ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 12-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002 թ. հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» հրամանագիրը: Համաձայն հրամանագրի, արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության ու քաղաքաշինության նախարարության:
Նախագահի նույն օրվա հրամանագրերովՙ Բորիս Ալավերդյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար, ազատվելով արտադրական ենթակառուցվածքների զարգացման եւ քաղաքաշինության նախարարի պաշտոնից:
ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար է նշանակվել Արմո Ծատուրյանը, որը մինչ այդ զբաղեցրել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից, հունվարի 12-ին Արկադի Ղուկասյանը ստորագրել է նաեւ հրամանագիր, համաձայն որի Գարիկ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի օգնական: