«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ԻՆՉ ԵՌԱՆԴՈՎ ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ ԷԻՆՔ, ՆՈՒՅՆ ԵՌԱՆԴՈՎ ՀԱՐՄԱՐՎԵՑԻՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ

Օրական սոցիալական քարտ ստանալու 25-30 հազար հայտ է ստացվում տարածքային կենտրոններ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անցած տարեվերջին մայրաքաղաքի մի շարք համայնքներից ահազանգեր եղան, թե սոցիալական քարտ չունենալու պատճառով քաղաքացիներից շատերին մերժել են կենսաթոշակ ու նպաստ վճարել: Թերեւս սա ամենաուժեղ խթանը դարձավ, որ 2005-ի տարեսկզբին սոցիալական քարտեր ստանալու համար աննախադեպ հերթեր առաջացան տարածքային բոլոր կենտրոններում:

Հունվարի 1-ին ավարտվեց 18 ամսվա ժամկետը, որ օրենքի ընդունման օրից ի վեր (2003 թվականի սեպտեմբեր) սահմանվել էր` քաղաքացիներին հորդորելու եւ դրդելու քարտավորել իրենց անձը` անկախ իրենց ցանկությունից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն 2 մլն 100 հազար քաղաքացիներ հայտեր են ներկայացրելՙ «սատանայական» «Նեմրութ» անունը փոխած «Նորք» կենտրոն:

1 մլն 600 հազար հայտեր արդեն գեներացվել եւ ձեւակերպվել են իբրեւ քարտեր, դրա 100 հազարը դեռ տարածքային կենտրոններում է, բայց մարդիկ գալիս ու աճապարելով վերցնում են դրանք:

Հիշեցնենք, որ սոցիալական քարտերն անհրաժեշտ են աշխատավարձ, դրան հավասարեցված այլ եկամուտներ, նպաստ, կենսաթոշակ ստանալու, հարկեր, տուրքեր, հաստատագրված վճարներ վճարելու, բանկային հաշիվ բացելու համար: Որեւէ նշանակություն չի ունենալուՙ պետական թե մասնավոր կառույցում է աշխատում մարդը:

Եթե գործատուին սոցիալական քարտ չի ներկայացվում, վերջինս իրավունք չունի աշխատավարձ վճարել:

Ըստ վարչական իրավախախտումների օրենքում նախատեսված փոփոխությունների, գործատուն ենթակա է պատասխանատվության, եթե փորձի վճարումներ անել առանց սոցիալական քարտի առկայության:

Ժամկետային որեւէ սահմանափակում գոյություն չունի, որից այն կողմ մարդն էլ չի կարող ունենալ սոցիալական քարտ: Հայտ ներկայացնելուց հետո 1 ամսվա ընթացքում նա կարող է ստանալ քարտը: Սակայն այս պահին, Հասմիկ Խաչատրյանի վկայությամբ, այդ ժամկետը հնարավոր չէ պահպանել, քանի որ օրական 30-40 հազար հայտեր են ստացվում եւ մեծ կուտակումներ են առաջացել:

Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի քանի ամիս առաջ իրենց քարտերը վերադարձրել էին, եկել եւ խնդրել են նորից իրենց քարտ տալ:

Ընդդիմացման ու բողոքի այն հզոր ալիքը, որ արդեն տարի ու կես ուղեկցում էր սոցիալական քարտերի ներդրման գործընթացին, արագորեն տեղի տվեց մեծն անհրաժեշտության առաջ: Հիմա մարդիկ նույն եռանդով շտապում են տիրանալ քարտերին` մոռանալով սատանաների, թվայնացման, իրենց անձի մասին տեղեկատվությունը բաց ներկայացնելու վտանգի մասին: Ասել է թե, ընտանիքը պահելու, սոցիալական խնդիրների հարկադրանքը մարդկանց սատանայի հետ էլ կարող է հաշտեցնել, ոչ միայն սոցիալական քարտերի:

Եվ պետական քաղաքականության երեսպաշտությունն այս ասպարեզում, եւ մեր քաղաքացիների փխրուն հարմարվողականությունն առանձին քննության խնդիրներ են:

Ի սկզբանե հայտարարվեց, որ սոցիալական քարտերի ներդրումը կամավոր բնույթ է ունենալու, այժմ արդեն ակնհայտ է, որ հասարակության մի մեծ զանգված, ում խղճին, համոզմունքներին, ցանկությանն ու սկզբունքներին դեմ էր քարտավորումը, պարզապես բռնի, կոպիտ հարկադրանքով պիտի ստանա սոցիալական քարտեր:

Բայց այս գործընթացն իրականություն դարձնելուց առաջ հարկ էր փոփոխություններ անել նաեւ մեր սահմանադրության մեջ, որ հաստատում է իր աշխատանքի ու աշխատանքային տարիների դիմաց թոշակ ու նպաստ ստանալու քաղաքացու իրավունքը: Մի նրբագիծ էլ առանձնացնենք` թոշակ ու աշխատավարձ չի տրվում առանց սոցիալական քարտի, բայց գազի, հոսանքի, հեռախոսի վարձավճարներ մուծել կարելի է:

Ոչ մի երաշխիք չկա նաեւ, որ անհատական քարտերում կուտակված ինֆորմացիան չի գաղտնազերծվելու շահագրգիռ որեւէ մեկի կամ կազմակերպության կողմիցՙ եւ տեղական, եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների:

Օրենքը նշում է, որ համակարգում կուտակված տվյալները հասանելի են լինելու միայն սահմանափակ թվով մարդկանց: Ինչ երաշխիք, որ նույն այդ անձանց կաշառելով (ինչը ամեն մի իրողության հասնելու կանաչ ճանապարհ է) կամ հակերների օգնությամբ տեղեկատվական բազան չեն բացի ու քաղի իրենց անհրաժեշտ ինֆորմացիան:

Այս բոլոր վտանգներին հակընդդեմ ներկայացվող փաստարկները խիստ կասկածելի են ծանրակշիռ առավելություն համարվելու համար: Օրինակ այն, որ քաղաքացիները տեղական եւ պետական ինքնակառավարման մարմինների հետ առնչվելիս կազատվեն զանազան տեղեկանքներ վերցնելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունից: Կամ, որ համակարգի միջոցով ստվերային շրջանառությունը բացահայտելու հնարավորություն կստեղծվի (սա դեռեւս չստուգված ու կասկածելի է), կամ համակարգի ներդրման միջոցով կբարելավվի սոցիալական ապահովագրության ոլորտը, այսինքն կապ կստեղծվի աշխատավարձի, սոցիալական վճարումների եւ կենսաթոշակի չափերի միջեւ:

Քարտավորումն այլեւս իրողություն է Հայաստանի Հանրապետությունում: Զարմանալի է, որ մինչ այժմ հարայ-հրոց բարձրացրած հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու առանձին մտավորականների ձայնն այս պահին այլեւս չի լսվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4