Միջազգային եւ տարածաշրջանային փոփոխություններն ու վերադասավորումները գրեթե բոլոր երկրներին պարտադրում են առավել շրջահայացություն եւ առավել ճշգրիտ հաշվարկներ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզներում: Հայաստան պետությունը նույնպես ստիպված է, առավել քան ուրիշները, գերլարված աշխատելու, ներսում ժողովրդի բարեկեցությունը, դրսումՙ ազգային շահերն ապահովելու:
Քանզի առաջիկա նոր տարին խոստանում է հանգուցալուծումների տարի լինել: Կամ առնվազնՙ հանգուցալուծումների սկիզբ դառնալ: Բոլոր նշանները կան ենթադրելու, որ ղարաբաղյան հիմնահարցն առաջիկա տարի այլեւս չի կարող «քնեցրած» վիճակում մնալ: Տարածաշրջանային փոփոխությունները պարտադրելու են հիմնահարցի կարգավորման արագացված տեմպերՙ ընդսմին առաջ քաշելով նաեւ տրանսպորտային ուղիների եւ մատակարարման միջոցների խնդիրները: Ոչ ոք այլեւս չի հանդուրժելու փակված սահմաններ ու քաղաքա-ստրատեգիական խոչընդոտներ: Նպատակահարմարությունն է դառնալու գերիշխողըՙ հետին պլան մղելով արդարության եւ իրավունքի նման «մանր» հարցերը: Հետեւաբար մեծ է լինելու իրավազրկվելու վտանգը եւ փոքրՙ տարբերակներից մեզ համար լավագույնն ընտրելու պատեհությունը:
Այսուհանդերձ, բացի երկրի բարգավաճման, ժողովրդավարական կարգուկանոնի եւ ժողովրդի բարօրության խնդիրներից, մենք ունենք նաեւ մի ծանրՙ Ցեղասպանության առարկայական ու հոգեբանական հետեւանքները վերացնելու խնդիր: Դա պատմական արդարության վերականգնման հարց չպետք է լինի մեզ համար, ինչպես պնդում են ոմանք: Ցեղասպանության ճանաչման առաջադրանքը մեր այսօրվա ու վաղվա Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության խնդիրն է ամեն բանից առաջ: Եվ Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցության հեռանկարը, հակառակ շատերի կարծիքի, աշխատանքային մեծ դաշտ է բացում մեր առաջ, ինչպես եւ Թուրքիայի, որի արտգործնախարարն այդ մասին խոստովանում էր նախորդ օրը: Արդարեւ, Թուրքիայի համար ամենազգայուն ու դյուրախոց ժամանակաշրջանն է սկսվում այս տարի, որ կարող է տեւել մի ամբողջ տասնամյակ: Հետեւաբար, Մեծ եղեռնից 90 տարի անց քարոզչական ու դիվանագիտական մեծ ճակատամարտեր են սպասում մեզ:
Կարո՞ղ ենք ազգովին, պետականորեն ճակատ տալ: Կարո՞ղ ենք գոնե այժմ համախմբել հայության բոլոր ուժերը, համակարգել բոլորի աշխատանքը, գոնե մեկ անգամի համար թոթափել մեզ բնորոշ թափթփվածությունը, շահել նոր շահակիցներ, ամրապնդել եղածների գործընկերությունը:
Կարո՛ղ ենք: Կամք է պետք:
Մինչ այդՙ շնորհավոր Նոր տարի եւ Սբ. Ծնունդ: