Շարունակվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա աշխատանքային այցը Մոսկվա: Հիշեցման կարգով նշենք, որ շուրջ 1 ամիս առաջ, դեկտեմբերի սկզբներին Թուրքիա էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պաշտոնական Անկարան առանձնակի նշանակություն էր հաղորդել նախագահ Պուտինի այցին: Դա պատահական չէր եւ թերեւս պայմանավորված էր նրանով, որ նախորդում էր Եվրոմիության գագաթաժողովին, որը Թուրքայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշում ընդունեց:
Գագաթաժողովի նախօրյակին կատարված այս այցով ՌԴ նախագահն ամրապնդել է ԵՄ-ի նկատմամբ Թուրքիայի դիրքերը: Ինչ վերաբերում է Էրդողանի այցին, ապա ասենք, որ նա մինչ այդ եղել էր Սիրիայումՙ կարծես ցույց տալու տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության եւ տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու Թուրքիայի պատրաստակամությունը:
Հետեւաբար Էրդողանի Մոսկվա այցն էլ պետք է վերագրել Թուրքիայի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրասիայում ակտիվանալու պատրաստակամությանը, որին ըստ ամենայնի, նպաստում է Պուտինի գլխավորած պաշտոնական Մոսկվան:
Վարչապետ Էրդողանը Մոսկվա էր ուղեւորվել 600 թուրք գործարարների, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի 52 պատգամավորների, ինչպես նաեւ պետնախարար Քյուրշաթ Թյուզմենի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Ալի Ջոշքունի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերի, սոցապնախարար Մուրադ Բաշեսքիօղլուի ուղեկցությամբ:
Էրդողանի պատվիրակության կազմում այս նախարարների ընդգրկումն ակնհայտորեն հուշում է, որ այցի ընթացքում գլխավորապես քննարկվում են առեւտրատնտեսական խնդիրներ: Համենայն դեպս, երեկ առավոտյան Կրեմլում Էրդողանին ընդունել է Պուտինը: ՌԴ նախագահն ու Թուրքիայի վարչապետը նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպումից առաջ Էրդողանը համագործակցության հույս է հայտնելՙ ընդգծելով. «Դեռ առիթ ենք ունենալու համագործակցելու էներգետիկայի, զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառներում: Քննարկելու ենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւՙ երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Էրդողանի ասածը:
Հ. Չ.