Անցած մրցաշրջանն անհաջող դասավորվեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Դեռեւս մրցաշրջանի առաջին կեսում նա հաջողությամբ պաշտպանում էր դինամոյականների դարպասըՙ հանդիսանալով թիմի հիմնական դարպասապահը: Սակայն ամռանը ճակատագիրը նրա հետ չար կատակ խաղաց. մեջքի ծանր վնասվածքը ստիպեց Բերեզովսկուն իր ակումբակիցների եւ Հայաստանի հավաքականի ելույթներին հետեւել հեռուստացույցով: Ոմանք նույնիսկ շտապեցին խաչ քաշել նրա ֆուտբոլային գործունեության վրաՙ գտնելով, որ նման ցավերից հետո դժվար է լրիվ վերականգնվել: «Սպորտ-էքսպրեսի» թղթակիցը հարցազրույց է ունեցել Ռոման Բերեզովսկու հետ, որն, անշուշտ, կհետաքրքրի նաեւ մեր ընթերցողներին:
- Ռոման, ինչպե՞ս եք զգում ձեզ այժմ:
- Արձակուրդի ընթացքում ինձ հաջողվեց ամբողջովին ապաքինվել հազվադեպ հանդիպող վնասվածքիցՙ միջողնաշարային ճողվածքից: Հարկ եղավ այցելել բժշկական տարբեր հաստատություններ, որտեղ բժիշկները փորձում էին լուծել իմ պրոբլեմը: Բուժվել եմ ե՛ւ մարզական հոսպիտալում, ե՛ւ Դիկուլի կենտրոնում: Այժմ ինձ լավ եմ զգում: Ճիշտ է, որպեսզի ցավերը չկրկնվեն, ստիպված եմ պարբերաբար կատարել հատուկ վարժությունների մի ամբողջ համալիր:
- Վնասվածքի պատճառով տարբեր կարծիքներ էին ձեւավորվել «Դինամոյում» քո հետագա գործունեության վերաբերյալ:
- Ակումբի հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, եւ թիմի պայմաններն ինձ բավարարում են: Երազում եմ նախկինի պես պաշտպանել «Դինամոյի» դարպասը ՌԴ առաջնությունում: Իսկ արժանի՞ եմ դրան, թե՞ ոչ, այդ հարցին պետք է պատասխանի մարզիչը: Կարծում եմՙ առաջին հավաքից հետո շատ բան կպարզվի:
- Ուրեմն, «Կռիլյա Սովետով» տեղափոխվելու մասին խոսակցություններն անհի՞մն են:
- Անձամբ ես այդ մասին ոչինչ չեմ լսել, եւ ինձ հետ այդ հարցով ոչ ոք չի բանակցել:
- Ժամանակին մեծ ցանկություն ունեիք արտերկիր մեկնելու: Այժմ նման ցանկություն չկա՞:
- Հիմա արդեն օտարերկրացիներն իրենք են մեզ մոտ գալիս, ինչի հետեւանքով մեր երկրի առաջնության մակարդակը շատ չի տարբերվում, ասենք, ֆրանսիականից: Դա ապացուցեց նաեւ ԲԿՄԱ-նՙ վստահորեն հաղթելով ՊՍԺ-ին, եւ «Զենիթը», որը պարտավոր էր հաղթել «Լիլին»:
- Մրցաշրջանի ավարտին հաջողվեց մարզվել նոր գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւի գլխավորությամբ: Դուր եկա՞ն նրա մարզումները:
- Այո, թեեւ նրա գլխավորությամբ մինչեւ արձակուրդ մեկնելը մի քանի պարապմունքի եմ մասնակցել: Տարբերությունը միանգամից երեւում է, ավելի շատ խաղային վարժություններ ենք կատարում, մշակում ենք տարբեր կոմբինացիաներ, որոնք ավարտվում են դարպասին հարվածներ կատարելով: Մի խոսքովՙ մարզումների ժամանակ դարպասապահները չեն ձանձրանում: Սա կարեւոր հանգամանք է: Չնայած մինչեւ Ռոմանցեւի գալը դարպասապահներս հիանալի էինք աշխատում Նիկոլայ Գոնտարի հետ, որն այժմ էլ պատասխանատու է մեր պատրաստության համար:
- Աշնանը «Դինամոյի» ելույթներին հետեւում էիք տրիբունայից: Ձեր կարծիքով, մրցաշրջանի վերջնագծում թիմի խաղում առաջընթաց նկատվո՞ւմ էր:
- Անկասկած: Մեր ցուցադրած խաղով պարտավոր էինք հաղթել գրեթե բոլոր հանդիպումներում: Նույն ԲԿՄԱ-ն ու «Սպարտակը» մեզ ոչնչով չէին գերազանցում:
- Գիտակցո՞ւմ էիք, որ թիմը հնարավոր է հայտնվեր առաջին խմբում:
- Անձամբ եսՙ այո: Խիստ անհանգստանում էի: Միայն այն ժամանակ հանգստացա, երբ վերջնականապես ապահովեցինք մեր տեղը պրեմիեր լիգայում: Ի դեպ, դրանում իր մեծ ավանդն ունի Լեւիցկին: Մի քանի հանդիպումներում նա փրկեց թիմին վերահաս գոլերից:
- Այժմ «Դինամոյում» դարպասապահների պատկառելի խումբ է հավաքվելՙ դուք, Լեւիցկին, Կարչեմարսկասը: Իսկ հիմնական կազմում միայն մեկ տեղ կա: Սուր մրցակցությունը ոչ մի կերպ չի՞ անդրադառնա ձեր փոխհարաբերությունների վրա:
- Ոչ: Մենք ընկերներ ենք: Ի դեպ, մի մոռացեք, որ թիմում է նաեւ հեռանկարային Ռեբրովը, որը եւս չի համակերպվի պահեստայինի դերի հետ: Իսկ ընդհանրապես, որքան ակումբում բարձրակարգ դարպասապահների թիվը մեծ լինի, այնքան լավ: Ամեն դեպքումՙ մարզիչները մեր քանակից առայժմ չեն դժգոհում:
- Մարզաբազայում եւ հյուրանոցներում գործընկերներիցդ մեկի հետ նույն համարո՞ւմ եք մնում:
- Չգուշակեցիք: Անցյալ տարի իմ հարեւանը Բուլիկինն էր, նախանցյալ տարիՙ Տոչիլինը: Առաջիկա հավաքում թե ո՞ւմ հետ կբնակվեմ միեւնույն համարում, դեռեւս անհայտ է:
- Զգո՞ւմ եք, որ Ալեքսեյ Ֆյոդորովիչի ակումբ գալովՙ վիճակը լավանում է:
- Ֆուտբոլիստներիս վրա դա առանձնապես չի անդրադարձել: Մենք Ֆյոդորովիչի հետ դեռեւս ծանոթներ էլ չենք: Նա եկել էր թիմի ընդհանուր ժողովին անցյալ տարի, սակայն ֆուտբոլիստների հետ առանձին չի զրուցել:
- Վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի հետ կապերը չե՞ն խզվել:
- Ոչ: Ազգային հավաքականում իմ հետագա ճակատագիրը կախված է միայն ֆիզիկական վիճակիցս: Եթե ինձ ոչինչ չխանգարի, ապա հավաքականում դեռ շատ հանդիպումների կմասնակցեմ: