Անժխտելի է, որ ամեն անգամ կենսաթոշակների բարձրացման մասին ընդունված որոշումը ինչ-որ չափով նպաստում է շատ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Օբյեկտիվությունը պահանջում է ասել, որ կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի դրական փոփոխություններ եղել են, քանի որ ապահովագրական ստաժի մեկ տարվա սահմանված 80 դրամից բարձրանալով հասավ 140 դրամի, իսկ ՀՀ կառավարության 09. 09. 2004 թ. թիվ 1267 որոշմամբ, 2003 թ. հունիսի 13-ի 707 որոշման մեջ փոփոխություն կատարելու հետեւանքով 140-ը դարձել է 160 դրամ, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: Հետեւաբար համապատասխան չափով էլ կբարձրանա յուրաքանչյուրի թոշակի չափը: Առաջիկայում, հավանական է, կբարձրանա նաեւ հիմնական կենսաթոշակի չափը, հասցնելով 4000 դրամի: Նշանակում է կառավարությունն արդեն ավելի մոտիկից է զբաղվում այդ անչափ կարեւոր գործի կարգավորման հարցերով:
Այնուամենայնիվ դեռեւս կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Օրինակ, նախկինում թոշակառուն թոշակն ստանում էր տվյալ ամսվա սկզբին, որը նրան հնարավորություն էր տալիս ժամանակին կատարելու ինչպես կոմունալ վճարումները, այնպես էլ կարգավորելու իր կատարելիք ամսական ծախսերը: Սակայն 2004 թ. հուլիս ամսից թոշակների վճարումները կատարում են ամիսը վերջանալուց հետո, հաջորդ ամսվա առաջին տասնօրյակին, որն իրավացիորեն թոշակառուների դժգոհությունն է առաջացրել նաեւ այն պատճառով, որ թոշակը չստանալով, չի կարող ժամանակին կատարել համապատասխան վճարումները, զրկվում է ջրամատակարարումից, էլեկտրաէներգիայից, ջեռուցումից (եթե կա):
Հարցումներից պարզվում է, որ նախորդ ընտրությունների Ազգային ժողովը որոշում է կայացրել թոշակները վճարել ամիսը վերջանալուց հետո, հաջորդ ամսվա ընթացքում: Հետաքրքրական է, ինչի՞ց ելնելով, ինչի՞ց ստիպված Ազգային ժողովը նման որոշում կայացրեց, դժգոհությունների առիթ տվեց: Կարծում եմ, Ազգային ժողովը անհրաժեշտ փոփոխություններ կկատարի նախկին որոշման մեջ, որպեսզի ապահովվի կենսաթոշակների վճարումը ամսվա առաջին օրերին (ինչպես նախկինում էր), որը հնարավորություն կտա թոշակառուին վճարումները ժամանակին կատարելու եւ, որ ամենագլխավորն է, թոշակառուին զերծ կպահեն ավելորդ նյարդային վիճակից:
Թոշակների ժամանակին չվճարելը պատճառաբանում են մուտքերի անբավարար հավաքմամբ: Նման պատճառաբանությունը ճիշտ չէ, քանի որ ամեն գործատու գիտի կենսաթոշակային ֆոնդին կատարելիք իր ամենամսյա գումարները: Ուստի գործատուն հնարավորություն ունի մինչեւ աշխատավարձի վճարումը ընթացիկ հաշվարկային հաշվից համապատասխան գումարը ժամանակին փոխանցել կենսաթոշակային ֆոնդին (մի քանի օրերի հարց է): Ուրեմն թոշակների ժամանակին չվճարելը պետք է բացատրել ինչպես գործատուի պատասխանատվության բացակայությամբ, այնպես էլ նրանց գործունեության նկատմամբ համապատասխան մարմինների անհրաժեշտ հսկողության չապահովմամբ:
Այժմ անդրադառնանք մի այլ, ոչ պակաս կարեւոր հարցի: Քաղաքացին համապատասխան դիմումով ընդունվում է աշխատանքի, գործատուն գործառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր եւ ամեն ամիս գործառուին աշխատավարձ վճարելուց բացի յուրաքանչյուր գործառուի համար համապատասխան գումար պետք է փոխանցի կենսաթոշակային ֆոնդ: Գործառուն այդ մասին չգիտի, նա ոչ մի հնարավորություն չունի իմանալուՙ համապատասխան վճարումները գործատուն կատարե՞լ է, թե՞ ոչ, եւ ոչ էլ գործատուն է համապատասխան տեղեկանք կամ անդորրագիր տալիս գումարը փոխանցելու մասին: Այդ բոլորն ի հայտ է գալիս, երբ կենսաթոշակի անցնող քաղաքացին համապատասխան փաստաթղթերով ներկայանում է սոցիալական ապահովության բաժին, թոշակը ձեւակերպելու:
1990 թ. հունվարից, ՀՀ կառավարության որոշման համաձայն, կենսաթոշակ ձեւակերպելիս անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է նաեւ ներկայացնել սոցիալական ապահովության վճարումների համապատասխան տեղեկանք: Ահա այդ ժամանակ պարզվում է, որ իր տարիների համար գործատուի կողմից կենսաթոշակային ֆոնդին համապատասխան գումարներ չփոխանցելու պատճառով այդ տարիներին աշխատանքային ստաժը չի հաշվարկվելու: Դե, պատկերացրեք կենսաթոշակի անցնող մարդու վիճակը, հոգեկան ապրումները: Քաղաքացին գնա ումի՞ց պահանջի, գուցե այդ գործատուն չկա կամ հիմնարկը չկա (փակվել է)... Անկասկած մեղավորը գործատուն է, բայց փաստորեն տուժում է գործառուն: Իմ կարծիքով, մեղավորն այն աշխատողներն են, որոնք այդ որոշումը նախապատրաստելիս հարցի էության մեջ հանգամանորեն չեն խորացել:
Սա դեռ սկիզբն է: Այդ որոշման ոչ հիմնավոր լինելը կզգան այն ժամանակ, երբ այսօրվա 45-50 տարեկանները կենսաթոշակ ձեւակերպելիս կպարզեն, որ իրենց աշխատած տարիների համար աշխատած կազմակերպության ղեկավարները կենսաթոշակային ֆոնդին համապատասխան գումարներ չեն փոխանցել: Դե եկեք, գործատուներ, որոշում նախապատրաստողներ, որոշում կայացնողներ, այդ աշխատողներին պատասխան տվեք: Ոչ ոք ոչ մի պատասխան չի տա: Ի՞նչ իրավունքով աշխատանքում թերացողի, ուրիշի չարածի համար պետք է տուժի աշխատողըՙ մնալով սոսկ պետական նվազագույն թոշակի հույսին, իսկ մեր ղեկավարները, նրանց ենթակա աշխատողները նման իրավիճակ ստեղծելու, դժգոհությունների տեղիք տալու համար խղճի խայթ չե՞ն զգալու, պատասխանատվության չե՞ն ենթարկվելու:
Հետագայում նման դժգոհություններ չլինելու համար, գտնում եմ, որ այժմվանից պետք է այդ հարցերի կարգավորման համար ավելի խելացի, հիմնավոր լուծումներ գտնել: Այդ հարցի լուծման հնարավոր պայման կարող է լինել այն, որ գործատուն ամեն ամիս կամ 6 ամիսը մեկ կենսաթոշակային ֆոնդին ուղարկած գումարի մասին գործառուին համապատասխան տեղեկանք կամ անդորրագիր տա: Լուծման հնարավոր միջոց կարող է լինել նաեւ այն, որ յուրաքանչյուր տարվա ապահովագրական ստաժի արժողությունն այնքան բարձրանա (ինչ խոսք, դարձյալ շատ խոր, մանրազնին հաշվարկներ կատարելուց հետո), որ կենսաթոշակ ձեւակերպելիս հաշվի առնեն միայն ունեցած աշխատանքային ստաժը, կամ էլ այդ որոշման մեջ այնպիսի համապատասխան, հիմնավոր փոփոխություններ կատարեն, որ գումար չփոխանցված տարիները կամ տարին (առանձին դեպքերում նշելով նաեւՙ ո՞ր դեպքում), հաշվեն աշխատանքային ստաժ:
Այնուամենայնիվ, այդ որոշման մեջ փոփոխություններ կատարելն անհրաժեշտ է:
Հանրապետության կենսաթոշակառուների թվում կան աշխատանքի հերոսներ, հանրապետական կարգի անհատական թոշակառուներ, 10 երեխա ծնած ու դաստիարակած հերոս-մայրեր, 80 տարին լրացած, բայց 55-60 տարվա աշխատանքային գործունեություն ունեցող աշխատանքի վետերաններ, որոնց ծառայությունները հաշվի առնելով հնարավոր կլինի նրանց յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակին ինչ-որ գումար հավելավճար նախատեսել: Կամ վատ չի լինի, որ որոշ կատեգորիայի առանձին աշխատողների տրվի պետպատվերով բուժվելու հնարավորություն: Նման վերաբերմունքն ուշադրությունից բացի ինչ-որ չափով նաեւ սոցիալական վիճակի բարելավմանը նպաստող միջոց կլինի:
Շատ ուրախալի է, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու մասնակիցները 1998 թ. ՀՀ նախագահի հրամանով ամեն ամիս ստանում են պատվո վճար:
Յուրաքանչյուր պետության կայունության ամրապնդման եւ հզորացման համար խիստ անհրաժեշտ է զարգացած գիտություն ունենալը: Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի հպարտանալու իր աշխարհահռչակ ականավոր, վաստակաշատ, հանրաճանաչ գիտնականներով, ակադեմիկոսներով, գիտության դոկտորներով, որոնք տասնյակ տարիներ իրենց ավանդն են ներդրել մեր հանրապետության գիտության զարգացման գործում:
Սակայն այսօրվա պայմաններում նրանց ստացած աշխատավարձը աշխատանքի դիմաց շատ չնչին է: Նկատի ունենալով մինչ այժմ ունեցած վաստակն ու ծառայությունները, նաեւ առաջիկայում սպասվելիք աշխատանքները հայրենի գիտության զարգացման բնագավառում, խիստ անհրաժեշտ է, որ նրանց էլ վերապահվի պատվո վճար ստանալու պատվավոր իրավունքը:
ՎԱՐԴՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Աշխատանքի վետերան