«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 11-ի համարը տեղեկացնում է, որ Փելիքն Բեյի (Ֆլորիդա) իր տանը 90 տարեկանում վախճանվել է Մ. Նահանգներում ճանաչված արդյունաբերական լուսանկարիչ Արթուր Դարեզիենը, որի իսկական անունն է Խաչիկ Դարազյան:
Ծնվել է Բուրսայում (Թուրքիա), 1914 թ. հուլիսի 13-ին: Ութ տարեկանում ծնողների եւ քրոջ հետ հաստատվում է Նյու Յորքում, որտեղ հետագայում հետեւում է նկարչության եւ քանդակագործության: Իր նկարչական ընդունակությունները նա դրսեւորել է դեռ դպրոցական տարիքումՙ որպես օգնական աշխատելով ականավոր թատերական լուսանկարիչ Ջորջ Լուկասի մոտ: Ապա մի շարք այլ արհեստանոցներում աշխատելուց հետո նա իր սեփական լուսանկարչատունն է բացել Նյու Յորքում եւ 1939 թ. հրավիրվել դառնալու Համաշխարհային տոնավաճառի պաշտոնական լուսանկարիչը: Երկրորդ աշխարհամարտի օրերին նա ծառայել է ռազմաօդային ուժերում որպես ռազմաօդային լուսանկարչության մասնագետ-հրահանգիչ: «Մարտահրավերները պաշտում եմ, առանց դրանց կյանքը հետաքրքիր չէ», խոստովանել է նա, ավելացնելով, որ դա նաեւ իրեն երիտասարդ է պահում: Պատվերներ է ստացել շատ ընկերություններից, որոնց թվում եղել են AT&T-ն, «Ջեներալ էլեկտրիկը», «Ֆորդը», «Կոդակը», «Այ Բի Էմը» եւ «Ջեներալ մոթորսը»: Նրա լուսանկարները ցուցադրվել են Նյու Յորքի մետրոպոլիտեն, Կլիվլենդի արվեստի եւ այլ թանգարաններում: Արժանացել է մրցանակների Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դետրոյթում եւ Պիցբուրգում:
Կոնեկտիկուտի «Հռչակավոր լուսանկարիչների դպրոցի» հիմնադիր անդամներից է եղել: Մեկ ուրիշ նշանավոր լուսանկարչիՙ Յուսուֆ Քարշի երկարամյա ընկերն է եղել:
Հ. Ծ.