«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՀԱՅԱՍՏԱՆ. «ՓԱԿՈՒՂԱՅԻՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ցամաքով շրջապատված 37 պետություններից ամենաանբարենպաստ աշխարհագրական դիրքում մեր երկիրն է

ՄԱԿ-ի անդամ 191 պետություններից 37-ը շրջապատված են ցամաքով (land locked), այսինքնՙ չունեն ելք դեպի ծով, համաշխարհային օվկիանոս: Այս 37 պետությունների մեծ մասն ունի նավարկելի գետեր, աշխարհագրական առումով բարենպաստ դիրքում է, հարեւան երկրների հետ չունի լուրջ խնդիրներ կամ Եվրոմիության անդամ է եւ ապրանքներ արտահանելու ու ներմուծելու տեսանկյունից խոչընդոտների չի հանդիպում:

Հայաստանը ցամաքով շրջապատված երկրի դասական օրինակ է: Ավելին, մեր հանրապետությունն անկախություն ստացավ, երբ փաստացի պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ, արեւմտյան հարեւանըՙ Թուրքիան, հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ 1993 թ. ապրիլի 4-ին կառավարական որոշմամբ փակեց Հայաստանի հետ սահմանը: Թուրքիայի պարտադրած շրջափակումը շարունակվում է մինչեւ այսօր:

Հարեւան պետությունների հետ Հայաստանի ընդհանուր սահմանը 1254 կմ է, որից 566-ըՙ Ադրբեջանի, 221-ըՙ Նախիջեւանի, 268-ըՙ Թուրքիայի, 164-ըՙ Վրաստանի եւ 35-ըՙ Իրանի հետ: Փաստորեն, Հայաստանի 1254 կմ-ից միայն 199-ը չի շրջափակված, կամ ընդհանուր սահմանների ընդամենը 16 տոկոսը:

Անշուշտ, դեպի ծով ելք ունենալը բարեկեցիկ կյանքի, հարուստ հանրապետություն ունենալու հիմնական գործոնը չէ: Սակայն Հայաստանի դեպքում ցամաքով շրջապատված լինելու հանգամանքը երկրի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնն է երկրորդական այլ գործոններիՙ կաշառակերության, անարդար տնտեսական մրցակցության, մոնոպոլիայի, հովանավորչության հետ:

Ղարաբաղի հարցի չկարգավորվածությունը թողնում ենք մի կողմ, քանի որ, ինչպես վերջերս դիպուկ նկատեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ղարաբաղը գին չունի:

Հայաստանի ընդհանուր 1254 կմ սահմանից 787-ը բաժին է ընկնում Ադրբեջանին եւ վերջինիս 1921 թ. կցված Նախիջեւանին: Քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվել, դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանի (եւ Ղարաբաղի) շրջափակումը: Նկատենք, որ Բաքվի իշխանություններն Ադրբեջանից Հայաստան հասնող երկաթուղիները շրջափակել են նախքան Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների սկսվելը: Ընդ որում, Հայաստանին ենթարկելով երկաթուղային շրջափակման, Ադրբեջանը Հայաստանին կտրել է նաեւ Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության հնարավորությունից, քանի որ Երեւան-Ջուլֆա-Թավրիզ գիծն անցնում է Նախիջեւանով: Չի գործում նաեւ Իջեւան-Բաքու երկաթգիծը, հետեւաբար Հայաստանն Ադրբեջանի տարածքով չի կարող կապվել նաեւ Վրաստանին Իջեւան-Աղստաֆա-Թբիլիսի գծով:

Խորհրդային տարիներին գործող Երեւան-Կապան երկաթգիծը եւս չի գործում, քանի որ կրկին հատում էր Նախիջեւանը: Ուշագրավ է, որ Ադրբեջանն անուղղակիորեն շրջափակման է ենթարկել նաեւ այսօր վարչականորեն իրեն պատկանող Նախիջեւանին, սակայն, մյուս կողմից, Նախիջեւանը չի կարելի համարել անկլավ, որովհետեւ ինքնավար հանրապետությունն ընդհանուր սահմաններ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ:

Հայ-թուրքական 268 կմ-անոց սահմանը փակված է ավելի քան 10 տարի: Ալիջան-Մարգարա եւ Աքյաքա-Ախուրիկ սահմանադռներն ու Կարս-Գյումրի երկաթգիծը բացելու դիմաց Անկարան պաշտոնապես պահանջում է առնվազն երեք նախապայմանի կատարում. Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության պնդումներից, հայտարարի, որ Թուրքիայից չունի տարածքային պահանջներ եւ զինուժը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից, շրջակա տարածքներից:

Իրանը, որի հետ Հայաստանն ունի ընդամենը 35 կմ-անոց սահման, վերջին 12 տարիների ամենակայուն եւ հուսալի հարեւանն է Երեւանի համար: Երեւան-Ջուլֆա-Թավրիզ երկաթգիծը չի գործում, քանի որ անցնում է Նախիջեւանի տարածքով: Հայ-իրանական Ագարակ-Նորդուզ սահմանադուռն աշխատում է անխափան, սակայն դա եւս ամբողջությամբ հուսալի ճանապարհ չէ երկու հիմնական պատճառով: Նախ, ձմռանը Քաջարանի հատվածը դառնում է վտանգավոր եւ դժվարանցանելի, եւ երկրորդ, իրանական ճանապարհով Ռուսաստանից եւ Հայաստանի մյուս կարեւոր գործընկեր երկրներից ապրանքների ներմուծումն անհամեմատ թանկ է երկար ճանապարհի պատճառով:

Հայ-վրացական 164 կմ-անոց սահմանի բոլոր երեք սահմանադռներըՙ Աշոցք-Նինոծմինդա, Տաշիր-Բոլնիս եւ Բագրատաշեն-Սադախլո, աշխատում են բնականոն: Գործում է նաեւ Երեւան-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որը եւս Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհ չի կարող համարվել, քանի դեռ Վրաստանը շրջափակում է աբխազական երկաթգիծը: Այնուհանդերձ, այսօր Վրաստանը Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր, հիմնական եւ կարեւորագույն երկիրն է: Փոթիի եւ Բաթումի նավահանգիստներով են իրականացվում Հայաստանի ներմուծումն ու արտահանումը:

Անգամ եթե Հայաստանն իր բոլոր հարեւանների հետ ունենա բնականոն հարաբերություններ, դա չի կարելի համարել բավարար պատճառ արտաքին աշխարհի հետ հանրապետության կապն անընդմեջ պահպանելու համար: Հայաստանի խիստ անբարենպաստ աշխարհագրական դիրքը գլխացավ է պատճառելու երկրի յուրաքանչյուր կառավարությանը: Բավական էր Ռուսաստանը միաժամանակ շրջափակեր Վրաստանից Հյուսիսային Օսիա տանող Վերին Լարսի անցակետն ու Նովոռոսիյսկ-Փոթի ծովային ճանապարհը, եւ Հայաստանը գրեթե ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ:

Ամեն մի երկիր անկախություն հռչակելուն զուգահեռ փորձել է ելք ապահովել դեպի ծովՙ հնարավորինս նվազեցնելով կախվածությունը հարեւաններից: Օրինակ, երբ ձեւավորվում էր Կոնգոն, աֆրիկյան այդ պետությանը փոքր տարածք տրվեց, որպեսզի հնարավորություն ունենա դուրս գալու Ատլանտյան օվկիանոս առանց հարեւան Անգոլայի «օգնության»: Իսկ ահա Եթովպիան ցամաքով շրջապատված երկիր դարձավ Էրիթրեայի անկախացումից հետո:

Հայաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ստացավ ցամաքային երկրի կարգավիճակով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4