«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2004-12-23 | #232, 2004-12-24 | #233, 2004-12-25


ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՌԱՑՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Տարվա նախագիծ եւ կառույց-2004» մրցույթ-ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայաստանի ճարտարապետների միությունը, ճարտարապետության թանգարան-ինստիտուտը, ինչպես նաեւ քաղաքաշինության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: «Վերջին տարիներին մեզանում ակտիվ քննարկումներ են անցկացվում Երեւանի ճարտարապետության ու կառուցապատման մասին: Ցավոք, մենք մոռացել ենք ճարտարապետական հորինվածքների գնահատման չափանիշներն ու առհասարակ գնահատումների որակն ու պահանջները: Այդ հանգամանքը հաշվի առնելով որոշեցինք վերացնել այն անջրպետը, որ առաջացել է ճարտարապետաքաղաքաշինական ստեղծագործական գործընթացի եւ հանրության միջեւ», ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Ցուցահանդես-մրցույթին մասնակցում են ավելի քան 30 անհատ ճարտարապետներ եւ ճարտարապետանախագծային կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է հայտարարված անվանակարգերին համապատասխան աշխատանքներ: Դրանք կցուցադրվեն մոտ 2 ամիս, այդ ընթացքում կդրվեն քննարկման, որից հետո քվեարկությամբ կընտրվեն լավագույնները: Լրատվամիջոցների օգնությամբ յուրաքանչյուր հեղինակի հնարավորություն կտրվի հանրությանը մանրամասն բացատրելու սեփական նախագծի ոճն ու ձեւերը: Աշխատանքները կգնահատի ոչ թե մասնագիտական, այլ հասարակական ժյուրին, որի կազմում կընդգրկվեն տարբեր մասնագիտությունների, այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ցուցահանդես- մրցույթը կդառնա ավանդական եւ ամեն տարվա վերջին կընտրվեն Երեւանի լավագույն բնակելի տունը, ցայտաղբյուրը, բակը, առեւտրի տունը եւ այլ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4