«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ՀՐԵԱ ՈՒՂՂԱՓԱՌ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹՔԵԼ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ

Երուսաղեմի Հին քաղաքում հայ հոգեւորականների վրա թքելու հրեա ուսանողների ուղտային ցանկությունը դեռ չի մարել: Այս տարվա հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան օրը, գրանցվեց վերջին 3 ամիսների երկրորդ դեպքը, որին «Ազգը» ուշացումով է անդրադառնում արձակուրդի պատճառով:

«Ջերուսալեմ փոստ» թերթի հաղորդմամբ, հրեա ուղղափառ 4 ուսանողներ Հին քաղաքի Հայոց վանքի մոտ հարձակվել են հայ հոգեւորականի վրա: Ընդհարումը սկսվել է, երբ ուսանողներից մեկը թքել է Հայր Ավետիսի վրա, հետո հրաժարվել նրա հետ ոստիկանատուն գնալուց: Հայ հոգեւորականին օգնության է հասել այդ պահին այնտեղով անցնող Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյան, որին ուղեկցել է պետական անվտանգության աշխատակիցը: Մինչ նրա կանչով ոստիկանությունը կժամաներ, հրեա ուսանողները կռվի են բռնվել անվտանգության աշխատակցի հետ, որը փորձել է բաժանել նրանց: Ոստիկանությունը 4 ուսանողներին ձերբակալել է, իսկ հունվարի 8-ին Երուսաղեմի գերագույն դատարանը նրանցից երեքին 90 օր արգելել է մտնել Հին քաղաք:

Ինչպես նախորդ դեպքի ժամանակ, այս անգամ եւս հնչել են դատապարտող խոսքեր, որոնցից ըստ էության ոչինչ չի փոխվում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4