«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2004-12-25 | #234, 2004-12-28 | #235, 2004-12-29


ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԹՈՀՈՒԲՈՀԻՑ

Ամանորյա սեղանըՙ գերխնդիր

Շատ քչերն են մտածում Նոր տարին լավ կազմակերպելու, հետաքրքրական եւ ուրախ անցկացնելու մասին: Փոխարենը բոլորը մտածում ենՙ ինչ անեն, որ իրենց սեղանը լինի ամենաշքեղը, ամենաարժեքավորը: Եվ թեպետ ոչ բոլորի հնարավորություններն են թույլ տալիս առատ տոնական սեղան գցել, սակայն նման սոցիալական աննպաստ պայմաններում անգամ ամեն ինչ անում ենք ճոխ սեղանն ունենալու համար:

Այս օրերին, երբ փողոցներն անգամ վերածվել են շուկաների, առեւտուրն, ինչպես ասում են, եռում է: Մարդիկ, չխնայելով իրենց վերջին գումարները, գնում են այն ամենը, ինչը սովորույթի համաձայն գնել են ամեն տարի: Օրինակ, չնայած ընկույզի սարսափելի գներին (3500 դրամից սկսած), մարդիկ հնարավոր ամեն ինչ անում են սեղանին ընկույզ ունենալու համար: Բայց չէ՞ որ կարելի է նաեւ այս տարի ընկույզ չգնել: Տեսնենք ինչ են մտածում այս մասին շուկայում գնումներ կատարող մի խումբ մարդիկ:

«Ի՞նչն եք կարեւորում ձեր տոնական սեղանին հարցին» մեկը պատասխանեցՙ բուդը, մյուսըՙ չարազը, երրորդըՙ խմիչքը, չորրորդն էլ թեՙ ընտիր միրգը: «Բայց ամեն ինչն էլ կարեւոր է, էդպես ոնց կլինի », ավելացրեց մեկը, որից հետո բոլորը համաձայնեցին:

«Իսկ ձեր հնարավորությունները թո՞ւյլ են տալիս գնել ձեր ցանկացածը, իսկ եթե ոչ, ապա ինչ եք անում» հարցին գնումներ կատարողներից մեկը պատասխանեց. «Օրինակ, իմ հնարավորությունները թույլ են տալիս ու ամեն ինչ էլ պիտի գնեմ, ինչքան էլ թանկ լինի, տարվա մեջ մի օ՞ր էլ չծախսենք»:

Մեկ ուրիշն էլ պատասխանեց. «Կգնեմ այնքան, որքան կկարողանամ, ինչ էլ չեմ կարողանա գնել, չեմ նեղվի, կարեւորը տարին ուրախ դիմավորենք եւ այն բարի լինի»:

«Ամեն ինչ էլ պիտի առնեմ, օրինակ, ոնց կլինի հենց ձեր ասած ընկույզը չառնեմ, սեղանի ամբողջ փայլը դա է», պատասխանեց մի տիկին: Իսկ մի տղամարդ էլ ավելացրեցՙ ունենաս, թե չունենաս, ամեն ինչ պիտի անես, տարվա մեջ էդ մի օրն է:

Իսկ մի քանիսն էլ, որ հավանաբար ամեն ինչից շատ քիչ էին գնել եւ մեծ դժվարությամբ, պատասխանեցին. «Ինչ կարող ենք, այն էլ կառնենք, ինչ արած, որ մեր պետությունն էս է»:

Կարծիքները որքան էլ տարբեր էին, բայց մի բան հաստատ էր, որ Ամանորի գիշերը լավ սեղան ունենալը պարտադիր է եւ դրա համար ամենավերջին գումարներն անգամ կարելի է ծախսել: Ինչ արած, առատաձեռն, հյուրասեր ժողովուրդ ենք եւ երեւի նման վիճակը նորմալ է: Ամեն դեպքում, անկախ սեղանի առատությունից, գնված նվերներից, պետք է Ամանորը դիմավորել ուրախ, բարձր տրամադրությամբՙ հուսալով, որ եկող տարին ավելի լավն է լինելու:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4