Ինքնատիպ կենսագիր Արտուշ Խանջյանի վերջին աշխատությունը
Հետաքրքրական անձնավորություն է ռադիոֆիզիկոս Արտուշ Խանջյանը, որի բուն կոչումը կարծես այլ ոլորտ էՙ հայոց մեծերի հիշատակի հավերժացումը: Դեռեւս Նժդեհն ասել է. «Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդըՙ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կբարձրանա»: Ա. Խանջյանը, անսալով Նժդեհի պատգամին, համառ աշխատանքով փորձում է իր համեստ լուման ներդնել առնվազն Երեւանին առնչված հայոց մեծաց հիշատակի հավերժացման հույժ կարեւոր գործում: Վերջին տարիներին նա հանդես է գալիս այս թեմայի շուրջ մամուլի հրապարակումներով, փորձելով հասարակության ու մասնավորաբար Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այդ մեծերից շատերի գերեզմանների անմխիթար վիճակն անհապաղ վերացնելու վրա: Երկու տարի առաջ Արտուշը հրատարակեց «Մոռացված եւ անհայտ էջեր Վահան Տերյանի կյանքից» հետաքրքրական գրքույկը: Իսկ այս տարի նա հրատարակեց «Ճանաչեք հայ մեծերին» մատենաշարի միանգամից երկու հատորներ. առաջինըՙ «Երեւանի արձանները» մայրաքաղաքում դրված կիսանդրիների ու արձանների մասին (92 անուն), որին հաջորդեց երկրորդըՙ «Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը»: Երկու հատորների խմբագիրն է Ռուբեն Նահատակյանը:
«Պանթեոնը» լույս է տեսել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ: A-5 չափսի 192 էջանոց այս գիրքը հեղինակը նվիրել է Ջավախքի Աբուլ գյուղում հանգչող իր նախնիների հիշատակին:
Գիրքը բացվում է խմբագրի եւ հեղինակի խոսքերով, որոնցում տեղեկություններ են տրվում հատորի բովանդակության, հեղինակման հանգամանքների մասին, նաեւ շնորհակալության խոսքեր են հղվում այս հրատարակության օժանդակողներին: Հաջորդում են «Պանթեոնները հայ իրականության մեջ» եւ «Կոմիտասի անվան զբոսայգու ստեղծման պատմությունը» բաժինները: Այնուհետեւ մեկ առ մեկ ներկայացվում են պանթեոնի այսօրվա «բնակիչները»ՙ 41 հոգի (չեն ներկայացվել երեք անմահների կանայք, որոնք թաղված են պանթեոնումՙ իրենց ամուսինների կողքին): Արտուշ Խանջյանը նրանց ներկայացնում է ըստ նրանց մահվան հաջորդականությանՙ 1920 թ. Վահան Տերյանից մինչեւ 2002 թ.ՙ Հրանտ Մաթեւոսյանը: Տպագրված է յուրաքանչյուրի լուսանկարը, շարադրված է նրա կենսագրությունը, ներկայացված են մահվան եւ թաղման հանգամանքները, բերված են ժամանակակիցների կամ մամուլի հուշերը տվյալ անձի մասին: Հաջորդում է տվյալ անհատի գերեզման-տապանաքար-կիսանդրու այսօրվա վիճակի գունավոր լուսանկարըՙ չափսերի, օգտագործված շինանյութի, մետաղների եւ այլ անհրաժեշտ տեղեկությունների մատուցմամբ (լուսանկարի հեղինակն էլ Ա. Խանջյանն է): Հատորն ավարտվում է բովանդակության ցանկով եւ հեղինակի կենսագրությամբ:
Արտուշ Խանջյանի «Ճանաչեք հայ մեծերին» շարքի երկու հատորները մեծ աշխատանքի, համառության եւ նպատակասլացության արգասիք են: Զուրկ այսօրվա «մեծերի» որեւէ ձեւի օժանդակությունից, հույսը ինքն իր ու սրտացավ բարեկամների վրա դրած, նա տասնամյակներով փշրանք առ փշրանք հավաքել է հայոց մեծերի մասին ամեն հիշատակություն: Միայն մեկ փաստի վրա կանգ առնենք. պանթեոնում հանգչող, վաղամեռիկ կինոբեմադրիչ Ստեփան Մանուկյանի (1901–1930 թթ.) եւ ինժեներ-հիդրոտեխնիկ Սահակ Լիսիցյանի (1864–1934 թթ.) մասին նյութեր չեն եղել նույնիսկ հանրագիտարանում, այսուհանդերձ, Արտուշ Խանջյանը գոնե երկուական էջի ծավալում ներկայացրել է հանիրավի մոռացության մատնված այս երախտավորներին:
Հայոց մայրաքաղաքի վերջին տարիների իրարահաջորդ քաղաքապետները ոչ միայն պատշաճ ուշադրություն չեն դարձրել քաղաքային պանթեոնի եւ հայոց մյուս մեծերին իրենց գրկում պահող գերեզմանատների վրա, այլեւ, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, առ այսօր պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերել «Ճանաչեք հայ մեծերին» մատենաշարի հրատարակված ու անտիպ հատորներին: Հույս ունենա՞նք, որ մայրաքաղաքի չինովնիկները, նոր քաղաքապետարանի իրենց ավելի քան հարմարավետ գրասենյակներում նստած, ժամանակ կգտնեն զբաղվելու նաեւ նման «մանրուքներով»...
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ