«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՓՈԹԻ-ՊՈՐՏ ԿԱՎԿԱԶ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԼԱՍՏԱՆԱՎԸ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ՀՈՒՆՎԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ

Վրաստանի իշխանությունները հետեւողական են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման հարցում

Երեկ երեկոյան Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիինը եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին ստորագրել են Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագրերի փաթեթ, հաղորդում է BBC-ն: Հունվարի երկրորդ կեսից նախատեսվում է, որ երեք օրը մեկ լաստանավը վրացական Փոթի նավահանգստից Նովոռոսիյսկ կտեղափոխի 25 վագոն:

Չնայած համաձայնագիրը ռուս-վրացական է, սակայն Հայաստանը եւս կարող է օգտվել Պորտ Կավկազի հնարավորություններից: Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Թբիլիսիում հայտարարել է, որ Փոթի-Պորտ Կավկազն ավելի կարճ է Փոթի-Իլյիչեւսկ (Ուկրաինա) լաստանավային կապից եւ հնարավորություն կտա շուրջ երեսուն տոկոսով իջեցնել հայկական բեռնափոխադրումների սակագները:

Երեկ Թբիլիսիում քննարկվել են նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունները: BBC-ն մեջբերում է Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեի հայտարարությունը, ըստ որի «աբխազական հատվածում երկաթուղու գործարկումը հնարավոր կլինի, երբ Փսոու գետի (ռուս-վրացական սահմանի աբխազական հատվածը) կամրջի վրա գործեն վրացական սահմանապահ եւ մաքսային կետերը»: Իր հերթին վարչապետ Զուրաբ Ժվանիան ասել է, որ աբխազական երկաթուղու գործարկումը «լայն քաղաքական հարց է, կապված մի շարք խնդիրների, այդ թվում Աբխազիա վրաց փախստականների վերադարձի հետ»:

Ռուսաստանն անդրկովկասյան հանրապետություններին կապող երկաթուղին չի գործում 1992 թվականից ի վեր, երբ բռնկվեց վրաց-աբխազական պատերազմը: Երկու տարի առաջ վերանորոգվել է երկաթուղու Սոչի-Սուխում հատվածը, արդեն պարբերաբար գործում է Սուխում-Մոսկվա գնացքը: Ինչ վերաբերում է Աբխազիայի տարածքում երկաթուղու մյուս հատվածներին, մասնավորապես Գալիի շրջանում, որը լիովին չի վերահսկվում Սուխումի իշխանությունների կողմից, երկաթգիծը ավերված եւ թալանված է: Ըստ տարբեր հաշվումների, երկաթգծի այդ հատվածը վերականգնելու համար կպահանջվի 30-ից 50 մլն դոլար:

Իրականում աբխազական երկաթուղու գործարկումն առավելապես քաղաքական խնդիր է եւ ուղղակիորեն պայմանավորված է աբխազական խնդրի կարգավորմամբ: Եթե Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում լուծելու Աբխազիայում երկաթուղու վերաբացման տեխնիկական խնդիրները, այսինքն վերանորոգել երկաթուղին, ապա Վրաստանի համար առաջնայինն ավելի քան 200 հազար վրաց փախստականների վերադարձն է Աբխազիա, առաջին հերթին Գալիի շրջանՙ անվտանգության հստակ երաշխիքներով:

Մյուս կողմից, վրացական իշխանությունները պատրաստակամ են երկաթուղի կառուցելու Ախալքալաքից մինչեւ Կարս: Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Թբիլիսիում Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան ստորագրել են Կարս-Ախալքալաք- Թբիլիսի երկաթուղու կառուցման մասին եռակողմ արձանագրություն: Նկատենք, որ Վրաստանի մայրաքաղաքից մինչեւ գերազանցապես հայաբնակ Ախալքալաք երկաթուղի կա եւ մնում է կառուցել 130 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք հատվածը, որը տարբեր հաշվումներով կարող է արժենալ 350 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար:

Ավելի վաղՙ նոյեմբերին, Եվրոհանձնաժողովի տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Ֆրանսուա Լամուրեն Բաքվում հայտարարել էր, որ ԵՄ-ը շահագրգռված է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության իրականացմամբ: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդ նախագիծը, որպեսզի հետագայում էլ կարողանանք ֆինանսավորել: Սակայն բացի ԵՄ-ի միջոցներից մենք պետք է տեսնենք ֆինանսավորման այլ աղբյուրներ», ասել էր Լամուրեն:

Վերոնշյալ նախագիծը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է: Վրաստանից Թուրքիա ուղիղ երկաթուղի չկա, խորհրդային տարիներին գործել է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որն այսօր չի գործում, քանի որ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը:

Վրաստանի նախագահը Հայաստանի իշխանություններին տարբեր առիթներով հավաստիացրել է, որ թուրքերի հետ հանդիպումներում անպայման կքննարկի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու շահագործման խնդիրը: Մեր ունեցած վստահելի տեղեկությունների համաձայն, հունիսի վերջերին Ստամբուլում տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանն Աբդուլահ Գյուլին առաջարկել էր շահագործել Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծըՙ շեշտելով, որ այն աշխատելու դեպքում Երեւանը Հայաստանի տարածքով տարանցվող թուրքական բեռների համար սկզբնական շրջանում որեւէ տուրք չի գանձի:

Ավելի պարզ, Երեւանի իշխանությունները փորձել են խուսափել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի հնարավոր երկաթուղային շրջափակումից: Փաստորեն, եթե իրոք մեր հարեւան երեք երկրները կառուցեն Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը, ապա Հայաստանի շրջափակումը կդառնա կատարյալ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4