ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը, որը ներառում է շախմատի համաշխարհային օլիմպիադայում ցույց տված արդյունքները: Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ օլիմպիադայում, ուստի պատահական չէ, որ 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկված մեր հանրապետության 4 ներկայացուցիչներն էլ հոկտեմբերի համեմատ ավելացրել են իրենց վարկանիշը: Պարզապես տպավորիչ է մեր ամենափորձառու գրոսմայստեր, 2004 թ. Հայաստանի լավագույն մարզիկ Ռաֆայել Վահանյանի առաջընթացը: Նա օլիմպիադայում բոլոր մասնակիցների մեջ հասել էր լավագույն արդյունքի եւ դա չէր կարող դրականորեն չանդրադառնալ նրա վարկանիշի վրա, որն աճել է 30 կետով: Այժմ Վահանյանը 2670 վարկանիշով 58-րդ տեղից տեղափոխվել է 32-րդ հորիզոնական: Նշենք, որ 100 ուժեղագույն շախմատիստներից միայն ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինն է ավելի մեծ առաջընթաց ունեցել (33 կետով), քան Վահանյանը: Վոլոկիտինը 2685 վարկանիշով 20-րդ տեղում է:
Հայաստանցի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշը Վլադիմիր Հակոբյանինն է: Նա վարկանիշն ավելացրել է 1-ով եւ 2693 գործակցով 17-րդ տեղում էՙ նախորդ ցուցակի համեմատ վեր բարձրանալով 2 հորիզոնականով: 9 կետով վարկանիշը (2684) բարելաված Լեւոն Արոնյանը 29-րդ տեղից տեղափոխվել է 21-րդ հորիզոնական: Սմբատ Լպուտյանն էլ վարկանիշը (2640) բարելավելով 6 կետով, 60-րդ տեղից տեղափոխվել է 57-րդ հորիզոնական: 100 լավագույնների թվում է նաեւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Նա 5 կետով նվազեցրել է վարկանիշը (2624)ՙ 71-րդ տեղից նահանջելով 78-րդ հորիզոնական:
ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Գարի Կասպարովը, որի վարկանիշը 9 կետով նվազել է: Իսկ ահա 2-րդ տեղում ընթացող Վիշվանաթան Անանդը 5 կետով ավելացրել է վարկանիշը եւ այժմ առաջատարից հետ է մնում 18 միավորով: 15 շախմատիստ ունի 2700 եւ բարձր վարկանիշ:
Կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում է հունգարուհի Ժուժա Պոլգարը: 50 լավագույն շախմատիստուհիների ցանկում Էլինա Դանիելյանը 2415 վարկանիշով 39-րդ տեղում է: Մինչեւ 20 տարեկան շախմատիստների ցուցակը 2685 վարկանիշով գլխավորում է 18-ամյա ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինը: Աղջիկների մեջ լավագույնը հնդիկ շախմատիստուհի Հումպի Կոներուն է (2512): Երկու ցուցակներում էլ 20 լավագույնների թվում Հայաստանը չունի իր ներկայացուցիչները:
ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակի լավագույն տասնյակները հետեւյալ տեսքն ունեն:
Տղամարդիկ
1. Գարի Կասպարով | Ռուսաստան | 2804 |
2. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2786 |
3. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2757 |
4. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2754 |
5. Պետեր Լեկո | Հունգարիա | 2749 |
6. Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2741 |
7. Մայքլ Ադամս | Անգլիա | 2741 |
8. Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2735 |
9. Էտյեն Բաքրո | Ֆրանսիա | 2715 |
10. Ալեքսեյ Շիրով | Իսպանիա | 2713 |
Կանայք
1. Ժուժա Պոլգար | ԱՄՆ | 2577 |
2. Յուն Խիե | Չինաստան | 2573 |
3. Հումպի Կոներու | Հնդկաստան | 2512 |
4. Մայա Չիբուրդանիձե | Վրաստան | 2509 |
5. Ժհաո Խուե | Չինաստան | 2502 |
6. Ժու Չհեն | Չինաստան | 2494 |
7. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2491 |
8. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2490 |
9. Հու Յուհուա | Չինաստան | 2487 |
10. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2481 |