«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ԿԱՐՊԻՍ ԱՓՐԻԿՅԱՆԸՙ «ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏ»

Ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի ղեկավար Կարպիս Ափրիկյանն իր երգչախմբի 80-ամյակի եւ անձամբ դրա ղեկավարման հոբելյանի առթիվ պարգեւատրվել է «Արվեստի եւ գրականության ասպետ» շքանշանով: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ շքանշանի հանձնումը տեղի է ունեցել հանդիսավոր պայմաններում, մայրաքաղաքի 9-րդ շրջանի քաղաքապետարանում:

Շքանշանն Ափրիկյանին շնորհել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Դոնադյո դը Վաբրը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆ. Մեյեի ելույթից հետո հոբելյարը երախտագիտության խոսք է ասել, ապա «Սիփան-Կոմիտաս» երգչախումբն Ափրիկյանի ղեկավարությամբ կատարել է նրա գործերից մեկը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Գյուտ արք. Նագգաշյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Ռուբեն Խարազյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Մ. Բրավոն եւ այլ անձինք:

Միաժամանակ հաղորդվում է, որ «Սիփան-Կոմիտաս» երգչախումբն իր 80-ամյակի եւ Կարպիս Ափրիկյանի ղեկավարման 50-ամյակի առթիվ համերգներով հանդես է եկել Փարիզի 9-րդ շրջանի Սբ. Երրորդության եկեղեցումՙ Լվովի «Լեոպոլիս» սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված էին Գուրգեն Ալեմշահի «Ավարայրի ճակատամարտը» սիմֆոնիկ պոեմը, Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիան, Բարսեղ Կանաչյանի եւ Կարպիս Ափրիկյանի «Աբեղան» վարքապատումը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4