«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2004-12-29 | #1, 2005-01-11 | #2, 2005-01-12


ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՑԱՆ

Հերթը միկրոավտոբուսների՞նն է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր իշխանությունների ընդունած որոշումներից շատ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մինչ դրանց ընդունվելը քննարկվում է, թե ինչպես բնակչության շահերն առավելագույնս անտեսվեն: Ասվածը հատկապես վերաբերում է տրանսպորտի հիմնահարցը լուծելու դեգերումների մեջ հայտնված քաղաքային իշխանություններին:

Արդեն մի քանի օր մայրաքաղաքի բնակիչները «վայելում են» քաղաքապետարանի մատուցած ամանորյա նվերըՙ ավտոբուսների երթեւեկության սակագնի կրկնակի բարձրացումըՙ 50 դրամի փոխարեն դարձել է 100 դրամ: Նման բարձրացման որեւէ հիմնավորում դեռեւս չի տրվել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին նախ Երվանդ Զախարյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ, ապա տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը, խոսելով ավտոբուսների սակագների մասին, դրանց հնարավոր սահմանը համարել էին 70 կամ 80 դրամը: 100 դրամ սակագնի հնարավորությունը նրանք բացառել էին: Տրանսպորտի վարչության պետը մեր թերթում ներկայացրել էր հաշվարկներն ու հիմնավորումները սակագնի նման բարձրացման անհրաժեշտության մասին: Սակայն հերթական անգամ վերոնշյալ պաշտոնյաները, մեղմ ասած, ճշմարտախոս չեղան եւ փաստորեն հրաժարվեցին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իրենց ասածներից:

Ինչ վերաբերում է բնակչության շահերին, ապա տվյալ դեպքում դրանք ամբողջությամբ անտեսվել են: Նախ սոցիալապես անապահով խավի համար ավտոբուսի սակագնի թանկացումն անհնար է դարձրել նաեւ դրանից օգտվելը: Բացի այդ, ավտոբուսների 100 դրամ սակագնի պայմաններում անիմաստ է դառնում դրանցով երթեւեկելը այն պարզ պատճառով, որ նույն սակագնի դեպքում մարդիկ նախապատվություն կտան եւ տալիս են երթուղայիններին: Ասվածի վառ ապացույցն են մայրաքաղաքում այս օրերին գրեթե դատարկ երթեւեկող ավտոբուսները: Մինչ այդ դրանք երթեւեկում էին բավարար ծանրաբեռնվածությամբ:

Հետեւաբար, 100 դրամ սակագինը տնտեսական շահավետության տեսանկյունից փաստորեն անիմաստ է դարձնում ավտոբուսների շահագործման իմաստը եւ ավելի է վատթարացնում տրանսպորտային սպասարկումը, քանի որ ուղեւորահոսքը դարձյալ ուղղվում է դեպի երթուղայիններ: Այսինքն, բնակչության տրանսպորտային սպասարկումը բարելավելու նպատակով արված այս քայլը այդ նույն բնակչությանը ոչինչ չի տալիս եւ ավելին, նրա մի մասին զրկում է նաեւ ավտոբուսից օգտվելու հնարավորությունից:

Դժբախտաբար, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը երեկ ժամանակ չգտավ պատասխանելու մեր այն հարցերին, թե ինչո՞վ էր պայմանավորված ավտոբուսների սակագնի նման (կրկնակի) բարձրացումը եւ ինչո՞ւ դրանից խուսափելու տարբերակները հերթական անգամ չեն քննարկվել: Քաղաքապետարանի միակ հիմնավորումը կարող է լինել այս ոլորտը ներդնողների համար գրավիչ դարձնելը, բայց, չգիտես ինչու, նախկինում 70-80 դրամը այդ նպատակի համար բավարար էր համարվում, իսկ հիմաՙ ոչ: Կամ 100 դրամ սակագնի դեպքում ինչպե՞ս կարելի է հրապուրել ներդնողներին, եթե ավտոբուսները դատարկ են տեղաշարժվում: Այդ դեպքում ո՞րն է ելքը: Այստեղ կարող ենք համոզմունք հայտնել, որ քաղաքապետը մեզ նոր անակնկալ է պատրաստում, դարձյալ հակառակ իր նախկին խոստումների:

Դարձյալ հիշեցնենք, որ ավտոբուսի սակագնի բարձրացման նախնական խոսակցությունների ժամանակ քաղաքապետը խոստանում էր թույլ չտալ երթուղային միկրոավտոբուսների սակագնի բարձրացում: Սակայն չմոռանանք, որ 50 դրամանոց երթուղայինները առանց լուրջ խնդիրների դարձան 100 դրամանոց, չնայած մրցութային հանձնաժողովի հետ կնքած պայմանագրով հենց իրենցՙ միկրոավտոբուսային երթուղիները շահագործող կազմակերպությունների առաջարկած սակագինը պետք է անփոփոխ մնար մինչեւ 2005 թ. աշունը: Հետեւաբար, ի՞նչ երաշխիք, որ ներկայիս 100 դրամանոց երթուղայինները չեն դառնա 150 կամ 200 դրամանոց: Կյանքը ցույց տվեց, որ նման երաշխիք չեն կարող լինել ոչ պայմանագիրը, ոչ էլ, առավել եւս, քաղաքապետի խոստումները:

Միկրոավտոբուսների երթեւեկության սակագները բարձրացնելով, քաղաքապետարանը միանգամից կբավարարի ավտոբուսային երթուղիների ապագա եւ միկրոավտոբուսների երթուղիների ներկա տերերի ախորժակը: Բազմիցս ենք առաջարկել սակագնի բարձրացմանը փոխարինող այլ տարբերակներ, որոնք հնարավոր կդարձնեն ավտոբուսների շահութաբեր գործունեությունը Երեւանում: Մասնավորապես ավտոբուսներին հաստատագրված վճարից ազատելը կամ միկրոավտոբուսներից գանձված հաստատագրված վճարը ավտոբուսային ընկերությանը որպես դոտացիա տրամադրելը եւ այլ տարբերակներ: Սակայն քաղաքապետարանի պատասխանատուները նախընտրում են իրենց եւ տնտեսվարողների համար հեշտ ու շահավետ, իսկ բնակչության համար լրացուցիչ ծախսեր ենթադրող ճանապարհը: Առաջարկել ենք նաեւ այս ոլորտը դիտարկել որպես հանրային ծառայություն, քանի որ հասարակական տրանսպորտից օգտվում է բնակչության գերակշիռ մասը եւ այն բնույթով ու անվանմամբ հանրային ծառայություն է: Տրանսպորտային սպասարկումը նաեւ բնական մենաշնորհ է Երեւանի դեպքում քաղաքապետարանի, նրանից դուրսՙ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության ներքո: Հետեւաբար, ինչպես մյուս հանրային ծառայությունների համար, տրանսպորտի սակագները նույնպես պետք է քննարկվեն եւ հաստատվեն հանրային ծառայությունները կարգավորելուն կոչված հանձնաժողովում: Դրանով վերջ կտրվեն եւ մասնագիտական դաշտ կտեղափոխվեն նաեւ սակագնի թանկացման-չթանկացման վեճերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4