«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2004-12-25 | #234, 2004-12-28 | #235, 2004-12-29


ԹՄՄ ՕՐԱՑՈՒՅՑ-2005

Բացառիկ հրատարակություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն արդեն երկրորդ տարին հրատարակում է գեղարվեստական օրացույց, որն իր տեսակի մեջ եթե ոչ եզակի, ապա ինքնատիպ է թե մտահղացմամբ, թե հրատարակչական կատարումով: Եթե անցնող տարի ընդգրկված էին հայ ժամանակակից լավագույն նկարիչներից տասներկուսը, ապա 2005 թվականի օրացույցում ամսաթերթերը զարդարում են հայ դասական կերպարվեստի մեծատաղանդ ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները վաղուց արդեն հարստացրել են հեղինակավոր պատկերասրահներ եւ մասնավոր հավաքածուներ: Հենց անհատական հավաքածուներից էլ ընդգրկված են տպագրված գործերը, ուստի եւ նրանք գրեթե անհայտ են մեր արվեստասերներին:

Օրացույցը բացվում է մեծանուն գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի վրձնով ստեղծված վեհաշուք «Արարատով»: Ուսանելով Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայում (1879-83), վերջին կուրսում Բաշինջաղյանի «Կեչիների պուրակը» հանրահայտ կտավն արժանանում է Ակադեմիայի արծաթե մեդալին: Այնուհետեւ նկարիչը շուրջ 40 տարի ցուցահանդես է կազմակերպել կովկասյան հայաբնակ վայրերում, Մոսկվայում, Փարիզում, ուր ապրել է ավելի քան երկու տարի:

Փետրվարը բացվում է ժողովրդական նկարիչ Հակոբ Կոջոյանի բնապատկերովՙ Արագածի ֆոնի վրա անցած դարի 20-ական թվականների Ապարանն էՙ իր գյուղական կոլորիտով: Կոջոյանի արվեստում ցայտուն կերպով ընդգծվում են ազգային սկզբունքներն ու Եվրոպայում ձեռք բերած գեղարվեստական փորձը. նա ազատորեն օգտվել է Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութային ավանդներից: Ընթերցողներին հիշեցնենք, որ Կոջոյանը սովորել է նաեւ Մոսկվայում, ապա Մյունխենում, ապրել է Փարիզում, 1921 թ. մեկնել է Պարսկաստան եւ այնտեղ ստեղծել է գրաֆիկական արժեքավոր աշխատանքներ:

Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի դասախոս (1929-38) Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Ընտանիք» աշխատանքով բացվում է օրացույցի մարտ ամիսը: Մարտը կանանց ամիսն է, ուստի նկարչի խորհրդավոր կանայք ասես ավետում են գարնանամուտը:

Իսկ ապրիլը միշտ ծաղկաշատ է. այս անգամ Մեծ եղեռնի 90-ամյակը հիշատակվում է Մարտիրոս Սարյանի երփներանգ ծաղիկներով: Էջը լիքն է բնության հրաշքներով, ինչպես ամեն ապրիլին հավերժական կրակը պսակվում է բազմաթիվ ու բազմերանգ ծաղիկներով:

Արեւմտյան Հայաստանի Կյուրին քաղաքում ծնված եւ 1946 թ. հայրենադարձված Հարություն Կալենցն առաջիններից էր, որ գործուն մասնակցություն ունեցավ 50-ական թվականների հայ գեղանկարչության հուզական, արտահայտչական որակները նորովի իմաստավորելու, ժամանակակից գեղանկարչության առաջավոր փորձը յուրացնելուն: Հ. Կալենցի «Դոլորեսի դիմանկարով» բացվում է օրացույցի մայիս ամսաթերթը:

Դմիտրի Նալբանդյանի «Քաջվարդ» նատյուրմորտով է բացվում հունիսը:

Մաեստրո Երվանդ Քոչարի «Գլխաքանդակ» բրոնզե աշխատանքը տպագրված է հուլիս ամսին: Երկար տարիներ ապրելով Փարիզում (1923-36) Քոչարը եռանդուն մասնակցություն է ունենում ավանգարդ արվեստի կայացման գործում: Հենց այդ ժամանակ էլ նա ստեղծում է պլաստիկ գեղանկարչական նոր արտահայտչաձեւՙ տարածական նկարչություն: Այդ տարիներին էլ ստեղծվել է վերոհիշյալ քանդակը:

Վահրամ Գայֆեճյանը նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, ինչպես նաեւ զբոսայգիների, սրճարանների, դիմակահանդես-պարահանդեսների տեսարաններ: Ամռան վերջին ամիսը զարդարող ամսաթերթում ներկայացված է Գայֆեճյանի «Զբոսանք» աշխատանքը:

Եղիշե Թադեւոսյանի կտավը ներկայացված է աշնան առաջին ամսին:

Հայտնի է, որ Մինասը կյանքի վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում էր թատերական ներկայացումների ձեւավորմամբ թե Երեւանում, թե Գյումրիում: Նա ձեւավորել է նաեւ ներկայացումներ օպերայի եւ բալետի թատրոնում: Հոկտեմբեր ամսին տպագրված էջը Մինասի «Ախթամար» բալետի վարագույրի էսքիզն է:

Կերպարվեստի սիրահարները Վարդգես Սուրենյանցին ճանաչում եւ անմիջապես հիշում են «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» եւ հատկապես «Սալոմե» ստեղծագործություններով: Ինչո՞ւ հատկապես «Սալոմե» աշխատանքով, որովհետեւ այս հանրահայտ կտավը 1912 թվականին ցուցադրվել է Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված, այնուհետեւ 1914-ին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսներում եւ քաջ հայտնի է աշխարհի արվեստասերներին: Ներկայացված աշխատանքը Սուրենյանցի քիչ հայտնի գործերից է:

Օրացույցի տասներկուերորդ ամսին ներկայացված է քանդակագործ Արա Սարգսյանի «Վահան Թեքեյան» դիմաքանդակը:

Օրացույցն ամփոփվում է 13-րդ էջով, որտեղ տպագրված են համառոտ տեղեկություններ ներկայացված արվեստագետների կյանքից:

Օրացույցի յուրաքանչյուր ամսվա էջում ճաշակով զետեղված են այն 13 կազմակերպությունների գովազդները, որոնք համագործակցում են Թեքեյան մշակութային միության հետ: Այս ճաշակով օրացույցը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4