Այս տարի եւս Սուրբծննդյան եւ Հայտնության տոնը հասու եղավ հավատացյալներին, ովքեր դեռ մինչեւ Անվանակոչության օրըՙ հունվարի 13-ը իրար ողջունեցին «Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց» եւ «Ձեզ եւ մեզ մեծ ավետիս» խոսքերով: Շատերը Ամանորից առավել մեծ շուքով տոնեցին մեր Տեր Աստծու Ծննդյան ու Հայտնության տոնը եւ սակայն ուրախությանը զուգահեռ ունեցան հարցեր, որոնք ուղղեցինք Արարատյան հայրապետական թեմի Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շմավոն քհն. Ղեւոնդյանին:
- Տեր հայր, Սուրբծննդյան սեղանին իրավունք չունենք մսից համադամ խորտիկներ դնելու: Ինչո՞ւ: (Աննա Արիստակեսյան, Երեւան):
- Որովհետեւ Սուրբծննդյան տոնին նախորդում է պահքի յոթնօրյա շրջան, որից դուրս գալուց անմիջապես հետո ըստ ավանդված կարգի պետք է ձկնեղեն օգտագործել: Վերջինս առավել դյուրամարս է եւ անվտանգ առողջության համար: Չէ՞ որ պահքի ժամանակ մարդը զերծ է եղել դժվարամարս մսեղենից, իսկ պահքից անմիջապես հետո ուտիք օրվա կերակուրներին անցնելը կարող է մարսողական դժվարություններ առաջացնել: Այնպես որ, այս ավանդույթը կարող է դիետիկ բնութագրվել:
- Սուրբ Ծննդյան տոնի օրը իմ տանը պատահաբար մահմեդական հյուրեր եղան: Իրավունք ունեի՞ նրանց հյուրասիրել զատկական ուտեստներով: (Ռոզա Համբարձումյան, 44 տ.)
- Քրիստոնյան, մանավանդ հայ քրիստոնյան, իրավունք ունի եւ նույնիսկ պարտավոր է հավուր պատշաճի հյուրընկալել իր դուռը բախած հյուրին ու ճամփորդին, որով պիտի կատարվի Քրիստոսի խոսքը. «Սոված էի, կերակրեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք» (Մատթեոս 25:34-45): Իսկ ուտեստն ինքնին, թեկուզ բրնձով, չամիչով փլավը կամ ձուկը, խոր եկեղեցական խորհուրդ չի արտահայտում: Դրանք ուղղակի խորհրդանշական իմաստ ունեն, մանավանդ հացն ու գինին:
- Տեր հայր, ինչո՞ւ տարվա միայն որոշակի օրերի իրավունք ունենք տնօրհնեքի կարգ կատարելու եւ ո՞րն է այդ կարգի իմաստը: (Վարդուհի Աղասարովա, Աբովյան):
- Այո, տարվա մեջ երկու շրջան կա տնօրհնեքի համարՙ Սուրբ Ծննդյան տոնի հաջորդ օրվանից մինչեւ Զատիկ եւ զատկական տոնի հաջորդ օրվանից մինչեւ Ծննդյան տոն: Այս երկու շրջանում էլ կատարվում է նույն կարգըՙ տարբերությամբ շարականների եւ օրվա խորհրդին համապատասխան ավետարանական ընթերցումների:
Տնօրհնեքի իմաստի մասին: Ըստ մեր հայրերի ավանդած կարգի, տարվա մեջ հինգ տաղավար տոներին հաղորդությամբ հոգին մաքրած հավատացյալը չար ուժերից եւ այլ կասկածելի էներգիաներից կարող է եւ պետք է մաքրի նաեւ իր կացարանը, որպեսզի մաքրված հոգով մուտք գործի նաեւ մաքրված ու օրհնված իր տունը: Տնօրհնեքի շնորհիվ Աստծո բարեխնամ աջն ու Նախախնամությունն է խնդրվում պահպանելու համար այդ տունն ու նրա բնակիչներին:
- Տեր հայր, եկեղեցական ծիսակարգերի կատարման ժամանակ մարդիկ գումար են տալիս հոգեւորականին: Ինչո՞ւ եւ ինչքան գումար պետք է տանք հոգեւորականին:
- Հնուց ի վեր հոգեւորականներն ու եկեղեցին պահվել են ժողովրդի հատկացրած տասանորդի շնորհիվ: Հիմա էլ քահանան աշխատավարձ չի ստանում ոչ մի տեղից, եւ հավատացյալի տված գումարը, որի չափը խիստ կամավոր է, հնարավորություն է քահանայի համար քիչ թեթեւացած տեսնելու իր աշխարհիկ հոգսերը: Հոգեւորականին գումար տալու առավել գեղեցիկ բնորոշում է «խաչհամբույր» անվանումը, որ հնուց ավանդված մի գեղեցիկ մեկնաբանություն է, թե քահանային գումար են տալիս ոչ թե աղոթելու համար (աղոթքն անգին է), այլ նրա ձեռքին եղած խաչը համբուրելու համար, որ իրավամբ մեծ պատիվ է ճշմարիտ հավատացյալ քրիստոնյայի համար:
Ձեր հարցերը հոգեւորականին կարող եք ուղղել Երեւան, Հանրապետության 47 կամ susanik@mail.ru հասցեներով:
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ