Հունվարի 30-ը Հյուսիսային Իռլանդիայում նշվում է որպես «արյունոտ կիրակի»: Երեսուներեք տարի առաջՙ 1972 թ. այդ օրը Դերի քաղաքում բրիտանական պարաշյուտային զորագնդի զինվորները կրակ բացեցին կաթոլիկ ցուցարարների վրա, սպանելով 14-ին եւ վիրավորելով շատերին: «Գրեյս փիքչըրս» ստուդիայի ռեժիսոր Մայքլ Մքհյուի նկարահանած 77 րոպեանոց «Անվստահելի վկան» վավերագրական ֆիլմը պատմում է այդ իրադարձությունների մասին: Ֆիլմի համապրոդյուսերն է Ջոն Յակուբյանը, որն իր իսկ խոստովանությամբ, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, ընդգրկվել է այդ ծրագրում, երբ Լոնդոնում աշխատելիս է եղել «CBS News» հաղորդաշարում, որտեղ միաժամանակ աշխատել է նաեւ Մայքլ Մքհյուն: «Որպես հայ ես ավելի լավ էի հասկանում մարդկանց տառապանքը: Դա լավ կազմակերպված կառավարական գործողություն էրՙ ուղղված փոքրամասնության դեմ: Այս դեպքում առավել հատկանշական էր, քանի որ այդ արարքը սանձազերծող անգլիական կառավարությունը ժողովրդավարական, առաջադեմ ու քաղաքակրթված է կոչվում», ասում է նա:
Ֆիլմը պատմում է լրագրող Դեյվիդ Թերեշչուկի մասին, որը լուսաբանում էր այդ օրվա դեպքերը Դերիում: Ավելացնենք, որ 1998 թ. բրիտանական կառավարությունը ստիպված եղավ ժողովրդական ճնշման ներքո վերանայել Ուիջերիի դատավարության որոշումը, համաձայն որի արդարացված էին զինվորները: Գործի վերաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ բոլոր վկաները, նրանց թվում նաեւ լրագրող Թերեշչուկը, դարձյալ հարցաքննվում են:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Դերիի «Ֆոյլ ֆիլմ», իսկ հետագայում նաեւ Նյու Յորքի «Թրիբեկա ֆիլմ» փառատոնում:
Ֆիլմում իր փորձառության հիման վրա Ջոն Յակոբյանն այժմ մտածում է մի նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Հ. Ծ.