«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ 14 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ԱՐԱՄԻ ԵՎ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՀԱՏՎԱԾ

Եթե քաղաքապետարանը կամենա եւ կարողանա

Երեւանի պատմամշակութային հուշարձանների 1991 թվականի հաստատված ցանկը, որ չեղյալ էր հայտարարվել 2000 թվականին, վերջնականապես հաստատվեց 2004-ի դեկտեմբերին: Նոր ցանկում ընդգրկված են 998 հուշարձաններ: Հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի ասելով, նոր ցանկի ստեղծման ժամանակ կային որոշակի դժվարություններ, քանի որ արդեն ընթանում էին Գլխավոր պողոտայի կառուցապատման աշխատանքները, որի հետեւանքով այդ տարածքում գտնվող 19-րդ դարի պատմական հուշարձաններից մի քանիսը հայտնվել էին խորթ միջավայրում:

«Պատմական այդ հուշարձաններն իրենց նախկին ներդաշնակ միջավայրը կորցրել են եւ հայտնվել նորակառույցների արանքում: Դա պահպանության ձեւ չէ, որովհետեւ պատմական հուշարձանը նոր միջավայրում կորցնում է իր որակը: Փորձագիտական հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո որոշեցինք 14 հուշարձաններ տեղափոխել քաղաքի կենտրոնական մաս: Այդ հարցն արդեն դրվել է քաղաքապետարանի առջեւ, սակայն դեռեւս պարզ չէ, թե վերջինս ինչ որոշում կկայացնի», ասում է պրն Գրիգորյանը:

Նրա կարծիքով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի շինությունների համար լավագույն տարածք է Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած հատվածը, որն առաջարկվել էր 1991 թվականին կազմված Երեւանի պատմամշակութային հիմնավորման նախագծով: Այնտեղ տեղափոխման ենթակա հուշարձաններ են Բուզանդի 9,17, 25, 26, 30, 39, Պուշկինի 2, Եզնիկ Կողբացու 41, 43, 45, Տերյան 11-13, Արամի 23, 74 շենքերը, որոնք կդիտվեն բնական միջավայրում: Այդ ծայրահեղ պարտադրված քայլն, ըստ նրա, կատարվել է հիշյալ շինությունները պատմական միջավայրում վերականգնելու նպատակով:

Իսկ ի՞նչ պարտավորություններ ունեն այդ հուշարձանների սեփականատերերը, ունե՞ն իրավունք այդ շենքերը մի քանի տարի անտարբերության մատնելու, օրինակ, պատմական շատ կարեւոր շենք համարվող Հանրապետության 15 շենքը: «Դա կախված է սեփականատիրոջ հնարավորություններից, օրինակ, մի շարք երկրներում կան նրան օգնելու պետական լծակներՙ պատմական հուշարձանը արագորեն վերակառուցելու համար: Բացի դրանից, սեփականատերը պետական աջակցություն է ստանում, եթե պատմական շինությունը նախատեսում է օգտագործել զբոսաշրջության նպատակով: Իսկ եթե պետական աջակցություն ստանալով սեփականատերը երկար ժամանակ չի կարողանում հուշարձանը կարգի բերել ու վերակառուցել, այդ դեպքում զրկվում է սեփականատիրոջ իրավունքից: Մեզանում այդպիսի օրենքներ դեռ չեն կիրառվում, քանի պետությունը դեռ կայացման շրջանում է», կարծում է պրն Գրիգորյանը:

Երեւանի պատմական հուշարձանների պահպանման խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները հուշարձանների պահպանության գործակալության հետ դեռ չեն համագործակցում: Թեեւ «Սեւան» հյուրանոցը ընդգրկված չէ պատմական հուշարձանների ցանկում, սակայն այն քանդելու իրողությունը վրդովմունք առաջացրեց, հիշենք, որ հունվարի 7-ինՙ հանգուցյալների հիշատակի օրը, մոմեր վառվեցին քանդված հյուրանոցի առջեւ: Հասարակական կազմակերպությունները գործում են անջատաբար, ինչն, ըստ Գրիգորյանի, գործին օգուտ բերելու փոխարեն կարող է վնասել: Այդ կազմակերպությունների ասպարեզ գալը նա գնահատում է ուշացած, քանի որ վերջին 4-5 տարիները խիստ վնասակար են եղել Երեւանի հուշարձանների պահպանության համար. քաղաքապետարանի հետ գործակալության համատեղ աշխատանքն այդ տարիներին ուղղակի չի կայացել:

Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի հետ գործակալության համագործակցությամբ ստեղծվեց Երեւանի պատմական հուշարձանների ամբողջական ցանկը, որը հնարավորություն կտա այսուհետեւ կանխելու դրանց դեմ ուղղված ամեն մի ոտնձգություն: «Վստահ եմ, որ տեղաշարժեր անպայման կլինեն, աստիճանաբար կհասնենք նրան, որ բիզնեսի նպատակով պատմական հուշարձաններ այլեւս չեն քանդվի եւ մեր հասարակությունը առանձնակի կարեւորություն կտա հուշարձանների պահպանմանը», նշում է պրն Գրիգորյանը:

Սակայն Երեւանում հուշարձանների պահպանումից բացի կա նաեւ դրանց միջավայրի պահպանման խնդիրը: Այսպես, օրինակ, եթե Երեւանի պատմամշակութային հիմնավորման նախագիծը 2000 թվականից ուժը չկորցներ, օպերայի շրջակայքը կհամարվեր պահպանման գոտի եւ օրենքով կարգելվեր այնտեղ որեւէ շինություն կառուցելը:

Կկարողանա՞ն Երեւանի քաղաքային ներկայիս իշխանությունները պահպանել հին Երեւանի շինությունների համար լավագույն տարածք համարվող Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած հատվածը, դժվար է պատկերացնել, որովհետեւ նրանցից մեծ համարձակություն ու կամք կպահանջվի փրկելու այն, ինչն այնպես անփութորեն կորցրին նախորդները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4