտքի մաս են կազմում, կապող օղակ Արեւելքը Արեւմուտքին: Ես կարծում եմ, որ հայերը արեւելքցի են եւ մնում են միշտ: Բայց` միշտ ձգտող դեպի Արեւմուտք: Ինչո՞ւ չեն ձգտում դեպի Արեւելք: Դա դժվար է բացատրել, բայց հատկապես այդ ձգտումը ավելի պարզ երեւում է վերջին դարերուն: Քրիստոնեությունը, զոր հայերը ընդունել են, հայերու ստեղծագործությունը չէ: Ոչ Քրիստոսը, երբ ապրում էր այս աշխարհի վրա, հայ էր, ոչ ալ իր աշակերտներն ու առաքյալները: Այստեղ է երեւում հայուն ամենակարեւոր մեկ հատկանիշըՙ այդ տեսակ ստեղծագործությունը հայերու կարողութենեն վեր է: Հայերը մինչեւ քրիստոնեություն ընդունելը, ժամանակակից ձեւակերպումով ասած, ունեցե՞լ են «ազգային գաղափարախոսություն»: Իսկ քրիստոնեությունը ինքը կատարելապես միջազգային, ինտերնացիոնալ գաղափարախոսություն մըն էր եւ մնում է այդպես: Բայց հայերը օժտված են, ունին այդ կարողությունը օգտվելու ստեղծվածից: Դա էլ ամենահայկական պահն է: Երեւի մի բան գիտեին, որ ընդունեցին եւ մտիկ ըրին Քրիստոսի առաքյալներուն, եւ հետո ուզեցին հայերեն թարգմանել Սուրբ Գիրքըՙ Հին եւ Նոր կտակարանները, որոնք գոյություն ունեին երեք լեզվով, երկու հատը արեւելյանՙ եբրայերենը եւ ասորերենը, մեկը եվրոպական լեզվովՙ հունարեն: Այս երեք լեզուներից հայերը «ստեղծում» են իրենց հայերեն Սուրբ Գիրքը: Ահավասիկ կարծեմ լավագույն օրինակ մը հայերեն լեզվի մեջ Արեւելքի եւ Արեւմուտքի միաձուլման: Դրանից շարունակությունըՙ հայ գրականությունը առաջին հերթին երաժշտություն, ճարտարապետություն, թարգմանական գրականության սկզբնավորումը եւ զարգացումը մինչ օրս: Շատ չանցած երեւան եկավ հայկական մի ուրիշ հատկություն: Հայոց մտավոր կարողության սահմանափակությո՞ւնը, թե՞ մի ուրիշ կարեւոր պատճառ: Քրիստոնեությունը համամարդկային ուսմունք մըն էր, ծրագիր մը, որը պետք է տարածվի եւ ընդունվի մարդկության կողմե: Ուրեմն անհրաժեշտ է ղեկավարություն, պետք էր գործադիր իշխանություն, պետք է կառույց, պետք է կարգ ու կանոն: Եվ հիմնվում է եկեղեցին: Դարեր է տեւում այդ եկեղեցիին կառուցումը: Այսօր կաթոլիկ եկեղեցին իր Վատիկանի պետությամբ ունի միլիոնավոր բազմազգ հպատակներ բոլոր ցամաքամասերուն վրա: Իսկ հայերը` ո~ւր, համամարդկայինը` ո՜ւր. շատ չի անցնում եւ հայերը դուրս են դառնում եկեղեցուց:

Նախընտրեցինք կծկվել մեր սահմաններուն մեջ, այսինքն «Ազգային եկեղեցի» սահմաններում, եւ մեր սահմանափակությունը դարձավ մեր արժանիքը: Մենք մինչեւ վերջերս «եկեղեցիի» կողմից նկատվում էինք իբրեւ հերձվածներ, վտարվածներ «եկեղեցիեն»: Միայն վերջերս «Տիեզերական եկեղեցու» Հռովմի պապը նույնիսկ Հայաստան այցելեց եւ նշեց, որ հայկական եկեղեցին ալ քրիստոնեական է եւ առաքելական: Չե՞ք անդրադառնում, թե որքան անգամներ մեր պատմության օրհասական ժամերում մենք դիմել ենք մեր եվրոպացի «քրիստոնյա եղբայրներուն», բայց նրանք մի քացի էլ իրենք են տվել, որովհետեւ մեզ քրիստոնյա չեն համարել, իրենցից չեն համարել, եւ այստեղ է մեր հայերուս ղեկավարության հիմարությունը, որ չեն ուզում հասկնալ, որ նրանք մեզ չեն համարում «քրիստոնյա»: Մենք իրենցից չենք: Թե չէ, թող մի հատ «կաթոլիկի» քիթը արյունի մի տեղ, տես ինչպես Հռոմի պապը օգնության կհասնի: Երեւի պատահական չէ այն հայտարարությունը, որ մեր պետական գործիչը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ձեր «դեմոկրատիան» ուրիշ է, մերըՙ ուրիշ:

Մենք հայ ենք, մերը ուրիշ է: Հասկացա՞ք: Ինչպես ալ որ գնահատենք մեր նախահայրերու որոշումները, ընդունելով քրիստոնեությունը հայերը հասան մտավոր զարգացման մի աստիճանի, երբ առաջ քաշվեց հայերեն գրականություն, հայերեն գիրեր ունենալու կենաց-մահու հարցը: Համենայն դեպս «Հայոց եկեղեցին» (Մաղաքիա Օրմանյան) հայ ժողովուրդի մտավորական բարձրագույն ստեղծագործությունն էր: Պետություն չենք կարողացել ստեղծել: Մեր մտավոր կարողությունը այդտեղ չի զորել, այդտեղ երեւան է գալիս մեր ժողովուրդի անչափահասությունը: Բայց Հայոց առաքելական եկեղեցին եղել է «հայության», հայկականության պաշտպանը: Եկեղեցիի շատ ծառաներ զոհվել են իրենց դավանանքի համար: Չեմ ուզում իմաստակներու հետ գլուխ դնել` քրիստոնյա՞ հայ, թե՞ հայ քրիստոնյա: 70 տարի մի ուրիշ «մարդասիրական» գաղափարություն ալ ուզեցին փաթաթել հայերուն վզին: Փառք աստուծո, պրծանք, բայց մեր մարմնին կպած կոմունիստական կեղտին հոտը փակած է մեր մարմիններուն, տեսնենք քանի տասնամյակ պետք պիտի ըլլա հականեխվելու համար: Գոնե սկսելու համար մեր երախաներուն սորվեցնեինք ինչ հոգեւոր առաջնորդներ է տվել, ինչ մշակույթ է ստեղծվել հայ քրիստոնյաներու ջանքերով. մեր ճարտարապետությունը, Սուրբ գրքի թարգմանությունը, հելլենական մշակույթի թարգմանությունը, մեր շարականները, մանրանկարչությունը... ո՞ր մեկը ըսեմ:

Բայց, ինչպես կարծում եմ, հայերը «արեւելքցի» են, բայց իրենք ալ չեն գիտեր` ինչու այս անզուսպ ձգտումը դեպի Արեւմուտք: Այսքան սանձարձակ կերպով Արեւմուտքեն ընդունիլ ինչ որ հոռի է, կարծեմ ոչ մի արեւելքցի ժողովուրդի մոտ չես տեսնի: Հզոր պետություններ ամեն տեսակ պատնեշներ ստեղծում են Արեւմուտքի իրենց համար խորթ ազդեցություններեն պաշտպանելու համար իրենց ժողովուրդը: Բայց հայերը երեւի մտածում են, որ դիմադրելը անկարելի է: Իրանը եւ մենք դարավոր իսկական հարեւան ժողովուրդներ ենք նույն լեզվախմբեն, նույն սովորություններով, 1000 տարի ալ եղել ենք իրենց տիրապետության տակ, բայց իրենք չեն մտածել մեզ ոչնչացնել: Այդ հզոր երկիրը ամեն ինչ անում է, որ պաշտպանի իր արեւելքը: Ծայրահեղօրինակ. կանանց մասին ընդունվածը խիստ եւ անարդար օրենքներ են: Կանանց թեկուզ հագուստ-կապուստի կապակցությամբ` սա ամենաբացահայտն է: Ես համաձայն չեմ: Ինչո՞ւ միշտ առաջին հերթին կուլան կանանց գլխին են ջարդում: Երեւի հիմնական մտահոգությունը ընտանիքի պաշտպանությունն է: Ընտանիքի պաշտպանության համար չեն ընդունում կանանց եւ տղամարդկանց հավասարությունը: Բայց, արի Հայաստան եւ տես, որ շուտով հայ աղջիկները, կիները կսկսին մերկ ման գալ փողոցներում, երեւի անհամբեր սպասում են Արեւմուտքի ազդանշանին: Բայց վստահ եմ, որ հայերը եթե սիրում են Արեւմուտքը, նաեւ որովհետեւ ամենայն դեպս ուզում են «կրթվիլ», սորվիլ, ուզում են ապրիլ արժանապատվությամբ, ազատ երկրի մեջ, գիտեն, որ ունին կարողություններ եւ կարող են իրենցը ստեղծել: Եվ նամանավանդ հայերը ունին «գոնոր»: Հայը ուզում է փորձել եւ ապացուցել, որ կարող է:

Մեր Արամ անունով «հանդուգն պատանին» չէ, որ «թռչող մարզաձողի վրայից» Ձենով Օհանի ձենով պատգամում էՙ «Ուր որ երթաս, պոռա Հայաստան», դու պակաս չես որեւէ անգլո-սաքսոնից, դեռ տեղ կա, որ դու իրանցից բարձր ես: Ես չմոռնամ նաեւ, որ 42 տարի է հայրենիքիս մեջ եմ, տակավին չէ պատահած, որ հայրենակցիս մի բան հարցնեմ եւ ըսե, որ կներես, եղբայր, այդ բանը չեմ գիտեր: Ի՞նչ է ասել «չեմ գիտեր», ամոթ չէ՞, եթե չի գիտեր գոնե կրնա՞ բան մը բստրել, չէ՞, ինչ կա որ: Կա ուրիշ մի բան էլ, անեծք մը, որ կարծեք օրինաչափություն է դարձել, որ մեր բոլոր մտավորականները, մեր արվեստագետները կյանքից պետք է հեռանան անժամանակ, մեռնին երիտասարդ, հիվանդ, սպանվեն կամ խանգարվեն, որ չկարողանան իրենց գործը ավարտին հասցնել, ապրիլ այնքան մինչեւ գահաժառանգը չափահաս դառնա: Սրա վրա եթե ավելցնենք երկրաշարժը, որ երկու սերունդ մեկ գալիս է կործանելու մեր տունը, կարծեմ պատկերը կամբողջանա: Ինչու զարմանալ, որ մեկ տասնամյակե ի վեր մեր տիրացած անկախության ընթացքին չկարողացանք որեւէ բան ստեղծել, կամ եթե ստեղծեցինքՙ անմիջապես սկսանք քանդել: Ինչպե՞ս կարելի էր, ժողովուրդ, քո առաջին ղեկավարներդ այնպես վարկաբեկել եւ ոչնչացնել, որ հետքը չմնա: Պարզ չէ՞, որ հաջորդներուն ալ պիտի վարկաբեկես եւ ոչնչացնես, եւ դուն ուզում ես պետությո՞ւն ունենալ: Երեւի ոչ էլ ուզում ես:

Երկու նկարիչները, որոնց մասին ուզում եմ գրել, արդեն համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ են: Գորկին իբրեւ ամերիկացի նկարիչ փնտրված հյուրն է աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններուն եւ իր հեղինակությունը տարվե տարի աճում է: Վարպետ Սարյանը ժամանակակից, մանավանդ արեւմտյան արվեստաբանության, ծանոթ է որպես մեր ժամանակներու մեծագույն ամենաինքնատիպ նկարիչներեն մեկը եւ պատահական չէ, որ ինքը միակ նկարիչն էր Սովետական Միությունում ապրող, որ արժանացավ աշխարհի ժամանակակից ամենահեղինակավոր պատկերասրահում ցուցադրվելուՙ Փարիզի Պոմպիդու կենտրոնում: Ճիշտ է, որ իր ստեղծագործությունները հիմնականում Հայաստանում են, բայց Սարյանի տեղը 20-րդ դարի մեծագույն նկարիչների շարքում է: Այնպես որ, ես կերպարվեստի պատմաբան, արվեստաբան ալ չեմ, բայց իբրեւ նկարիչ որոշ չափով ծանոթ եմ երկու նկարիչներուն ստեղծագործության եւ մանավանդ գրում եմ հայ մարդու զգայնությամբ եւ զգացումներով: Իմ կարծիքներս կրնան ըլլալ վիճելի եւ որոշ չափով ալ գրգռիչ, բայց այս հոդվածը չեմ կարծում, որ արվեստաբանությունը հարստացնելու է, մանավանդ որ բնավ հավակնություն չունիմ, որ մտածեմ, թե այդ մեծագույն նկարիչները սպասում են իմ գնահատականին: Բայց համոզված եմ, որ երկու վարպետներու, թողած ժառանգությունը կրնա տակավին հետազոտողներ ունենալ, մանավանդ Սարյանի թողած ժառանգությունը: Շատ հետաքրքրական եւ հարուստ նյութ է, որ սովետական ռեժիմի պայմաններու մեջ, սովետական արվեստաբանական մտածողական կաշկանդվածության պատճառով բավարար չափով չի գնահատվել, ուշադրություն չի գրավել: Խոսքը կոչումներու, մրցանակներու կամ պատիվներու մասին չէ: Սարյանը արժանանում էր պատիվներու մարդկանց կողմից, որոնք ոչ իր գործը հասկանում էին, ոչ ալ սիրում: Հավատում եմ, որ ներկա եւ ապագա հայ արվեստաբանները նորովի պիտի արժեւորեն մեր պատմության բոլոր ժամանակներու մեծագույն վարպետի թողած անգնահատելի ժառանգությունը:

Վերջին տասնամյակներուն, վերջին տարիներուն մանավանդ, Արշիլ Գորկի անունը շատ է հոլովվում Հայաստանի արվեստասերներու շրջանակում: Մանավանդ իր նամակներըՙ գրած իր քրոջՙ նկարչուհի Վարդուշին, շատ հետաքրքրական եւ հուզիչ են: Նաեւ իր նկարներուն անունները: Իր խոսքերը, որոնք հիշվում են, հուզում են մանավանդ հայրենի մտավորականությունը, որը չունենալով բավական զարգացում, կրթություն, հաճախ ի վիճակի չէ շատ խորանալու հարցի մը մեջ, անհրաժեշտություն ալ չի զգում. բան չկա, ասում են, այսպես ալ կըլլա: Հոդվածներ են գրվում, նույնիսկ պիեսներ: Ատոմ Եգոյանի կեղծ ֆիլմի տհաճ հերոսներեն մեկն էր եւ շարունակում է իրեն հանդեպ հետաքրքրությունը մեծնալ մանավանդ հայ նոր սերունդի նկարիչներու շրջանում: Ոչ մի հայ նկարիչ այնպես չի գրավում եւ ազդում երիտասարդ հայ նկարիչներուն վրա, ինչպես Արշիլ Գորկին: Ես ալ ահավասիկ ուզում եմ գրել Գորկիին մասին, ընդունելով, որ հատկապես իր ստեղծագործությունը ուսումնասիրելու համար հատուկ ժամանակ չեմ հատկացուցած: Կարդացած եմ իր նամակները անգլերենե թարգմանված, տեսած եմ մի քանի բնօրինակներ իր գործերեն, եւ դիտած եմ մի քանի գիրքերու մեջ իր ստեղծագործության արտատպումները: Նաեւ պետք է խոստովանիմ, ցավ ի սիրտ, որ գրողական արժանիքներ չունիմ, կրթություն չունիմ եւ չունիմ գրելու ոճ մը, որ թույլ է տալիս ուրիշներուն կազմելու սքանչելի շարահյուսումներ հայերեն բառերու, որոնք ինձ հիացնում են, բայց չեմ ընկալում գրողին միտքը կամ ըսածը, որովհետեւ այդ տեսակ գրելաձեւը նաեւ շատ հարմար է գրելու նյութի մը մասին, երբ գրողը ուզե կամ չուզե, իր բառերը անզոր են: Այս պարագային «վերացական» ըսված նկարչությունը նկատի ունիմ:

Չեմ գիտեր, Գորկին արվեստաբաններու կողմից դասվո՞ւմ է նկարչության հանճարներու շարքին: Դժբախտաբար ես իր մասին գրված ուսումնասիրությունները քիչ եմ կարդացել, ծավալով մեծ չեն այդ հոդվածները: Բայց գրված են Գորկին սիրող, իր գործը ուսումնասիրած, գիտուն մարդկանց կողմից: Արժե հիշել նրանց անուններըՙ Գ. Քեոսեյան, Ա. Պիրեճիքլյան, Փ. Բալաքյան, որոնք սքանչելի գրողներ են, բայց ես դժվարանում եմ իրենց գրվածքներով պատկերացնել, թե ինչի մասին են գրում: Կարդացել եմ հուշերի պատառիկներ: Եթե ես կրկնելու եմ արդեն ըսվածները իր մասին, դա անում եմ անծանոթ ըլլալով իր մասին կարծիքներու մեծ մասին: Նախ ասեմ, ըստ իս, որ Ոստանիկ Մանուկ Ադոյանը հանճարեղ է, բայց հանճար չէ: Հանճարը իր ուսուցիչներն են. իր պարագային իր առաջին ուսուցիչը, զոր ինքը ընտրած է, եւ վերջինը: Առաջինը Կլոդ Մոնենՙ «իմպրեսիոնիզմի» հայրը, երկրորդը Վասիլի Կանդինսկինՙ վերացական (աբստրակտ) արվեստի ստեղծողը: Առաջինը նկարչության համար նոր ճանապարհի բացողն է, երկրորդը` այդ ճանապարհը ավարտողը: Այդ «ճանապարհաշինության» մասնակցել են մի քանի ուրիշ մեծ վարպետներ, ինչու չէ, նաեւ հանճարներ. «պատկեր մը կը հաջորդե ուրիշի մը, իմաստություն մը կը հաջառացնե ուրիշ մը»,- ինքն է ասողը: Բայց այդ մասին շատ խորանալու կարիք չկա այս փոքր հոդվածին մեջ, մանավանդ ընթերցողներուս մեծ մասը հավանաբար հատուկ հետաքրքրություն կրնան չունենալ նկարչության հանդեպ, ավելի ճիշտ` մեր ժամանակներու Արեւմուտքի արդիական կոչված նկարչության:

Ոստանիկ Մանուկ Ադոյանը, նոր անունով ներկայացող Արշիլ Գորկին չէր կարող հանճար ըլլալ, որովհետեւ իբրեւ հայ չէր կարող ստեղծել աբստրակտ մտածողությունը, բայց իբրեւ հայ կարող էր դառնալ աբստրակտ նկարիչ: Ըսեմ, որ նրանից առաջ Միրոն, Մոնդրիանը, Մալեւիչը, Մաթթան ալ հանճարեղ հետեւողներն են մանավանդ: Նրանք հանճարի ծառին աճած ճյուղեր են: Այսօր այդ ծառը շարունակում է ճյուղավորվել:

Ոստանիկ Ադոյանի հանճարեղությունը հաստատվում է հենց սկզբից, երբ աշխարհեն բեխաբար այդ պատանին, զարհուրելի փորձություններ անցնելե հետո, հասնում է Միացյալ Նահանգներ, արվեստի տենդով վառվելով իրեն համար վարպետներ է փնտրում, որոնք այդ տարիներուն չկային Միացյալ Նահանգներում: Ան իր ուսուցիչները գտավ հազարավոր կիլոմետրեր իրենից հեռու Եվրոպայում, եւ ահավասիկ չեմ կարծում, որ պատահականություն է, որ պատանի Ոստանիկը սկսելու համար իրեն համար իր առողջ բնազդով նոր ժամանակներու նկարչության ռահվիրան է ընտրում ուսուցիչՙ «իմպրեսիոնիզմի» հայր Կլոդ Մոնեն, որ զինք առաջնորդելու էր անխուսափելիորեն դեպի իր վերջին վարպետին` Վասիլի Կանդինսկիին: Այդ ժամանակ նա էր իրական վերջինը: Արդեն դրանից հետո ինքը ուրիշ վարպետի կարիքը չուներ: Իր վարպետը իր մեջն էր, իր հոգին էր պարգեւ ժառանգած իր նախնիներեն, նախահայրերեն իր հետ աշխարհ եկած ոգին, որը զինք տարբերում էր իր ընկեր նկարիչներից, դա էր, որ սկզբից իրեն դեմ էր գրգռում իր շրջապատը: Դա էր, որ վերջապես զինք պաշտպանեց եւ ստիպեց ընդունելի դառնալ իր շրջապատին, ավելի քան ընդունելի, ընդունելի տեսակ մը իր գերազանցությունը: Դա էր իր հանճարին հմայքը:

Անցնելով ըսելիքիս հաջորդ աստիճանին, ընթերցողներուս կուզեմ տեղեկացնել, որ աբստրակտ նկարչությունը այդպես կոչվում է, որովհետեւ այդ նկարչութենեն մարդկության սկզբից նկարչության մեջ հաստատված մարդ արարածը վռնդվեց: Մարդուն հետ` նաեւ իր շրջապատի աշխարհը: Ըսել էՙ այն բոլոր բաները, որոնց մարդ արարածը իր ծագումեն ի վեր անուններ տված էր: Եթե նկարին մեջ մարդը չկա, ուրեմն պետք չեն նաեւ իր զգացումներըՙ ինչպե՞ս կարելի է նկարել մարդու զգացումները նկարին մեջ առանց մարդուն կերպարին, ինչպե՞ս կրնա նկարել մայր առանց կնոջ, ինչպե՞ս կրնա նկարել հայրենիքը առանց բնանկարի, սերը, ատելությունը, դաժանությունը, քնքշությունը, կիրքը, ընկերությունը եւ այլն, եւ այլն, առանց մարդու կերպարին: Չմոռնանք, որ Միացյալ Նահանգները կազմված է բնակիչներից, որոնք կամավոր կամ ակամա հրաժարած են, հեռացած են իրենց հայրենիքեն: Դա մի բնակավայր է, որ կարելի չէ կոչել հայրենիք: Հայրենիքը նշանակում է անցյալի հուշեր, պատմություն, նախնիներ: Ի՞նչ իմաստ ունի հեռանալ հայրենիքեդ եւ հա~ հիշել հայրենիքը. ինչի՞ համար հիշել եւ որքա՞ն ժամանակ:

Ուրանալ բառը ընթերցողներուս դյուրազգացությունը չգրգռե: Իմ ժողովուրդիս պատմությունը անակնկալ միջամտում է այս պահուն: Մեր պատմության մեջ հիշվում է` իրենց հավատը առերես ուրացողներ: Առերես ուրացան, որպեսզի կարողանային դուրս գան թշնամիին շրջափակումեն, մեյ մը հասնին հայրենիք, հոն արդեն իրենց վրայեն դեն կգցեն իրենց «մեղքը»: Ուրանալուն համենայն դեպս ընկերանում է մեղքը քավելու հույսը: Ներողություն, վերջ ի վերջո Ռուսաստան կամ Ամերիկա հաստատվողը, իր երախան ամերիկյան կամ ռուսական դպրոց ուղարկողը ուրացող չէ հապա ի՞նչ է: Հայրենիք լքողներեն շատերից չե՞նք լսել. «Մի հատ ինքզինքս գտնեմ, հարստանամ, անուն հանեմ, ես գիտեմ ինչ կընեմ, առաջինը հայրենիք, Հայաստան կերթամ, սա կընեմ, նա կընեմ»:

Արշիլ Գորկիի նկարներուն մեջ փնտրել իր հայերեն խոսքերը, որոնք մեզ հուզում եւ կապում են իրեն հետ, հնարավոր չէ: Որովհետեւ հայերեն բառերով իր արտահայտած զգացումները հնարավոր չէ նկարել «աբստրակտ» նկարչությամբ: Անշուշտ շատ հայեր, որոնք հետաքրքրված են Արշիլ Գորկիի կյանքով, գիտեն իր ապրումներու մասին, իր տանջանքներու, իր հայրենաբաղձության, իր կարոտներու մասին, իր խոսքերից իրապես չեն կարող «հասկնալ» Արշիլ Գորկիի նկարչությունը: Իր խոսքերով ինքը հայ է, իսկ իր նկարչությամբ չի կրնար ըլլալ, հակառակ որ ինքը տոհմական հայ է: Հանձին Արշիլ Գորկիի ոչ միայն տեսնում ենք իր ապրումները, այլեւ իր ճակատագիրը բաժնող «եղեռնի դարի» շատ հայրենակիցներու ապրումները, օտարության մեջ ապրող, օտարությանը դժվարությամբ հարմարվող. նոր երկիր, օտար լեզու, նոր հարաբերություններ (հաճախ դաժան): Մարդիկ հիշում են իրենց կորցրած տունը, պարտեզը, եկեղեցին, հարազատները աքսորի դժոխային ճանապարհին: Գորկիի ապրումները այսօր ալ հուզում են շատերիս, բայց նաեւ Արշիլ Գորկիի խոսքերը հաճախ նման են կիսագիտակից վիճակի մեջ եղող Դելֆյան պատգամախոսի անկապակից զառանցանքի վիճակի մեջ ըսված խոսքերուն: Կարդացեք իր նկարներու անունները. «Անոնք կուզեն գրավել իմ կղզիս», «Հոգեվարք», «Նշանտուք», «Ճառախոսները», «Մորս ասեղնագործ գոգնոցը կծավալի կյանքիս մեջ», «Ծովահենները», «Բարի հետմիջօրե», «Տիկին Լինքն», «Լյարդը աքլորի կատարն է», «Հրապուրողի մը օրագիրը», «Մերկը», «Ջրվեժ», «Մեկ տարեկան կաթնախոտ», «Ծաղկալից ջրաղացին ջուրը», «Կանգառին տերեւ բու մըն է», «Ածխացած սիրելիներ», «Անհասանելին»:

Ինչ որ է, ինչպես ուզեք հասկացեք: Կուզեմ համակրանքով հիշել, որ ինքը իբրեւ իսկական հայ նաեւ սիրում է փչել, գունավորել իր պատմածը, մեծագույն գունանկարիչ է, փչելու հաճույքին երեւի նա չի կարող դիմադրել: Բայց ինչ որ ասում եմ, ամենափոքր չափով անգամ ստվեր չի գցում իր պարկեշտության վրա: Ինչպես այստեղ չհիշեմ մեր մեկ ուրիշ հանճարեղ գունանկարիչ Մինասին, որի նման հմայիչ պատմողի ես չեմ պատահել: Հիշում եմ ինչպես իր հետ պատահած բաներ պատմում էր: Իր բերնեն կախված հիացած լսել եմ: Ատեն մը վերջ նորից լսել եմ նույն պատմությունը գրեթե ամբողջությամբ նոր տարբերակով, նորից հմայված: Վստահ եմ, որ ոչ մի անգամ նա չէր պատմելու իր կյանքի հուշը նույն ձեւով, քանի անգամ ալ որ պատմեր (ափսոս որ չունինք իր պատումներու արձանագրությունները), գլուխգործոցներ էին, հավատացեք: Ֆանտազիան ալ երեւի աստվածատուր է: Այստեղ նաեւ նշեմ Մինասի մի ուրիշ տարօրինակությունը, որ անհասկնալի է: Ինչո՞ւ, երբ թվում էր, թե նկարը հիանալի ավարտված է (եւ ներկա եղել եմ իր նկարելուն), մեկ էլ նկարի մի անկյունից փոխանակ արդեն ավարտված նկարը ստորագրելու, սկսում էր գույնը փոխել եւ մեկից մյուս գույնը անցնելով եւ փոխելով, մեկ էլ նախկին նկարից բան չէր մնում եւ ահավասիկ մի նոր գլուխգործոցՙ պատրաստ ստորագրվելու համար: Բայց Մինասին ով կարող էր կանգնեցնել, երբ նկարում էր, եւ նորից մի տեղից սկսում էր գույները փոխել եւ վերջումՙ նորից մի գլուխ գործոց: Երեւի մի լուրջ հոգեվերլուծող կարող է բացատրել արվեստագետի այս անհասկնալի վարքագիծը: Ամեն մի կտավի վրա բազմաթիվ նկարներ, գլուխգործոցներ կային, եթե հնարավոր ըլլար այդ տարբեր շերտերը իրարից անջատել: Ահավասիկ հանճարի մի ուրիշ տարօրինակություն: Երեւի իրեն համար նկարելու պահն էր կարեւորը: Իրեն ներելի էր ամեն բան: Ինչ ասեմ:

Ուզում եմ մի բանի մասին ալ հայ ժողովրդի հետ կապված նշել. դա էլ երեւի մի հայկական հոգեկան բարդույթ էՙ գտնել նշանավոր օտար մը եւ անպայման ինչ-ինչ փաստերով ապացուցել, որ այդ օտարը հայ է: Երբեմն ծագումով հայեր կան, որոնք չեն ուզում հիշել իրենց ազգային ծագումը, օտարացած է մարդը: Ո՞նց թե օտարացած: Այս հայի՞ց ինչ է ուզում մեր հայը, չես հասկնար: Մանավանդ այսօր, երբ 2 միլիոնը գնացել են եւ տակավին շարունակում են հեռանալ երկրից, դա հեչ:

Վերադառնամ Արշիլ Գորկուն, նա իր նկարներով ո՞ւմ պետք էր դուր գարՙ ամերիկացիներո՞ւն, թե՞ հայերուն: Մի անգամ նա «մտավորական» մի հայու նվիրել է իր գծագրություններեն, մարդը վերցրել է եւ փողոց դուրս գալով ճղել ու աղբանոց է գցել նվերը: Երեւի հետագային որքան անգամ գլուխը պատին է խփել` հաշվելով, թե որքան դոլարներ էր աղբանոց գցել: Բնական է` իր արվեստի գնահատականը նա պետք էր հուսար ամերիկացիներից, որոնցից մեկն էր արդեն: Թե՞ ակամա իր ողորմելի «հայրենակիցներից»: 500.000.000-ից մի մարդ գեշ-աղեկ հայերեն է սովորում եւ գալիս Հայաստան: Մեր ինքնասիրությունը կորցրած` չենք իմանում «քանի ստոյկա» տանք իր առաջ, երբ մենք 100.000-ներով կարող ենք իրենց անգլերեն լեզվի դաս տալ: Երեւանում Ամերիկյան համալսարան է բացվել, մեր հայ երիտասարդությունը կարծեմ ուրախությամբ գնում է այնտեղ սորվելու: Ամերիկացիները դրա համար մեզի շնորհակալությո՞ւն են հայտնում: Հաճախ էլ լսում ենքՙ հայերենը ո՞ւմ է պետք, դա էլ լեզո՞ւ է, որ մարդ խոսի, մանավանդ երգե: Այստեղ է, որ ակամա հիշեցի մեր գրականության աստղին, որուն ինչպես «ցավը չտանիս», որուն ամեն մեկ բառը սուր դաշույն է. նա չի՞ ասել, որ էլի ինչ էլ որ լինի, հայ ազգին ամենամոտ ազգը ախպարներն են: Է~հ, ճիշտ է ասում, 60 տարի չկարողացանք ախպարները հայ դարձնել: Էլ Սիբիր աքսորել, էլ «ախպար» ըսել, չմոռնամ հետո եկողներուն առաջիններուն հետ չշփոթելու համար «ախմախ», հիմա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան այս 2 միլիոնին գացողներու ի՞նչ անունով կոչենք:

Շատ հեռացա Գորկիեն, բայց չեմ մոռցած: Այստեղ է ահավասիկ, երբ Երեւան է գալիս Գորկիի իրական կապը իր հայրենակիցներու հետ, հայ ժողովուրդի պատմության հետ, սփյուռք կոչված հայության հետ: Ակամա իր հայութենեն հեռացած, գիտակցորեն կամ անգիտակցորեն իր հայությունը ուրացած, դեպի կորուստը գնացող ժողովուրդին ողբերգության երգիչն է ինքը: Արշիլ Գորկին հայության մեծամասնությունը կազմող եւ կորսվելու դատապարտված ժողովուրդին ամենաիսկական, հարազատ ներկայացուցիչն է, մեր հանճարեղ արվեստագետը: Իր նկարչությունը սփյուռքում մեռնող հայ ժողովուրդի կարապի երգն է: Ինչպես իր ծնող ժողովուրդը օտարության մեջ դատապարտված է կորստի, բայց կորչելուց առաջ իրենից մի բան է թողնում մարդկության. օտար հողի վրա հայու հաջողությունը, հերոսությունն ու մահը նույն ժամանակ են գալիս: Դարերու ընթացքին քի՞չ հարստություն եւ արժեքներ են ստեղծել հայերը, որոնք ժառանգ են մնացել օտարին: Ես Արշիլ Գորկիի նկարչության մասին չեմ խոսելու, ավելի ճիշտըՙ վերլուծելու. դա, գտնում եմ, որ անհնար է, որովհետեւ մեկ նախադասությամբ անկարելի է ոչ միայն իր ստեղծագործությունը, այլեւ որեւէ «աբստրակտ» նկարիչի, սկսելով հանճարեղ Կանդինսկիին գործեն: «Աբստրակտ» նկարչության բովանդակությունը պարզ է, նպատակըՙ ստեղծել «գեղեցկություն»: Որպեսզի միտքս պարզ ըլլա, «աբստրակտ» նկարչությունը ինծի ներկայանում է իբրեւ մի գեղեցիկ, երբեւիցե եղած ամենագեղեցիկ կին, որ մեզ կարող է հմայել եւ գժվեցնել, բայց այդ գեղեցիկ կինը խուլ եւ համր է: Անշուշտ, մի պատասխան կա, կարող ես լսելՙ «ի՞նչ է, գեղեցկությունը բավական չէ՞»:

Արշիլ Գորկիի մասին գրածս առաջին մասն է, կա երկրորդ մասը, որ գրում եմ որոշ ապրումներով, երեւի հոդվածիս հիմնական նպատակըՙ ընթերցողիս ներկայացնելու իմ տեսակետս մի նկարի մասին: Ես զգում եմ մի բան, բայց կարծես թե պետք ունիմ հոգեվերլուծողի մը, հոգեբանի մը օգնության: Ինչ որ է, համենայն դեպս չունիմ օգնական: Պիտի խոսեմ այդ նկարի մասին, որ բացառիկ է Արշիլ Գորկիին ստեղծագործություններուն մեջ: Եթե ուրիշներ ալ արտահայտել են նույն մտքերը կամ տպավորություններ, ինչ որ ես ունեցել եմ այդ նկարեն, չեմ գիտեր, համենայն դեպս տեղյակ չեմ: Այդ նկարը կապ չունի իր սկսած եւ իր հանճարին լրումին հասցնող նկարչության հետ: Շեղում մըն է, բայց Գորկին իր ընտրած ճամփայեն շեղվողը չէ: Նա իր նկարչական համոզումներուն համար պատրաստ է կյանքը վրա տալու: Նա պետք է հասնի իր նպատակին: Եվ սակայն նա նկարեց մի նկար (մի քանի տարբերակով), որ բացարձակապես կապ չունի իր դավանած գեղագիտության հետ: Դա լուսանկարի վրայից նկարված մի նկար է, որ բացարձակ կապ չունի «աբստրակտ» նկարչության հետ: Այդ նկարը իր տեսակետներուն, իր նկարչության արդյունքը չէ տարակուսանքի պահի մը: Այդ նկարը Արշիլ Գորկի արվեստագետին հետ կապ չունի: Այդ նկարը միակ նկարն է, որ հայկական է, հայ նկարիչի գործ, հայ մարդու հոգեվիճակի եւ հոգիի ծնունդ: Այդ նկարը մերն է, մյուս բոլոր նկարները թող նվեր ըլլան ուրիշներուն: Այդ նկարը միայն հայը կրնա հասկնալ: Դա օտարության մեջ ապրող հայու համար է: Դրա մեջ է «եղեռնի դարի» պատմությունը: Դա մի սքանչելի մեծ նկար է, զոր տեսել եմ Նյու Յորքի «Ուիթնիի» պատկերասրահում: Ընդհանրապես մարդիկ այս նկարին մասին խոսելիս ասում ենՙ Արշիլ Գորկին է իր մորը հետ, կամ արվեստագետն իր մոր հետ: Իրականության մեջ նկարում կնոջ կողքին կանգնած երախան Արշիլ Գորկին չէ, այլ 8 տարեկան Ոստանիկ Մանուկ Ադոյանը: Ինչո՞ւ է նկարել այդ նկարը. կարծում եմ, որ անգիտակցի արտահայտություն է: Երբ մարդ դժվարության մը մեջ է, վտանգված է, հուսահատության եզրին է, նույնիսկ չափահաս մարդը կրնա օգնության կանչել աստված, բայց շատ բնական կերպով մարդ իր մորն է հիշում, «մամա ջան» է կանչում, որուն փեշին կպած մի ժամանակ ապահովության մեջ էր ապրում: Ապահովություն, որ ամեն ապրող էակի ամենաշատ փափագած բանն է: Գրեթե պատանի Ոստանիկ Ադոյանը սովամահ եղած իր սիրելի մայրը քրոջը հետ հանձնելե վերջ Հայաստանի հողին, գալիս է մի նոր երկիր, որ ոչ մի կապ ունի իրՙ մինչ այդ ապրած երկիրներուն հետ: Ամեն ինչ օտար է, թեեւ տեսած է կյանքի դժվարություններ, թեեւ շատ անգամ արդեն շփված է մահվան հետ, բայց հիմա «ապահովության մեջ պետք է որ իր գոյությունը պաշտպանի»: Երկիրը հարուստ է, հզոր եւ «զարգացած» եւ զարգացող, բայց իր ապագան անորոշ է: Ո՞ւր է տանելու նոր կյանքը զինք: Եվ մինչեւ կյանքին վերջը Գորկին չէ ունեցած հանգիստ կյանք մըՙ նյութական ու մարդկային հարաբերություններու դժվարություններ, իր արվեստին մեջ իր նպատակներուն հասնելու համար դաժան պայքար ինք իր հետ, իր շրջապատին հետ: Եղել է ժամանակ, երբ Գորկին հայտարարել է, որ պատրաստ է 25 դոլարի դիմաց զիջելու իր արվեստանոցում գտնվող որեւէ նկար, որոնք այսօր գնահատվում են միլիոնավոր դոլարներով: Միայն 1945 թվին գրում է, որ հասել է նյութական ապահովության: Դը Կունինգը ասում է, որ մենքՙ Եվրոպայից եկած նորեկներս, ավելի պաշտպանված ըլլալու համար, փոխեցինք մեր անունները, տեղացիներու աչքին պակաս կասկածելի ըլլալու համար: Գորկին հաճախ զգացած պետք է որ ըլլա իր մինակությունը, իր անօգնականությունը: Ահավասիկ իբրեւ արդյունքՙ այս հոգեկան վիճակներու ես մտածում եմ, որ Գորկին ուզեցել է նկարել այդ նկարը: Ուշադրության, օգնության, պաշտպանության կարիք ունի Գորկի: Մարդկանց մեծ մասին հատուկ մի վիճակ: Ես այսպես եմ բացատրում կամ այսպես եմ մտածում այդ նկարի ստեղծման պատճառը: Նա մանուկ է, որ ուզում է իր մորը փեշին կպնիլ, նա մորը պաշտպանության կարիքը ունի: Կա եւս մի կարեւոր հանգամանք, որ պետք ունի բացատրության: Ինչո՞ւ Գորկին, որուն համար բնավ դժվար չէր լուսանկարը մինչեւ վերջ ընդունել իբրեւ մեկնակետ, չէր կարող կատարելապես ավարտել նկարը: Նկարին «ավարտված» մասերը գծագրության, գույներու առումով անթերի են, նկարը կատարյալ է եւ ամբողջական: Մտածողության հակասություններ չկան. արվեստագետը ազատորեն չի վարվում լուսանկարի հետ, չի ուզում որեւէ ձեւով պահել այն, որ ինքը լուսանկարից է արել նկարը, եւ այստեղ է առեղծվածը, որ ես ուզում եմ պարզել: Ինչո՞ւ նկարիչը ամբողջ մարմինի մասերը նկարել է «իրական» լուսանկարի իրականությամբ, բայց ձեռքերը ծածկել է սպիտակ բիծով, որ բացի նկարին ընդհանուր ներդաշնակությունը խաթարելուց, ուրիշ դեր չունի նկարին մեջ: Ինչո՞ւ այս «ագրեսիան» նկարին հանդեպ: Նկարի՞ն հանդեպ է, թե՞ կարծում եմ, իրեն հանդեպ է այդ «ագրեսիան»: Հաճախ պատահում է, որ մարդ հուսահատության մը պահուն, ձախորդության մը պահուն, բարկության մը պահուն իր շրջապատին վնաս հասցնի, թանկագին իրեր ջարդելով կամ ինքզինքն իր մարմնին վնաս մը պատճառելով, իր մարմինը խեղելով: Իսկ ի՞նչ է պատահել Գորկիի հետ այս պարագային, չէ՞ որ կամա թե ակամա շեղված է իր նկարչական սկզբունքներեն: Ինքը, որ այդքան խստապահանջ է իր նկարչության սկզբունքները պաշտպանելիս, «աբստրակցիայի» ձգտող նկարիչը հանկարծ լուսանկարից նկա՞ր է նկարում. տեսակ մը իր սկզբունքներուն հանդեպ «սրբապղծություն»: Ինքը իրեն չի ներում իր արարքը, ինքը պետք է մաքուր մնա իր սկզբունքներու հետ, պետք չէ, որ որեւէ ձեւով ուրիշները կասկածին իր անկեղծության, որ որեւէ մեկը մտածե, որ ինքը դավաճանում է իր դավանած արվեստի սկզբունքներուն: Կարծեքՙ ուզում է ասել իր նկարը դիտողներունՙ սա բուն իր գործը չէ, սա պահ մըն է: Սա իր սկզբունքներով արված չէ: Ես չեմ խաբում որեւէ մեկը, ահավասիկ ես փչացնում եմ իմ նկարս: Նույնիսկ կրնար դանակը վերցնել եւ նկարը կտոր-կտոր անել: Բայց ինչպե՞ս իր մորը վրա դանակ բարձրացներ: Հարգելի ընթերցող, եթե այս բաները կարդալեդ վերջ գտնում ես, որ անհեթեթ բաներ ասացի, մի քաշվիր, հեռախոսը վերցրու եւ ասա, որ ցնդաբանություններ եմ դուրս տալիս:

Շարունակությունն ալ պատմեմ: Գորկին հազիվ քառորդ դար ապրեց իբրեւ նկարիչ, 25 տարի. կյանքը ի՞նչ է, հե՛չ բան է: Ամեն մեկդ տեսեք ձեր ապրած կյանքը, չե՞նք ասումՙ այդ ե՞րբ էր, որ 20 տարեկան էի, ինչպես շուտ է անցնում կյանքը: Բայց 25 տարի Գորկիի ապրած կյանքին կեսն էր, այդ 25 տարիները գերագույն լարվածության եւ քրտնաջան աշխատանքի տարիներ էին գտնելու համար իր ուզածը, բացահայտելու համար իր հոգին, եւ Գորկին հասնում է իր նպատակին. արդեն գիտի իր ուզածը, արդեն կարող է վստահորեն ներկայացնել իր ուզածը: Հպարտ գլխով: Պոկվել է գետնից, արդեն «սավառնելու է իբրեւ արծիվ»: Ուզում է, որ իր անունը հիշվի դարե դար. եւ այս անգամ էլ, ով անեծք, թուրքին կիսատ թողածը հիվանդությունն է անում: Հիվանդությունը թռիչքի պահին հարվածում է թաքուն:

Ահավասիկ «եղեռնի դարու» մանավանդ հայ մտավորականի ճակատագիրը, ահավասիկ Գորկիին պատմությունը` չփակվող վերքի է նման մեր գիտակցության մեջ: Բայց ինքը հերոս մըն է, որ զոհված ժամանակը ոչ թե պառկած, այլ կանգնած էր ուփ-ուղիղ: Արշիլ Գորկին ամենամեծ գանձն է, որ հայ ժողովուրդը նվիրել է Միացյալ Նահանգներուն, որուն համար ամերիկացիները ավելի լավ է շնորհակալ ըլլան ոչ թե հայերուս, այլ իրենց սիրելի... թուրքերուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4