ՀՀ ԿԳ նախարար Ս. Երիցյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Իգոր Դամյանովի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով հունվարի 9-12-ը գտնվում է Հայաստանում: Այցի նպատակը երկու երկրների կառավարությունների միջեւ 2003 թ. ստորագրված կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի քննարկումն ու վերոհիշյալ ծրագրի հիման վրա համապատասխան արձանագրության ստորագրումն է: Երկու երկրների կառավարությունները գործնական համագործակցություն են իրականացնում դեռ 1994 թ.-ից, որոնք պարբերաբար թարմացվում եւ շտկվում են: Վերոհիշյալ համաձայնագրի շրջանակներում 2003 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի Բուլղարիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջեւ 2003-2006 թթ. կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության ծրագիրը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը հյուրերին ներկայացրեց այն կրթական բարեփոխումները, որ իրականացվում են Հայաստանում: Երկու երկրների կրթության եւ գիտության նախարարները քննարկեցին համագործակցության այն եզրերը, որոնք հնարավոր է իրականացնել առաջիկայում: Դրանք կարող են վերաբերել ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտներին:
Այցի ընթացքում Իգոր Դամյանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի մի քանի բուհերի (Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվաբանական ինստիտուտ, Եվրասիա միջազգային համալսարան) պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ, կծանոթանա Հայաստանի պատմամշակութային արժեքներին, կլինի տեսարժան այլ վայրերում: Ի դեպ, սա Բուլղարիայի որեւէ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
ՀՀ ԿԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ