«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՆԱՄԻԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Ամերիկացիներն այսօր ամբողջ աշխարհի հետ սգում են Թաիլանդի ու Աֆրիկայի հյուսիսարեւելյան հատվածում տեղի ունեցած ցունամիների հետեւանքով զոհված տասնյակ հազարավոր մարդկանց կորուստը, որոնց թվում կային բազմաթիվ երեխաներ: Այս աղետի զոհերի հիշատակին անցած շաբաթ ողջ երկրով մեկ իջեցվել էր ԱՄՆ դրոշը:

Ես ողջունում եմ այն անձանց, երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք դրամական, նյութական, տրանսպորտային ու այլ միջոցներ են հատկացնում եւ մարդիկ են ուղարկում ցունամիից տուժած շրջաններին օգնելու համար: Տուժածներին այսօր օգնության ձեռք է մեկնել ողջ աշխարհը:

ԱՄՆ կառավարությունը նախնականորեն պարտավորվել է աղետի հետեւանքների վերացման, վերականգնման ու վերակառուցման աշխատանքների համար տրամադրել 350 մլն ԱՄՆ դոլար: Փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար ես այնտեղ եմ ուղարկել նաեւ ամերիկյան զինված ուժերի միավորումներ: ԱՄՆ օդուժի ինքնաթիռներն օր ու գիշեր օգնություն են հասցնում տուժած երկրներին: ԱՄՆ նավատորմի բեռնափոխադրումներ իրականացնող «Աբրահամ Լինկոլն» միավորումը տեղակայվել է Ինդոնեզիայում` այնտեղ հասցնելով փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ ու լրացուցիչ ինքնաթիռներ, որոնք կօգնեն հասնել մեկուսացված վայրերում գտնվող տուժածներին: Շուտով փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով աղետի գոտի կհասնեն լրացուցիչ ամերիկյան զինվորական ուժեր: Իր հիմնական դաշնակիցների ու Միավորված ազգերի կազմակերպության հետ ԱՄՆ-ը սկսել է իրականացնել վերջին շրջանի մարդասիրական ու փրկարարական ամենախոշոր գործողություններից մեկը:

Պետքարտուղար Քոլին Փաուելն ու Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշը անցած շաբաթ այցելեցին Հնդկական օվկիանոսի տարածաշրջան` հանդիպելու այլ երկրների իրենց գործընկերների ու միջազգային կազմակերպությունների հետ` գնահատելու փրկարարական աշխատանքների ընթացքն ու հստակեցնելու, թե ինչ կարիքներ կան: Միջազգային հանրությունը Ժնեւում կգումարի համաժողով, որպեսզի մշակի վերակառուցման ծրագիր ու հայթայթի միջոցներ Հարավային Ասիային օգնելու համար:

Ամերիկայում մեր կառավարությունը կօգնի այս աշխատանքներին, սակայն առատաձեռնության ամենաշռայլ դրսեւորումները բխում են հենց ամերիկացիների սրտից: Ցունամիներից տուժածներին օգնություն ցուցաբերելու ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ամերիկացի երեխաներն ու մեծահասակներն արդեն իսկ միլիոնավոր դոլարներ են հատկացրել: Այսօրինակ առատաձեռնություն դրսեւորում է ողջ աշխարհը, եւ ամերիկացիները դրանից անմասն չեն մնում:

Ես դիմել եմ ԱՄՆ նախկին նախագահներ Բուշին ու Քլինթոնինՙ աշխատելու ամերիկյան ժողովրդի հետ այս կարեւոր մարդասիրական ձեռնարկի իրականացման շուրջ, որով մենք մեր կարեկցանքն ենք հայտնում այս մեծ ողբերգությունից տուժածներին: Նախկին նախագահները կոչ են արել ամերիկացիներին նվիրատվություններ կատարել այն բարեգործական կառույցներին, որոնք արդեն օգնություն են ցուցաբերում ցունամիից տուժածներին: Այս կազմակերպությունների փորձագետները եղել են աղետի գոտում եւ գիտեն, թե ինչ է հատկապես անհրաժեշտ այնտեղ:

Ամերիկացիները բազմաթիվ բնական աղետներ են տեսել` երկրաշարժեր, կործանարար հրդեհներ, փոթորիկներ: Մենք գիտենք, որ տուժածների վիշտը ոչնչով ամոքել չենք կարող, սակայն ամերիկացիներն ամեն ինչ կանեն, որպեսզի օգնեն Ասիայի բնակիչներին` դիմակայելու աղետին հաջորդող մեծ դժվարություններին:

Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրած էակներին ու կարեկցում ենք բոլոր տառապյալներին ու հայտնում ենք մեր պատրաստակամությունըՙ օգնել մարդկանց վերացնելու աղետի հետեւանքները:

ՋՈՐՋ ՈՒ. ԲՈՒՇ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4